Meta Platforms-ը համաձայնել է Տեխաս նահանգին 1,4 միլիարդ դոլար վճարել այն բանի համար, որ ընկերությունն ապօրինաբար կիրառել է դեմքի ճանաչման տեխնոլոգիա և հավաքել Տեխասի բնակիչների կենսաչափական տվյալները՝ առանց նրանց համաձայնության։ Ըստ հաշտության համաձայնագրի՝ գումարը կվճարվի հինգ տարվա ընթացքում։
Կողմերը տեղեկացրել են, որ համաձայնության են եկել մայիսին՝ դատավարության սկսվելուց շաբաթներ առաջ: 2022-ին նահանգային դատարան Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնի ներկայացրած հայցում պնդում է արվում, որ Facebook վերբեռնված լուսանկարներում Meta-ն օգտագործել է դեմքի ճանաչման ծրագիր՝ առանց տեխասցիների համաձայնության:
Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Facebook-ը, երբ 2011-ին ներդրել է Tag Suggestions գործառույթը, որն ավտոմատ կերպով ճանաչում է ընկերների դեմքերը օգտատերի լուսանկարներում, ներբեռնել և պահել է միլիարդավոր կենսաչափական նույնացուցիչներ՝ առանց հաճախորդների համաձայնության:
Ինչպես նշել է դատախազը, Meta-ն գնացել է այդ քայլին՝ թեև տեղյակ է եղել, որ Տեխասի «Կենսաչափական նույնացուցիչների հավաքման կամ օգտագործման մասին» օրենքը (Texas Capture or Use of Biometric Identifiers Act, CUBI) արգելում է ընկերություններին հավաքել տեխասցիների կենսաչափական նույնացուցիչները՝ առանց նրանց նախապես ծանուցելու և նրանց համաձայնությունն ստանալու:
2021-ի վերջին Meta-ն հայտարարեց, որ դադարեցնում է դեմքերի ճանաչման համակարգը Facebook-ում՝ մատնացույց անելով «ընդհանուր առմամբ այս տեխնոլոգիայի օգտագործման հետ կապված աճող մտահոգությունները»:
Դատախազությունը նշել է, որ գումարը, որը պետք է վճարվի կարգավորման շրջանակում, ամենամեծն է, որ երբևէ մեկ նահանգ ստացել է որպես փոխհատուցում։
«Այս պատմական կարգավորումը ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ դիմակայելու աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին և նրանց պատասխանատվության ենթարկելու օրենքը խախտելու և տեխասցիների գաղտնիության իրավունքները խախտելու համար»,- երեքշաբթի հայտարարել է Տեխասի գլխավոր դատախազը:
Իր հերթին, Meta-ի ներկայացուցիչը CNBC-ին ասել է հետևյալը. «Մենք ուրախ ենք լուծել այս հարցը և անհամբեր սպասում ենք Տեխասում մեր բիզնես ներդրումները խորացնելու ապագա հնարավորություններին, ներառյալ տվյալների կենտրոնի հնարավոր զարգացումը»:
month
week
day