Կիբեռհանցագործները վերջերս սկսել են թիրախավորել շինարարության ոլորտի մասնագետներին և ընկերություններին: Նրանք աջակցություն են առաջարկում մասնագիտական գործունեության իրավունքը հաստատելու կամ երկարաձգելու նպատակով պարտադիր սերտիֆիկացում անցնելու, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպություններին միանալու համար, իսկ արդյունքում գողանում են զոհերի գաղտնի տվյալները: Այս սխեման այժմ ակտիվորեն տարածվում է Ռուսաստանում, սակայն, տեսականորեն, կարող է կիրառվել այլ երկրներում ևս։
BI.ZONE-ի թիմը Gazeta.Ru-ին տված հարցազրույցում պատմել է, որ հայտնաբերել է խարդախություններով զբաղվող ավելի քան 3800 ռեսուրս, որոնք ներկայացել են որպես խորհրդատվական ընկերություններ: Այս կայքերն առաջարկում են համապարփակ աջակցություն, ներառյալ խորհրդատվություն, ուսումնական նյութեր, և երաշխավորում են, որ տվյալ ընկերությունները կանցնեն թեստավորումը: Նման «ծառայությունների» գինն սկսվում է 20,000 ռուսական ռուբլուց։
Ծառայությունը ստանալու համար օգտատերերին խնդրում են կայքում լրացնել հայտի ձևանմուշը ՝ նշելով մասնագիտացումը, անունը, հեռախոսահամարը և էլփոստը։ Հայտը լրացնելուց հետո խորհրդատվական ընկերության «աշխատակիցը» կապվում է դիմողի հետ՝ մանրամասները և վճարման եղանակը ճշտելու համար: Սխեման նման է ատեստավորման և հավաստագրման այլ տեսակների սխեմաներին։
Համաձայն ՌԴ շինարարության նախարարության 2022-ի հունիսի 30-ի թիվ 529 հրամանի, ազգային ռեգիստրներում ընդգրկված մասնագետները պետք է անցնեն որակավորման անկախ գնահատում՝ հաստատելով իրենց որակավորման համապատասխանությունը մասնագիտական ստանդարտի դրույթներին։ Այս հավաստագիրը պարտադիր է Շինարարության ոլորտում մասնագետների ազգային ռեգիստրի (НОСТРОЙ) և ՌԴ Նախագծողների և հետազոտողների ազգային ասոցիացիայի (НОПРИЗ) ռեգիստրներում ընդգրկված մասնագետների համար, որոնք դիմում են ինժեներական հետազոտությունների, շինարարական և ճարտարապետական նախագծման ոլորտում մասնագիտական գործունեության համար:
Այնուամենայնիվ, օրենքի համաձայն, ատեստավորումը կարող է իրականացվել միայն որակավորման գնահատման կենտրոններում, որոնք իրավունք ունեն ատեստավորում անցկացնել վերոնշյալ երկու ռեգիստրների ներքո ստեղծված մասնագիտական որակավորման խորհուրդներից:
BI.ZONE Brand Protection-ի ղեկավար Դմիտրի Կիրյուշկինն ընդգծել է, որ խաբեբաները հաճախ օգտագործում են մանիպուլյատիվ մեթոդներ՝ խոստանալով զոհերին տալ այն, ինչ նրանք ցանկանում են։ Խաբեբաների զոհ չդառնալու համար խորհուրդ է տրվում ծայրահեղ զգուշությամբ ստուգել քննությունների և հավաստագրերի անցկացման լիցենզիաներն ու թույլտվությունները:
Փորձագետները նշում են, որ բացահայտված սխեման դեռևս տարածված չէ խարդախների շրջանում։ Գտնված բոլոր տիրույթները ստեղծվել են մեկ հարձակվողի կամ մեկ խմբի կողմից:
ամիս
շաբաթ
օր