CES 2024-ին ցուցադրվել են առաջին բարձրախոսները, որոնք 100-ից ավելի բույր կարող են փոխանցել

13 հունվարի, 2024  11:47

Ճապոնական Aromajoin ընկերությունը CES 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացրել է Aroma Speaker 60 բարձրախոսները, որոնք վերարտադրում են ոչ միայն ձայնը, այլև հարյուրից ավելի տարբեր յուրահատուկ բույրեր։ Արտադրողը նույնիսկ առաջարկել է ծրագրային գործիքների հավաքածու (SDK), որը կօգնի բովանդակություն ստեղծողներին համատեղել տեսանյութը հոտի հետ՝ ընկղմման էֆեկտ ապահովելու համար։

Մետավերս տեխնոլոգիաները կամ, ինչպես Apple-ն է նախընտրում, տարածական հաշվարկներն իրենց ներկայիս տեսքով առաջարկում են աշխատել առավելագույնը երեք զգայարաններով՝ տեսողություն, լսողություն և շոշափելիք: Սակայն սա բավարար չէ ընղմման ամբողջական էֆեկտն ստանալու համար, քանի որ ուղեղը մշակում է բոլոր զգայարաններից ստացված տվյալները, և եթե մեկը կամ մի քանիսը բացակայում են, ապա էֆեկտը կորում է: Aroma Speaker 60-ը փորձ է՝ լրացնելու այդ բացերից մեկը։ Վերարտադրելով և՛ ձայնը, և՛ հոտերը, այն ստիպում է մարդու ուղեղին հավատալ այն ամենին, ինչ տեսնում է:

aroma_2.jpg (260 KB)

Հոտի սինթեզիչները գոյություն ունեն ավելի քան տասը տարի, բայց դրանք դեռ այդքան խորը տպավորություն չեն թողել, գրում է Yanko Design ռեսուրսը։ Aroma Speaker 60-ը թիրախավորում է տարածության որոշակի հատված՝ հոտերը տարածելով մոտ 2 մ հեռավորության վրա, և դա բավական է ուշադրություն գրավելու համար: Հոտերը հստակ են, հզոր և նույնիսկ դինամիկ. երբ տեսարանները փոխվում են էկրանին, մի բույրը անհետանում է և գրեթե անմիջապես փոխարինվում մյուսով:

Արտադրողը չի բացահայտել հոտի սինթեզիչի տեխնիկական ներդրման մեխանիզմները, սակայն հայտնի է, որ այն ունի բուրմունք մոդուլների հավաքածու, որոնք տեղակայված են յուրաքանչյուր բարձրախոսում՝ ընդհանուր 10 մոդուլ երկու սյունակում: Յուրաքանչյուր մոդուլ ներառում է հիմնական հոտերով եթերային յուղերով վեց քարտրիջ, որոնցից առաջանում են մնացած բոլորը: Համակարգը, որն աշխատում է նոութբուքի վրա ծրագրային ապահովման միջոցով, միավորում է այս քարտրիջների նյութերը՝ ստեղծելով պատրաստի բույրեր՝ հաճելի և տհաճ:

aroma_3.jpg (171 KB)

CES-ի ընթացքում ցուցադրվել են նորույթի հնարավորությունները։ Օրինակ՝ աղի կարամելի հոտը գրեթե չափազանց ուժեղ է եղել, սակայն ծաղկային բույրերը միանգամայն տեղին էին թվացել։ Երբ էկրանին հայտնվել է անծայրածիր կանաչ դաշտ, տարածքում տարածվել է պետրիխորի բույրը, որը բնության մեջ հայտնվում է անձրևից հետո։ Այնուհետև էկրանին պատկերվել է քաղաքային միջավայր, և ցուցահանդեսի այցելուներն զգացել են ծխի հոտ:

aroma_4.jpg (185 KB)

Aromajoin-ը դեռ վաճառքի չի հանել Aroma Speaker 60-ը. ցուցահանդեսում ընկերությունը պարզապես ցույց է տվել, որ իր տեխնոլոգիան կիրառելի է, որպեսզի ներգրավի ծրագրավորողներին էկոհամակարգ կառուցելու համար: Ընկերությունն արդեն ունի բաց կոդով հավելված և SDK, որի միջոցով կարելի է ստեղծել բույրերի պրոֆիլներ տեսանյութերի համար։ Միևնույն ժամանակ, վաճառվում է Aroma Shooter Wearable 3 սարքը. այն հարմարեցվում է պարանոցի շուրջ և աշխատում է վիրտուալ իրականության սարքերի հետ, այդ թվում՝ Meta Quest 3-ի հետ համատեղ՝ մետավերեսում ընկղմվելու էֆեկտն ավելի իրական դարձնելու համար:


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
 
 
  • Archive