Աշխարհահռչակ գիտնական, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱ պատվավոր անդամ Յուրի Օգանեսյանը, ում անունով է կոչվում Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը, «պատահաբար» է դարձել ֆիզիկոս։
NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ Երևանում դպրոցն ավարտելուց հետո մտադիր էր ճարտարապետ դառնալ ու գնացել է Մոսկվա՝ բուհ ընդունվելու։ Բայց ուժերը փորձելու նպատակով միաժամանակ քննություններ է հանձնել և՛ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, և՛ Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում։ Եվ երկուսում էլ հաջողել է, սակայն Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտից նրա փաստաթղթերը չեն վերադարձրել. դրանք ներկայացվել էին համապատասխան մարմիններին, քանի որ այս բուհը «կիսագաղտնի էր»։
Դրա համար ափսոսալն անիմաստ է, ասում է Յուրի Օգանեսյանը, որն այս տարի նշում է ծննդյան 90-ամյակը, քանի որ «կյանքը մեկն է, իսկ ինչ կլիներ, եթե ․․․ սա վերացական խոսակցություն է»։ Ավելին, ֆիզիկայի ոլորտում նրա կյանքն ավելի քան հաջողվել է։
Յուրի Օգանեսյանը բավականին հանգիստ է վերաբերվում այն փաստին, որ այդպես էլ չարժանացավ Նոբելյան մրցանակի, թեև բազմիցս առաջադրվել է։
«Այն, որ ես Նոբելյան մրցանակ չեմ ստանում, նշանակում է, որ այն չի տրվում միջուկային ֆիզիկային»,- կարծում է նա։
Ակադեմիկոսը կարծում է, որ «գիտնական» ձևակերպումը ճիշտ չէ, պետք է ասել՝ «գիտաշխատող»։ Իսկ սա ընդամենը մասնագիտություն է, թեև սպեցիֆիկ, և «հանրությունը չպետք է պահանջի, որ գիտնականները բոլորի նման լինեն»։
Դիտեք NEWS.am Tech-ի հարցազրույցը Յուրի Օգանեսյանի հետ, որում նա պատմում է թե կոնկրետ ինչով է նա զբաղվում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (գտնվում է Դուբնայում), նշում է, թե ով է, իր կարծիքով, գիտնականը և ունի արդյոք հատուկ առաքելություն, ինչպես նաև խոսում է Հայաստանում գիտության կազմակերպման հնարավոր փոփոխությունների վերաբերյալ իր վերաբերմունքի մասին։
ամիս
շաբաթ
օր