Apple-ը ներողություն է խնդրել նոր iPad Pro-ի գովազդի համար. ինչո՞ւ է այն այդքան զայրացրել մարդկանց

10 մայիսի, 2024  13:54

Մայիսի 7-ին ներկայացված նոր iPad Air և iPad Pro պլանշետների գովազդային արշավի շրջանակում Apple ընկերությունը թողարկել է iPad Pro-ի մասին գովազդային նոր հոլովակ, որը կոչվում է Crush: Սակայն այն այդքան էլ դուր չի եկել մարդկանց, և քննադատությունների ճնշման տակ Apple-ը ստիպված ներողություն է խնդրել և հրաժարվել հոլովակը հեռուստատեսությամբ ցուցադրելուց:

Ի՞նչ խնդիր կա գովազդում և ինչու է այն զայրացրել մարդկանց

Մեկ րոպե տևողությամբ տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է հսկայական մամլիչը ճզմելով ոչնչացնում երաժշտական ​​ տարբեր գործիքներ, հեռուստացույց, ներկերի տարաներ, խաղալիքներ, արվեստի առարկաներ և այլ իրեր՝ այս ամենը «վերափոխելով» iPad Pro-ի։

Տեսահոլովակի սկզբնական նպատակը կարծես եղել է ամենաբարակ iPad Pro-ի հզոր հնարավորություններն ընդգծելը, սակայն ոմանք այն մեկնաբանեցին որպես տեխնոլոգիական ուժի միջոցով մարդկային ստեղծագործականությունը ճնշելու փոխաբերություն: Շատ օգտատերեր, բլոգերներ, բովանդակություն ստեղծողներ և լրագրողներ սկսեցին քննադատել ընկերությանը արվեստը ոչնչացնելու համար։

Օրինակ՝ Activision Blizzard-ի նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն Լուլու Չենգ Մեսերվեյը X սոցցանցի իր էջում գրել է, որ ռազմավարական տեսանկյունից խելամիտ կլիներ, եթե Apple-ը ստեղծեր գովազդ, որը հաշվի կառներ թիրախային լսարանը և շատերի մտավախությունները առ այն, որ տեխնոլոգիաները կարող են նրանց զրկել աշխատանքից: Նրա կարծիքով՝ ընկերությունը պետք է ցուցադրեր գովազդ, որը կլիներ վառ, հուսադրող և ոգեշնչող, կընդգծեր մարդու ստեղծագործականությունը և ծաղկումը և կկենտրոնանար մարդկանց, այլ ոչ թե հսկա մեքենայի վրա:

«Փոխարենը նրանք ստեղծեցին դիստոպիայի տեսլական: Գործիքների ոչնչացումը դիտելը բնազդորեն տհաճ է, քանի որ այն հիշեցնում է մշակութային հեղափոխության ժամանակ արվեստի ոչնչացումը: Apple-ի մեծագույն գովազդներից մեկը «1984» գովազդն էր, որտեղ գույնը հաղթեց մոխրագույնին, իսկ մարդկային ոգին գրավեց բռնապետական ​​էկրանին։ Այս նոր գովազդը տակնուվրա է անում այդ ամենը և հաղթանակը վերադարձնում այդ էկրանին»,- գրել է նա։

Apple-ի ճապոնացի օգտատերերը նույնպես չափազանց հիասթափված են գովազդից, քանի որ նրանց մշակույթում ընդունված է առանձահատուկ խնամքով վերաբերվել հնացած սարքերին և արվեստին:

Որոշ օգտատերեր նույնիսկ սկսել են խոսել այն մասին, որ այս տեսանյութը պետք է դիտել՝ պտտելով այն հակառակ հերթականությամբ, այնուհետև այն կդառնա շատ ավելի լավը և այլ իմաստ կունենա:

Մեկնաբանելով տեսանյութի հետ կապված իրավիճակը և այն հեռուստատեսությամբ ցուցադրելուց հրաժարվելը, Apple-ի մարկետինգային հաղորդակցության գծով փոխնախագահ Թոր Մյուրենն ասել է.

«Ստեղծագործականությունը Apple-ի ԴՆԹ-ում է, և մեզ համար կարևոր է մշակել արտադրանքներ, որոնք ստեղծագործականություն են ներշնչում ամբողջ աշխարհին: Մեր նպատակն է խրախուսել օգտատերերին, որպեսզի արտահայտեն և կյանքի կոչեն իրենց գաղափարները iPad-ի միջոցով: Սակայն այս տեսանյութով մենք վրիպեցինք և շատ ենք ցավում դրա համար»: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ