Որքա՞ն արագագործ է նոր iPad Pro-ն և ի՞նչ է Apple-ը թաքցրել շնորհանդեսի ժամանակ

9 մայիսի, 2024  15:48

iPad Pro 2024-ը՝ Apple-ի ամենաթարմ պլանշետը, աշխարհում առաջին սարքն է, որն ունի Apple M4 SoC չիպ: Որքա՞ն արագագործ է այս չիպով նոր պլանշետը: Իսկ ի՞նչ տեղեկություն է արտադրողը թաքցրել հնարավոր գնորդներից օրերս կայացած շնորհանդեսի ժամանակ։

Geekbench տվյալների բազայի համաձայն՝ iPad Pro M4-ը կատարողականության միամիջուկ ռեժիմում թեստի ժամանակ ստացել է 3767 միավոր և 14,677 միավոր բազմամիջուկ թեստի ժամանակ։ Համամետության համար նշենք, որ M2 չիպով iPad Pro-ն հավաքում է մոտ 2500 միավոր և մոտ 10,000 միավոր համապատասխանաբար միամիջուկ և բազմամիջուկ թեստերի ժամանակ։ Այսինքն՝ ստացվում է, որ M4 չիպը մոտ 1,5 անգամ ավելի լավ արդյունք ունի, քան M2-ը։

Հիշեցնենք, որ M4 չիպը հիմնված է երկրորդ սերնդի 3 նմ պրոցեսի տեխնոլոգիայի վրա։ Այն համալրված է 10 միջուկանոց պրոցեսորով, իսկ թոփ տարբերակը ներառում է 4 կատարողական և 6 էներգաարդյունավետ միջուկ։ M4-ն ունի նաև ներկառուցված 10 միջուկանի GPU՝ հիմնված M3 շարքի չիպերի հաջորդ սերնդի GPU ճարտարապետության վրա: Այս GPU-ն ապահովում է դինամիկ քեշավորման գործառույթներ, ունի Mesh Shading-ի և ապարատային արագացմամբ  ճառագայթների հետագծման աջակցություն։

Հետաքրքիր է, սակայն, որ 2024-ի ոչ բոլոր iPad Pro-ներն ունեն նույն M4 չիպերը։ Ինչպես պարզվում է, iPad Pro պլանշետներում Apple-ն օգտագործում է տարբեր հզորության M4 չիպեր՝ 256 ԳԲ և 1 ՏԲ: Իսկ պլանշետների շնորհանդեսի ժամանակ այս դետալի մասին չէր նշվել։

1 ՏԲ և 2 ՏԲ հիշողությամբ տարբերակների գնորդները կստանան ոչ միայն կրկնակի օպերատիվ հիշողություն (16 ԳԲ՝ 8 ԳԲ-ի դիմաց), այլ նաև ավելի հզոր M4 չիպ՝ 9 միջուկի փոխարեն 10 միջուկ։ Ճիշտ է, նման հաճույքի համար նրանք ստիպված կլինեն վճարել 600 դոլար ավելի, քան 256 ԳԲ բազային iPad Pro մոդելի համար։

Չիպերի 256 ԳԲ և 512 ԳԲ տարբերակները դեռևս ունեն 10 միջուկային GPU, 120 Գբ/վ հիշողության թողունակություն և ապարատային արագացմամբ ճառագայթների հետագծման աջակցություն:

Ինչպես հայտնում է The Verge-ը, սա առաջին դեպքն է, երբ նույն պլանշետի տարբեր տարբերակներ իրականում ստացել են տարբեր պրոցեսորներ։ Նախկինում, անկախ ընտրված տարբերակներից, բոլոր iPad Pro մոդելները ստանում էին նույն չիպը:

Մյուս կողմից, The Verge-ը կարծում է, որ թեև չիպի երկու տարբեր տարբերակների միջև կատարողականի տարբերությունը կարող է շփոթեցնել գնորդին, ամենօրյա օգտագործման դեպքում մարդիկ դժվար թե չիպերի միջև էական տարբերություններ նկատեն:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ