iPhone-ի վաճառքը Չինաստանում վերջին ամիսներին առաջին անգամ աճել է

9 մայիսի, 2024  12:11

Չինաստանում մարտին iPhone սմարթֆոնների վաճառքն աճել է մոտ 12%-ով։ Վերջին ամիսների ընթացքում սա առաջին անգամ է, որ iPhone-ի վաճառքի աճ է գրանցվում։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Apple-ը և երրորդ կողմի խանութները պաշտոնապես իջեցրին iPhone-ի գները Չինաստանում:

Ինչպես տեղեկացնում է Ixbt.com-ը, այս տվյալները էապես հակասում են 2024-ի առաջին երկու ամիսներին iPhone-ի վաճառքի 37%-ով անկմանը, ինչը ցույց է տալիս, որ չինական շուկայում վաճառքի անկումը զսպելու Apple-ի ռազմավարությունն սկսում է իր պտուղները տալ:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների Չինաստանի ակադեմիայի մարտի զեկույցի համաձայն՝ երկրում արտասահմանյան ապրանքանիշերի սմարթֆոնների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է մինչև 3,75 միլիոն միավոր։ Դրանց ճնշող մեծամասնությունն Apple-ի արտադրանքն է: Այնուամենայնիվ, չնայած մարտին վաճառքի աճին, 2024-ի առաջին եռամսյակում արտասահմանյան ընկերությունների սմարթֆոնների ընդհանուր վաճառքը նվազել է 27%-ով:

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը վերջին ասուլիսի ժամանակ ասել էր, որ Չինաստանում iPhone-ի բիզնեսն աճել է։ Թեև նա այլ մանրամասներ չէր հայտնել, սակայն հայտարարությունը համապատասխանում է վաճառքի աճին:

2023-ից Apple-ը գործադրում է բոլոր ջանքերը Չինաստանում իր բիզնեսը բարելավելու համար։ Մրցակիցների աճի պատճառով, ինչպիսին է Huawei-ը, Apple-ը ճնշումների է ենթարկվում չինական այս կարևոր շուկայում:

Չինական շուկային դեռ բաժին է ընկնում Apple-ի ապրանքների վաճառքի 18%-ը։ Չինաստանը ոչ միայն iPhone-ի հիմնական շուկան է, այլ նաև Apple-ի համաշխարհային արտադրական ցանցի հիմնական մասը, ուստի համաշխարհային ներդրողները ուշադիր հետևում են դրա շուկայական ցուցանիշներին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ