Վատ լուր Apple պլանշետների սիրահարների համար. iPad Air-ը չի ստանա սպասված բարելավումը

25 ապրիլի, 2024  22:14

Նոր iPad Air-ի 13 դյույմանոց էկրանը չի բարելավվի. պլանշետը կհամալրվի դասական LCD մատրիցայով, այլ ոչ թե մինի-LED-ով, ինչպես նախկինում ակնկալվում էր: Նման տեղեկություն, ինչպես հաղորդում է MacRumors-ը, ստացել է Display Supply Chain Consultants-ի գործադիր տնօրեն և վերլուծաբան Ռոս Յանգը։

Սկզբում Յանգը ենթադրում էր, որ 13 դյույմանոց էկրանով iPad Air-ը կարող է ստանալ մինի-LED մատրիցա, որը, հնարավոր է, մնացել է ներկայիս սերնդի 13 դյույմանոց iPad Pro մոդելի արտադրությունից:

Այնուամենայնիվ, Յանգի ստացած նոր տվյալների համաձայն՝ Apple-ը հրաժարվել է այս գաղափարից՝ պանելների բարձր գնի պատճառով. մինի-LED մատրիցաների օգտագործումը կնշանակի բարձրացնել iPad Air-ի արժեքը, ինչը չի համապատասխանի ընկերության գնային քաղաքականությանը:

Այնուամենայնիվ, Յանգը վստահեցնում է, որ Apple-ը 2024-ի չորրորդ եռամսյակում կթողարկի ևս մեկ iPad, որը հավանաբար կունենա մինի-LED էկրան: Այս պլանշետը կարող է լինել կամ iPad Air-ի պրեմիում կամ iPad Pro-ի բյուջետային տարբերակը:

Mini-LED տեխնոլոգիան մի շարք առավելություններ ունի LCD-ի նկատմամբ, օրինակ՝ ավելի բարձր պայծառությունը HDR բովանդակություն նվագարկելիս, խորը սև գույները և ցածր էներգիայի սպառումը:

Հիշեցնենք, որ նոր 13 դյույմանոց iPad Air-ի շնորհանդեսը iPad Pro-ի հետ միասին սպասվում է 2024-ի մայիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին։ Շնորհանդեսը կանցկացվի առցանց և հասանելի կլինի Apple-ի կայքում, ինչպես նաև ընկերության պաշտոնական YouTube-ի ալիքում։


 
 
 
 
  • Արխիվ