Ինչպե՞ս նոր տեխնոլոգիաները կփոխեն ֆինանսների ապագան․ հարցազրույց Apricot Capital-ի տնօրենի հետ (տեսանյութ)

23 ապրիլի, 2024  15:56

Արհեստական ​բանականության (ԱԲ) և բլոկչեյն տեխնոլոգիաների արագ զարգացումը նոր հնարավորություններ է բացում ֆինանսական և ներդրումային ոլորտների համար։ Ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Apricot Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը, այս տեխնոլոգիաները զգալիորեն արագացնում են շատ գործընթացներ. եթե ​​նախկինում դրանք ժամեր էին տևում կամ նույնիսկ օրեր, ապա այժմ կարող են ավարտվել վայրկյանների ընթացքում: Բացի դրանից՝ ժամանակակից տեխնոլոգիաներն առաջարկում են նոր հնարավորություններ և ապրանքներ, որոնք նախկինում բավականին դժվար էր նույնիսկ պատկերացնել:

Արագություն

Մասնագետի խոսքով՝ նախկինում ֆինանսների և ներդրումների հետ կապված բազմաթիվ գործարքների համար մարդիկ պետք է գնային բանկ կամ ներդրումային ընկերություն, փաստաթղթեր լրացնեին, թղթային հաշվետվություններ ստանային։ Այժմ այս ամենը կատարվում է էլեկտրոնային եղանակով` արագ, ընդամենը մի քանի քայլով, առանց որևէ տեղ գնալու և դրա վրա շատ ժամանակ ծախսելու անհրաժեշտության:

«Կարծում եմ, որ նոր տեխնոլոգիաները շատ գործընթացներ են պարզեցնում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում ցանկացած գործարք կատարելու համար, օրինակ՝ Apple-ի բաժնետոմսերը գնելու համար, այլևս պետք չէ մեկնել ԱՄՆ և դրա վրա գումար ու ժամանակ ծախսել»,- նշեց Գևորգյանը։

ԱԲ-ի զարգացման շնորհիվ, նրա խոսքով, զգալիորեն արագացել են նաև տվյալների վերլուծության հետ կապված գործընթացները։ Մարդիկ ստիպված կլինեին անհավանական շատ ժամանակ ծախսել օգտատերերի և նրանց գործարքների վերաբերյալ տվյալների վերլուծության վրա: Սակայն ԱԲ-ն կարող է դա անել շատ արագ, և, հիմնվելով կազմված վերլուծությունների վրա, օգնել՝ հասկանալու, թե որ օգտատերերին ինչ ապրանքներ պետք է առաջարկել և երբ ավելի նպատակահարմար կլինի դրանք առաջարկել, ինչպես բարելավել և արագացնել որոշ գործարքներ և այլն:

Բացի դրանից՝ ըստ Գևորգյանի՝ երիտասարդ սերունդն այսօր գնալով ավելի շատ է կիրառում ԱԲ-ն տարբեր ոլորտներում, նույնիսկ գնումներ կատարելիս։ Եվ այս միտումը, հավանաբար, կշարունակի զարգանալ. ավելի ու ավելի շատ մարդիկ գնումներ կանեն վիրտուալ օգնականների միջոցով, որոնք, վերլուծելով բոլոր առկա առաջարկները և հաշվի առնելով օգտատիրոջ տարիքի, վարքի, նախասիրությունների տվյալները, կկարողանան նրանց համար ընտրել ապրանքներ, որոնք լավագույնս են համապատասխանում նրանց կարիքներին:

Ապակենտրոնացված տեխնոլոգիաներ

Ապակենտրոնացված տեխնոլոգիաների և, մասնավորապես, բլոկչեյնի զարգացումը, ըստ Գևորգյանի, նոր հնարավորություններ է բացում նաև ֆինանսական աշխարհում։

Եթե ​​գործարքն իրականացվում է բանկի միջոցով, այսինքն՝ «ավանդական» եղանակով, ապա տվյալ բանկը հանդես է գալիս որպես մեկ պրոցեսինգային կենտրոն, որը միջոցներ է փոխանցում մի օգտատիրոջից մյուսին և ստանում ու պահպանում է այս և այլ գործարքների մասին ողջ տեղեկությունը: Բլոկչեյնում ապակենտրոնացումը ներառում է վերահսկողության փոխանցումը և որոշումների կայացումը կենտրոնացված սուբյեկտից (բանկ կամ, օրինակ՝ կենտրոնական բանկ) բաշխված ցանցին: Նման գործարքը, ըստ Գևորգյանի, օպերատորի կողմից չի կարող կասեցվել առանց ծանրակշիռ պատճառների, դրա մասին տվյալները պարզապես չեն կարող ջնջվել համակարգից, որևէ տեղեկություն չի կարող հետին ամսաթվով ավելացվել, և այս ամենը նման գործարքներն ավելի թափանցիկ և գրավիչ է դարձնում մարդկանց համար։

«Ի տարբերություն դասական ֆինանսների, ապակենտրոնացված մոդելն ավելի օբյեկտիվ է, ավելի անաչառ, որտեղ տվյալներն ավելի լավ են ստուգվում, և որտեղ տեղեկությունը չի կարելի կեղծել, փոխել և այլն»,- նշեց մասնագետը։

Ավելին, բլոկչեյն տեխնոլոգիաները մեծապես պարզեցնում են երկրների միջև դրամական փոխանցումները։ Եթե ​​ավանդական փոխանցման դեպքում գործարքին կներգրավվեն մի քանի բանկեր, և դա բավականին շատ ժամանակ կպահանջի, ապա բլոկչեյնի կրիպտոհարթակներում նման գործարքը տեղի է ունենում հաշված վայրկյանների ընթացքում և առանց միջնորդների ներգրավման, ինչպիսիք են բանկերը:

Բայց արդյոք այս ամենը նշանակո՞ւմ է, որ մի օր ապագայում ավանդական արժույթները պարզապես կդադարեն գոյություն ունենալուց, և ամբողջ աշխարհը կանցնի կրիպտոարժույթների: Վաչիկ Գևորգյանը թերահավատորեն է վերաբերվում այս հեռանկարին։ Նրա խոսքով՝ ազգային արժույթի թողարկումը երկրների կառավարությունների և կենտրոնական բանկերի մենաշնորհն է, և նրանց համար դա կարևոր լծակ է պետությունների գոյության հիմքերն ապահովելու համար, որից նրանք դժվար թե երբևէ հրաժարվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։


 
 
 
 
  • Արխիվ