Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի (ETH) գիտնականները մշակել են սենսոր, որը չունի մարտկոց և արձագանքում է ձայնային ալիքներին և աշխատում է դրանցից ստացված լեկտրաէներգիայի հաշվին: Հետազոտությունը հրապարակվել է Advanced Functional Materials գիտական ամսագրում:
«Սենսորը գործում է զուտ մեխանիկորեն և չի պահանջում արտաքին էներգիայի աղբյուր: Այն պարզապես օգտագործում է ձայնային ալիքներում պարունակվող թրթռման էներգիան»,- բացատրել է գյուտի համահեղինակներից Յոհան Ռոբերթսոնը։
Սարքը բաղկացած է սիլիցիումի վրա հիմնված մետանյութից։ Դրա յուրահատկությունները պայմանավորված են հատուկ կառուցվածքով: Օգտագործելով համակարգչային սիմուլյացիաներ և ալգորիթմներ՝ հետազոտողները ստեղծել են միանման ռեզոնատոր թիթեղների զանգված, որոնք միացված են փոքրիկ ձողերով: Դրանք գործում են զսպանակի պես՝ սեղմվելով որոշակի ուժի ձայնային ալիքների ազդեցության տակ։ Սենսորի թրթռումներն առաջացնում են էլեկտրական փոքր իմպուլսներ, որոնք ակտիվացնում են դրա էլեկտրոնային բաղադրիչները:
Հետազոտողները կարծում են, որ մարտկոց չունեցող այս մշակումը բազմաթիվ հնարավոր կիրառումներ կարող է ունենալ: Այն կարող է օգտագործվել երկրաշարժերի և շենքերի վերահսկման համար՝ գրանցելով, օրինակ, շենքի հիմքի ճեղքերից եկող հատուկ ձայնը: Կամ այն կարող է գրանցել ձայնը, որն առաջանում է գազի արտահոսքի հետևանքով և ահազանգել այդ մասին: Սարքը կարող է օգտագործվել նաև բժշկության մեջ, մասնավորապես դրանք կարող են տեղադրվել լսողական իմպլանտներում, կիրառվել աչքի ճնշումը շարունակաբար չափելու համար։
Գիտնականները մտադիր են մինչև 2027-ը թողարկել սենսորի պինդ վիճակի նախատիպը: Նոր տարբերակները պետք է կարողանան տարբերակել մինչև 12 տարբեր բառեր, ներառյալ ստանդարտ հրամաններ, ինչպիսիք են «on», «off», «up» և «down»: Սարքն այժմ մարդու ափի չափ է, սակայն ինժեներները նախատեսում են նոր տարբերակները կլինեն եղունգի չափ կամ ավելի փոքր:
ամիս
շաբաթ
օր