ԱՄՆ-ում աշխատանքի արտադրողականությունն աճում է վերջին տասնամյակների ամենաարագ տեմպերով, սակայն դեռ դժվար է որոշել, թե դրանում ինչ դեր է խաղացել արհեստական բանականությունը։ Բարելավումների զգալի մասը կարող է կապված լինել սարքավորումներում ներդրումների ավելացման, ռեսուրսների ավելի ինտենսիվ օգտագործման և համավարակից հետո սկսված բիզնեսի զարգացման հետ։
Սա կարևոր հարց է այն ընկերությունների համար, որոնք հարյուրավոր միլիարդավոր դոլարներ են ներդնում ԱԲ-ում՝ ակնկալելով տնտեսության արդյունավետության լայնածավալ աճ։ Առայժմ բավարար չեն համոզիչ ապացույցներն այն բանի, որ այդ ներդրումներն արդեն լայն արդյունքներ են տվել տեխնոլոգիական ոլորտից դուրս, հայտնում է Axios-ը։
Արտադրողականության աճը պարտադիր չէ, որ կապված լինի ԱԲ-ի հետ
Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկի գնահատմամբ՝ 2023 թվականի սկզբից ներդրումների ավելացումն ու աշխատուժի և սարքավորումների ավելի ինտենսիվ օգտագործումն ապահովել են արտադրողականության տարեկան աճի 1,3 տոկոսային կետը։ Սա գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ երկու տասնամյակների ընթացքում դրանց ներդրումը։
Եթե բացառենք լրացուցիչ ներդրումների և ռեսուրսների ավելի ինտենսիվ օգտագործման ազդեցությունը, արտադրողականությունն աճել է տարեկան միջինը 0,7%-ով։ Համեմատության համար՝ 2005–2022 թվականներին այս ցուցանիշը կազմել է 0,5%։
Ներդրումների մի մասն իսկապես կարող է կապված լինել ԱԲ-ի հետ, օրինակ՝ այն ծրագրերի, որոնք աշխատակիցներին թույլ են տալիս ավելի շատ առաջադրանքներ կատարել ավելի կարճ ժամանակում։ Սակայն հեշտ չէ նման տեխնոլոգիաների ազդեցությունը տարանջատել ընկերությունների աշխատանքում տեղի ունեցող այլ փոփոխություններից։
Դաշնային պահուստային համակարգի հրապարակած Beige Book զեկույցում Սան Ֆրանցիսկոյի շրջանի ձեռնարկություններն արտադրողականության բարձրացումը մոտավորապես հավասար չափով կապել են ԱԲ-ի և ավանդական բարելավումների, այդ թվում՝ աշխատակիցների վերապատրաստման ու աշխատանքային գործընթացների օպտիմալացման հետ։
Ընկերությունները դեռ չեն կարող ճշգրիտ չափել ԱԲ-ի ներդրումը
Նույնիսկ այն կազմակերպությունները, որոնք ակտիվորեն ներդնում են նոր տեխնոլոգիաներ, ընդունում են, որ դժվար է դրանց ազդեցությունը տարանջատել այլ փոփոխությունների արդյունքներից։
Կադրերի հավաքագրման Robert Half ընկերության ղեկավար Քիթ Ուոդելը ներդրողներին հայտնել է, որ առանձին աշխատակցի արտադրողականության աճի և ամբողջ կազմակերպության արդյունավետության բարձրացման միջև զգալի տարբերություն կա։ Միաժամանակ նա նշել է, որ ընկերությունն արդեն որոշակի օգուտներ է ստանում ԱԲ-ի օգտագործումից։
S&P Global-ը նախատեսում է տարեկան մոտ 2%-ով բարձրացնել արտադրողականությունը, սակայն նույնպես չի կարող ճշգրիտ որոշել, թե այդ արդյունքի որ մասն է բաժին ընկնում արհեստական բանականությանը։
«Դրա մի մասն ուղղակիորեն կապված է ԱԲ-ի հետ, մյուս մասը՝ ոչ։ Սակայն մեծ մասը տարբեր փոփոխությունների համակցման խառը ազդեցության արդյունք է», — բացատրել է ընկերության ֆինանսական տնօրեն Էրիկ Աբոաֆը՝ եռամսյակի արդյունքներին նվիրված հեռախոսային համաժողովի ընթացքում։
Այլ կերպ ասած՝ նույնիսկ եթե աշխատակիցն ԱԲ-ի շնորհիվ առանձին առաջադրանքներն ավելի արագ է կատարում, դա պարտադիր չէ, որ հանգեցնի ամբողջ ընկերության շահույթի կամ հասույթի համադրելի աճի։
Տեխնոլոգիական ընկերություններում ազդեցությունն ավելի նկատելի է
Առայժմ ավելի ակնհայտ արդյունքներ են նկատվում հենց ԱԲ մշակողների մոտ։ Ըստ բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկին՝ IPO-ին նախապատրաստվելու շրջանակում Anthropic-ի ներկայացրած փաստաթղթերի՝ անցած ամիս Claude մոդելը գրել է ընկերության կոդային բազայում ավելացված կոդի ավելի քան 90%-ը։
Մեկ ինժեներին բաժին ընկնող կոդի միջին օրական ծավալն ավելի քան 45 անգամ գերազանցել է 2024 թվականի մակարդակը։
Սակայն նման ցուցանիշները չի կարելի ինքնաբերաբար տարածել այլ ոլորտների վրա։ Ծրագրային ապահովման մշակումը այն ոլորտներից է, որտեղ գեներատիվ ԱԲ-ի հնարավորությունները հատկապես մեծ են, իսկ ստեղծված կոդի ծավալի աճն ինքնին դեռ չի նշանակում արտադրանքի որակի կամ տնտեսական հատույցի համամասնորեն բարձրացում։
Գլխավոր փորձությունը տեխնոլոգիական ոլորտից դուրս է
Առայժմ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ֆինանսական ցուցանիշներն ավելի համոզիչ են թվում, քան ամերիկյան ֆոնդային շուկայի մնացած հատվածինը։
Apollo-ի գլխավոր տնտեսագետ Տորստեն Սլոկի տվյալներով՝ մեկ աշխատակցին բաժին ընկնող հասույթն ու շահութաբերությունն աճել են խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների այսպես կոչված «Հրաշալի յոթնյակի» մոտ, սակայն ընդհանուր առմամբ գրեթե անփոփոխ են մնացել S&P 500 ինդեքսի մյուս 493 ընկերությունների մոտ։
Սլոկը կարծում է, որ ի վերջո հենց այդ 493 ընկերությունների, այլ ոչ թե խոշորագույն տեխնոլոգիական հսկաների արդյունքներն են որոշելու, թե որքան հաջող կլինեն ԱԲ-ում ներդրումները։
Եթե տեխնոլոգիան իսկապես կարող է բարձրացնել ամբողջ տնտեսության արտադրողականությունը, դրա ազդեցությունը ժամանակի ընթացքում պետք է դրսևորվի ամենատարբեր ոլորտների ընկերությունների ֆինանսական արդյունքներում։ Առայժմ, սակայն, ամերիկյան տնտեսության աճի արագացումը չի կարելի վստահորեն համարել ապացույց, որ արհեստական բանականության մեջ կատարված լայնածավալ ներդրումներն արդեն արդարացնում են իրենց։






