Ակադեմիական ինստիտուտների և բուհական համակարգի բարեփոխման այս կամ այն սցենարի վերաբերյալ առայժմ միայն խոսակցություններ են ընթանում, խորքային, մասնակցային քննարկումներ չկան։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ կառավարությունը մտադիր է գիտության կազմակերպման ակադեմիական մոդելից անցնել համալսարանականի, իսկ գիտական ինստիտուտները միացնել բուհերին։ ԳԱԱ-ում համարում են, որ պատմականորեն ձևավորված մոդելը պետք չէ քանդել և պետք է գնալ ակադեմիական համակարգի բարեփոխման ճանապարհով։

Վերջերս Ակադեմիայում հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պնդեց, որ կառավարությունն առայժմ չունի կայացրած որոշում այս հարցի վերաբերյալ, բայց, այդուամենայնիվ, Արսեն Գասպարյանի կարծիքով, այդ հանդիպումից հետո նույն հարցերը մնացին, անորոշությունը պահպանվեց։

Չկրկնել Վրաստանի սխալը

«Խոսակցությունների մակարդակից մենք պետք է անցնենք հանրային քննարկումների դաշտ։ Նայենք գիտական տեսանկյունից։ Հետազոտական թեզը ապացուցելու համար պետք է փորձ դնել, կամ դիտարկել կատարված փորձերը։ Եթե մենք ասում ենք, որ ճիշտը ակադեմիական համակարգն է, կամ ճիշտը բուհականն է, ապա դրա տակ պետք է հաշվարկենք ներդրումները, մարդկային ռեսուրսները, միջազգային փորձը։ Ես այսքան ժամանակ դեռ նմանատիպ փաստաթուղթ, հիմնավորում չեմ տեսել»,- ասաց նա՝ հիշեցնելով Վրաստանի վատ փորձը, որտեղ ակադեմիական մոդելից կտրուկ անցում կատարվեց համալսարանականի։ Ուստի, ըստ ինստիտուտի տնօրենի, նույն սխալը պետք չէ կրկնել։

«Եթե ես լինեի կառավարիչ, առաջին հերթին մի հետազոտություն կպատվիրեի՝ միջազգային, անկախ։ Փոփոխության տարբեր սցենարներ կառաջարկեի ու կասեի՝ մի հատ հետազոտեք մեր ենթակառուցվածքների, մարդկային գործոնի, ֆինանսների տեսանկյունից. ո՞րն է մեզ համար ճիշտ։ Ես դա կանեի որպես առաջին քայլ, որը հիմք կդառնար քննարկման ու որոշում կայացնելու համար»,- ասաց Արսեն Գասպարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ համակարգ քանդի։ Եվ խոսքը ոչ թե Ակադեմիայի կամ բուհերի, այլ պետական շահի մասին է։ «Թող ինձ բերեն թվերով, ներդրումներով, ժամանակացույցով հիմնավորեն, որ սա է ճիշտ»,- հավելեց նա։

Ակադեմիան ինքը պետք է ներսից փոխվի

Ինստիտուտի տնօրենը կարծում է, որ պետք է լինեն բաց քննարկումներ, համադրվեն տարբեր կարծիքներ, քանի որ սա մի մեծ համակարգի ձևափոխման հարց է։ Դրա հետ մեկտեղ նա համարում է, որ անկախ նրանից, թե գործընթացը որ ուղղությամբ կգնա, Ակադեմիան ինքը պետք է խիզախություն ունենա և ներսից փոխվի։ Պետք է հասկանալ, թե որքանով են հանրության կողմից գիտության կառույցների, ակադեմիայի վերաբերյալ թիրախավորումները օբյեկտիվ և ինչպես դա շտկել։

«Մենք ինքներս եթե այդ խիզախությունն ունենանք, այդ քայլերը անենք, ընդ որում կտրուկ, Ակադեմիային թիրախավորելը շատ ավելի բարդ կլինի։ Մենք պետք է մեզ ուժեղացնենք, որպեսզի մեր դիրքերը «այո» ու «ոչ»քննարկումների ընթացքում ավելի ամուր լինեն։

Մենք պետք է ցույց տանք, որ Ակադեմիայի առկայությունը համակարգում կարևոր է։ Որ, օրինակ, արհեստականորեն կցելով ինստիտուտները բուհերին, խնդիրները չենք լուծի։ Նույնիսկ եթե որոշում ենք այդ ճանապարհով գնալ, ապա դա 5-10 տարի պիտի տևի։ Պետք է լինի ճանապարհային քարտեզ, շատ կոնկրետ մշակված, իր կոնկրետ գործողություններով, ժամանակացույցով, որովհետև քանդելը շատ ավելի հեշտ է, քան սարքելը, սա աքսիոմ է», – ասաց նա։

Արսեն Գասպարյանը նշեց, որ հիմա ևս ոչինչ չի խանգարում Բուսաբանության ինստիտուտի և բուհերի համագործակցությանը։ Դրա համար պետք է ինստիտուտին մագիստրոսական տեղեր հատկացվեն, ինչպես նաև մեխանիզմներ մշակվեն, որպեսզի ԳՀԻ աշխատակիցներն ավելի ակտիվ ներգրավվեն դասավանդման պրոցեսում՝ այդ ժամանակ բուհերի վարկանիշը միանգամից կբարձրանա։ «Մենք պետք է համակարգային փոփոխություն անենք, որպեսզի ակադեմիական գիտելիքը ակտիվ կերպով մտնի բուհ։ Եկեք հասցնենք ինտեգրացիոն գործընթացներն այն մակարդակի, որ ինստիտուտները, բուհերը, Ակադեմիան, բոլորը ուզենան այդ ինտեգրացիոն գործընթացը, որպեսզի դա լինի հասկանալի, գնահատելի, չափելի, ընդունելի մի տարբերակ»,- նշեց նա։

Բուսաբանության ինստիտուտի գործունեության մասին

Խոսելով Բուսաբանության ինստիտուտի գործունեության մասին՝ տնօրենը նշեց, որ այն երկու մասի կարելի է բաժանել։ «Մենք հանդես ենք գալիս ոչ միայն որպես գիտական կառույց, այլև ունենք երեք բուսաբանական այգի՝ Երևանում, Վանաձորում և Սևանում։ Ունենք հանրային, կրթական, անգամ զվարճանքի ֆունկցիաներ կատարելու պարտականություն, որն ուղղակիորեն գիտությանը չի առնչվում, բայց գիտության հանրայնացման համար շատ կարևոր է»,- ասաց նա։

Գիտության մասով միջազգային գրախոսվող ամսագրերում ինստիտուտի աշխատակիցների տպագրությունների քանակը մեկ տարվա ընթացքում եռապատկվել է։ Այս պահին ինստիտուտն ունի ութ դրամաշնորհ, այդ թվում՝ թեմատիկ, հեռավար լաբորատորիաների, առաջատար հետազոտությունների, ինչպես նաև՝ սարքավորումների ձեռքբերման, որի միջոցով այս տարվա ընթացքում մոտ 58 մլն դրամի սարքավորում է ձեռք բերվելու։

«Բացի դրանից փորձում ենք բարձրացնել ինստիտուտի դերը որպես խորհրդատվական մարմին, որպեսզի տարիների ընթացքում կուտակված գիտելիքը օգտագործվի այլ ծրագրերում, օրինակ՝ բնապահպանական։ Տենդերով իրականացնում ենք «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը։ Դա ինստիտուտին բերում է եկամուտ, և երիտասարդների համար ավելի հետաքրքիր է դարձնում գիտությունը»,- տեղեկացրեց տնօրենը։

Բուսաբանական այգու հետ կապված ծրագրերը

Երևանի Բուսաբանական այգու հետ կապված ևս շատ ծրագրեր են իրականացվում, բայց այստեղ կարևոր է իմանալ, որ այգու պահպանման համար ինստիտուտը առանձին գումարներ չի ստանում։ Միջոցներն ստացվում են բացառապես տոմսերի ու տնկիների վաճառքից և հովանավորների ներդրումներից։ Այսպես՝ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ ցուցանակներ են տեղադրվել, բարեկարգման աշխատանքներ են կատարվել։ Կառավարության ծրագրով այս տարի նախատեսվում է բարեկարգել մոտ 35 հա տարածք Կյանքի պուրակի ստեղծման համար։ Այգու հիմնական խնդիրներից մեկը ոռոգման ցանցն է, և կառավարությունը դեռ նախորդ տարի գումար է հատկացրել, որ ջրի նոր խողովակ հասցնեն մինչև Բուսաբանական այգի։

«Այգին մեծ գումար է պահանջում, ու եթե մենք որպես պետություն որոշում ենք, որ մեզ պետք է այգի, ապա պետք է ներդրումներ անենք։ Այն ոչ միայն գիտական, այլև սիմվոլիկ նշանակություն ունի, ատրիբուտ է, որ պետք է լինի, ոնց որ և կենդանաբանական այգին։ Մենք բույսերի մատենադարան ենք, և մեր դերն է հանրությանը ներկայացնել բույսերը։ Ու թվային լավ ցուցիչ է՝ այցելուների քանակը 20%-ով ավելացել է անցյալ տարի, անցնելով 90 000-ը»,- ասաց նա, հավելելով, որ այգում, ինստիտուտի մասնաշենքերից մեկում ծրագրվում է ստեղծել գիտության և միջավայրի ինտերակտիվ կենտրոն երեխաների համար։

«Մեր երազանքն է, տեսլականն է, որպեսզի այգի այցելող երեխաների ուղեղում, ինչպես գործարանում, մի բան փոխենք, որ ոչ թե մի անգամ, այլ միշտ գան, սիրեն բնությունը, որովհետև բնություն սիրող մարդը չի վնասում, ու վաղը նրան ավելի հեշտ է նաև մեր ոլորտի գիտնական դարձնել։ Հույս ունենք, որ այն հազարավոր երեխաների համար կդառնա սիրված վայր»,- ասաց նա։