Նոյեմբերի 10-ը հռչակել պետական տոն։ Այսպիսի կոչով, այսօր, նոյեմբերի 10-ին, ՀՀ ԳԱԱ ամբիոնից դիմեց կառավարությանը ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։ «Հաշվի առնելով, որ նոյեմբերի 10-ը նաև մեր Ակադեմիայի հիմնադրման օրն է, անհրաժեշտ է, որ այն վերածվի պետական տոնի և այդ օրը բոլոր պետական կառույցները՝ Ազգային ժողով, քաղաքապետարաններ և այլն իրականացնեն համապատասխան միջոցառումներ», -ասաց գիտնականը։
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր նշում էին երկու տոն․ Ակադեմիայի հինադրումը (1943թ․) և Հանուն զարգացման և խաղաղության Գիտության միջազգային օրը։
Արթուր Իշխանյանը հիշեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված տոնի այս տարվա կարգախոսը․ «Վստահություն, վերափոխում և ապագա. գիտություն, որ անհրաժեշտ է մեզ 2050 թվականին»:
«2050 թիվն այստեղ որոշիչ ուղենիշ է, այսինքն խոսք է գնում ապագա քառորդ դարի մեր անելիքների և տեղի ունենալիքի մասին, մեզ անհրաժեշտ է խորհել գլոբալ մասշտաբով, թե ի՞նչ է մեզ սպասվում, ի՞նչ պետք է անենք», - ասաց նա։
Ակադեմիկոս-քարտուղարը նկատեց, որ այսօր կա պատմության արագացման օրենք՝ մարդկության կյանքի շրջափուլերի տևողությունն անընդհատ կրճատվում է։ Վաղնջական ժամանակներում այդ դարաշրջանների տևողությունը 100 հազար տարի էր, հետո 10 000 տարի, ապա՝ 1000։ Վերածննդից հետո մենք գործ ունենք 100-ամյա շրջափուլերի հետ, իսկ այսօր արդեն խոսքը մի քանի տասնյակ տարիների մասին է։
«Եվ ահա 2050 թվականին մարդկությունը մոտենում է իր սինգուլյարության կետին։ Ինչու՞սինգուլյարություն, ինչու՞ եզակիություն։ Որովհետև դրանից ավել այլևս պատմական դարաշրջանը կրճատվել չի կարող։ Պատմական դարաշրջանը հասել է 20-30 տարվա շեմին, ինչը հավասարվում է մարդու զարգացման կենսաբանական ժամանակին։ Այդ սինգուլյարության վերաբերյալ խոսել են շատ գիտնականներ, մասնավորապես Ստիվեն Հոքինգը և այլն։ Սինգուլյարությունը նշանակում է, որ տեղի է ունենալու ինչ-որ բացարձակ նոր բան, անկանխատեսելի, անսպասելի, մեզ պետք է փորձել խորհել դրա շուրջ», - ասաց նա։
Գիտնականը նշեց մի կարևոր հանգամանք ևս․ անցյալում բոլոր շրջափուլերը սահմանափակված էին մարդկային հանրության ներքին խնդիրներով։ Այսօր իրավիճակը միանգամայն այլ է․ զարգացումը վտանգում է մոլորակի գոյությունն ընդհանրապես։ Առաջ են եկել այնպիսի վտանգներ, ինչպիսիք են միջուկայինը, էկոլոգիականը, կլիմայի փոփոխությունը և այլ։ Գենային ինժեներիայի, արհեստական բանականության շնորհիվ առաջացել են և նոր հնարավորություններ։ Բայց միաժամանակ, ըստ Արթուր Իշխանյանի, այս նույն հնարավորությունները նոր ռիսկեր են պարունակում, որոնց մասին խոսում են բազմաթիվ գիտնականներ։
«Կարող է տեղի ունենալ մարդ տեսակի դիխոտոմիա, երկճյուղում, երբ գենային ինժեներայի կիրառմամբ «վատ տղաները» մարդկանց մի զգալի մասը կվերածեն «մարդ-խոնարհի», որը չունենա ոչ մի բանի կարիք։ Միաժամանակ ինտեգրելով արհեստական բանականությունը, գենային ինժեներան կստեղծվի «գեր-մարդու» փոքրաթիվ տեսակ։ Եվ այդտեղ մի շատ կարևոր բան կա․ այն, որ մենք կամաց-կամաց հանձնում ենք մեր գործառույթները արհեստական բանականությանը, և այդ արհեստական բանականությունը կարող է մի օր՝ տեսականորեն, սկսել գործել ինքնուրույն և որոշել, որ մարդն այլևս ավելորդ է այս մոլորակի վրա։ Այս բանը ուղիղ այս բառերով ֆիքսված է Ստիվեն Հոքինգի, Իլոն Մասկի և 150 այլ առաջատար գիտնականների, որոնց թվում են անցած տարվա նոբելյան մրցանակակիրները, 2016 թվականին հրապարակված բաց նամակում, որում զգուշացնում էին մարդկությանը նմանատիպ հնարավոր վտանգի վերաբերյալ։ Միաժամանակ նրանք նշում էին, որ տեխնոլոգիաների այս սրընթաց զարգացումը անհրաժեշտ է վերահսկել մարդկային բարոյականությամբ, գիտակցությամբ և ահա այդ պատճառով խստագույնս կարևորվում է հումանիտար ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, ներգրավման անհրաժեշտությունը», - ասաց նա, հավելելով, որ պետք է հասկանալ գիտության երկակի դերը ժամանակակից դարաշրջանում՝ գիտությունն է հանդիսանում և՛ խնդրի աղբյուրը և՛ դրա լուծման հնարավոր բանալին։ «Այո, նոր վտանգները ծնվել են գիտությունից, բայց հե՛նց գիտությունն է, որ ի վիճակի է դրանք հաղթահարելու», - ասաց նա։
Ըստ Արթուր Իշխանյանի, առաջին անգամ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես Գիտության օրվա խորագիր ընտրել է ոչ թե ինչ-որ լոկալ, մեկ բնագավառին վերաբերող խնդիր, այլ գլոբալ, համընդհանուր։ «Դա խոսում է այն մասին, որ գիտությունն այլևս պետք է հանդես գա որպես համամարդկային պատասխանատվություն կրող երևույթ», - ասաց նա։
Նա նշեց, որ Հայաստանի գիտնականները ևս ինտեգրված են համաշխարհային գիտական պրոցեսներում, և պետք է իրենց լուման ներդնեն այս խնդիրների լուծմանը։ «Միաժամանակ չմոռանանք որ գոյություն ունի Հայաստանին հատուկ համատեքստ։ Բանն այն է, որ առաջիկա 25 տարին նաև բնութագրվելու է գլոբալ աշխարհակարգի փոփոխությամբ։ Աշխարհակարգի փոփոխություն, որ այսօր արդեն իսկ տեղի է ունենում, պատերազմներով, ցավով, արյամբ և այն շարունակվելու է դեռևս երկար տարիներ։ Եվ մենք պետք է հիշենք, որ անցյալ շրջափուլային փոփոխության շրջաններից մեկում, նախորդ դարի սկզբին, մենք ունեցանք ծանրագույն փորձ՝ Հայոց ցեղասպանությունը. մենք պատրաստ չէինք դիմակայելու նրան, ինչ տեղի ունեցավ, այսօր մենք պետք է փորձենք լինել պատրաստ։
Այսինքն, մենք տեղային առանձնահատկություն ունենք, տեղային առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք ունենք ագրեսիվ շրջապատ, մենք ունենք ռեսուրսների ասիմետրիա մեր շրջապատի հետ, հետևաբար մեզ անհրաժեշտ է ապավինել գիտությանը։ Ի՞նչ է նշանակում ապավինել գիտությանը, այսինքն մի ուժի, որ ավելի զորեղ է, քան նյութական ուժը, քան թվերը», - ասաց նա, հավելելով, որ հանդես է գալիս երեք կոչով։
Առաջին կոչն ուղղված է կառավարությանը և վերաբերում է նոյեմբերի 10-ը պետական տոն հռչակելուն, քանի որ նոր դարաշրջանը գիտության դարաշրջանն է։
Նա մեջբերեց Չարենցի տողերը․
Թե ուզում ես երգդ լսեն՝
Ժամանակիդ շո՛ւնչը դարձիր։—
Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր
Քո օրերին ու քո դարին։
Ու հավելեց, որ կամ մենք կլինենք «փոփոխվող, առաջ նայող, կամ մենք վտանգի ենք ենթարկում մեր գոյությունն ընդհանրապես»։
Գիտական կառույցներին Արթուր Իշխանյանը կոչ արեց էապես արդիականացնել հետազոտական ուղղությունները։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է վերաձևել հումանիտար գիտությունը, առավելագույնս ուղղելով դեպի մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների ուսումնասիրությանը։
Իսկ անհատ գիտնականներին նա կոչ արեց հիշել, որ իրենք նաև քաղաքացի են, և պարտավոր են դառնալ գիտության պրոպագանդիստ։
«Գիտությունն այլևս մասնագիտություն չէ, այն դարձել է քաղաքակրթական պարտավորություն։ Գիտությունը գոյության լույսն է, այո, գիտությունը ոչ միայն գիտելիքի, այլև գոյության շարունակման միջոց է, այն լույսը, որով մարդկությունը ճանաչում է ինքն իրեն։ Եվ այս դարաշրջանը պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև պատասխանատվություն», - ասաց նա։





