Գիտությունների ազգային ակադեմիան մնում է հատուկ տողով պետության կողմից ֆինանսավորող, ինքնավարության սկզբունքով կառավարող կառույց։ Այս մասին այսօր, նոյեմբերի 10-ին, Գիտության օրվա առթիվ իր ելույթում ասաց ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, նշելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի դրույթների թյուրըմբռնում կա։

«Այժմ կանդրադառնամ մեր հետագա քայլերին, քանի որ ինչքան ես եմ տեղեկացված, թյուրըմբռնում կա օրենքի դրույթների մասին, մասնավորապես խոսակցություններ են գնում հունվարի մեկից Ակադեմիան փակելու, պետական ֆինանսավորումը կտրելու, աշխատողների աշխատանքից ազատելու մասին։ ԳԱԱ-ն մնում է հատուկ տողով պետության կողմից ֆինանսավորող ինքնավարության սկզբունքով կառավարող կառույց», - ասաց նա։

Սաղյանը հիշեցրերց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի համաձայն Գիտությունների ազգային ակադեմիան ոչ առևտրային կազմակերպություն կարգավիճակից անցնում է հիմնադրամի կարգավիճակի։ «Այսինքն, Ակադեմիան վարչակազմակերպչական կառույցից վերածվում է էքսպերտային գիտամեթոդական և փորձագիտական կառույցի, որի գլխավոր առաքելությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և լաբորատորիաների գործունեության գնահատումը, բազային և որոշ այլ ծրագրերի և դրանց հաշվետվությունների արդիականության և միջազգային ստանդարտերի համապատասխանության մշտադիտարկումը։ Ակադեմիային է վերապահվում նաև Հայաստանի Հանրապետության գիտության ընդհանուր հաշվետվության մշակումը և ներկայացումը կառավարությանը», - ասաց ԳԱԱ նախագահը։  

Ըստ նրա՝ ԳԱԱ հաջորդ կարևոր գործառույթը մնում է հրատարակչական գործունեությունը։ Խնդիր է դրված «Ակադեմիայի զեկույցներ» հանդեսները մեկ-երկու տարվա ընթացքում ներառել միջազգային ՄԳՇ-ներում, իսկ հինգ տարվա ժամկետում դրանց վարկանիշը հասցնել Q2-ի կամ Q1-ի։

Ակադեմիայի գործառույթներից է մնում նաև գիտության հանրայնացումն ու միջազգայնացումը։ «Այսինքն, կարելի է արձանագրել, որ ՀՀ ԳԱԱ համար սկսվում է գործառույթների նոր շրջան, որին պետք է ադապտացվել և շարժվել առաջ», - ասաց Աշոտ Սաղյանը։

Ինչ վերաբերում է նոր օրենքի դրույթների կատարմանը, ապա, ըստ ԳԱԱ նախագահի, անցումային շրջանի քայլերի հերթականությունը լինելու է հետևյալը․

Նախ, պետք է ընդունվի կառավարության որոշում այն մասին, որ Ակադեմիան ոչ առևտրային կազմակերպությունից վերակազմավորվում, դառնում է հիմնադրամ։ Հաջորդիվ պետք է հաստատվի Ակադեմիայի կանոնադրությունը։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է հաստատվի որպես Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին։

«Չորրորդը՝ Ակադեմիայի նախագահի պաշտոնակատարի նշանակումը, հինգերորդը՝ նույն որոշումը ուժի մեջ մտնելուց երկամսյա ժամկետում ակադեմիայի պետական գրանցումը, վեցերորդը՝ Հայաստանի Հանրապետության ԳԱԱ  ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հետ հանձնումը պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը և այն անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային արկադեմիա  հիմնադրամին հանձնումը և հիմնադրամի հետ գույքի անհատույց օգտագործման պայնագրի կնքումը: Գույքի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի, ակադեմիայի նախագահության անհատական կազմի ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը», - թվարկեց Սաղյանը, հավելելով, որ մինչև հոգաբարձուների խորհրդի և ակադեմիայի նոր նախագահության ձևավորումը կշարունակի գործել ներկայիս Նախագահությունը։  

Կանոնադրությունը հաստատելուց հետո, համաձայն օրենքի, կիրականացվի ակադեմիայի ասոցացված թղթակից անդամների ընտրությունը, թափուր տեղերի թվաքանակով։ Թափուր տեղերի քանակը կորոշվի 100-ից հանած Ակադեմիայի գործող անդամների թիվը, քանի որ օրենքի համաձայն Ակադեմիայի անդամների ընդհանուր թիվը 100 է։

«Քանի որ այս ընտրությունների նախաշեմին հոգաբարձուների  խորհուրդը դեռևս ձևավորված չի լինի, առաջիկա ընտրությունների կարգը կհաստատվի լիազոր մարմնի կողմից, իսկ հետագա ընտրությունների ժամանակ ընտրությունների կարգը կհաստատի հոգաբարձուների խորհուրդը, նախագահությունը։ Ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կանցկացվի Ակադեմիայի իսկական անդամների ընտրություն։ Ընտրություններից հետո կհրավիրվի ընդհանուր ժողով, որը ակադեմիայի անդամների կազմից կընտրի հոգաբարձուների խորհրդի ութ անդամներին։ Մյուս երեք անդամներից երկուսին կներկայացնի լիազոր մարմինը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը, ըստ օրենքի, Հանրապետության նախագահն է», - պարզաբանեց ԳԱԱ նախագահը։

Այնուհետև հաստատված հոգաբարձների խորհուրդը կանցկացնի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընտրություն, իսկ այնուհետև նախագահի ներկայացմամբ կհաստատվի Ակադեմիայի ղեկավար կազմը, կառուցվածքը, հաստիքացուցակը, գործունեության ուղղությունները։

Նա նշեց, որ ԳԱԱ-ն որպես հիմնադրամ գրանցելուց հետո  ՈԱԿ-ի բոլոր աշխատակիցները կազատվեն աշխատանքից և կհրամանագրվեն հիմնադրամում ժամանակավոր պաշտոնակատար կարգավիճակում մինչև Ակադեմիայի նոր կառուցվածքի հաստատումը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում նշեց, որ բարձրագույն կրթության և գիտության համակարգի վերաիմաստավորման և վերափոխման ճանապարհին Գիտությունների ազգային ակադեմիան շատ կարևոր դերակատարում է ունենալու։

«Եվ ուզում եմ ևս մեկ անգամ նաև իմ անունից, քանի որ կարիքը եղավ այդ թյուրընկալումները պարզաբանելու, ևս մեկ անգամ վստահեցնել, որ որևէ, ուրեմն, բացասական զարգացումներ մենք չենք ակնկալում։ Խոսքը վերաբերում է թե ֆինանսավորմանը, և հուսով եմ, որ հունվարի մեկից ֆինանսավորման հետ կապված բոլոր հարցերը կփակվեն, որովհետև ոչինչ տեղի չի ունենա,  մեր ֆինանսավորումը շարունակվելու է։ Իսկ ինչ վերաբերում է գործառութային վերափոխումներին, դրանք, իհարկե, սահմանված ընթացակարգերով տեղի կունենան, ու ես վստահ եմ, որ առաջիկա նոր անդամների ընդտրությունը և նոր ձևաչափով նաև նախագահության ձևավորումը նոր լիցք և եռանդ կտա Ակադեմիային իր նոր ծրագրերի իրականացման ճանապարհին», - ասաց նախարարը։