Այսօր, նոյեմբերի 10-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում կրկնակի տոն էր․ նշում էին ԳԱԱ հիմնադրման 82-ամյակն ու Հանուն խաղաղության և զարգացման գիտության միջազգային օրը։

«Թույլ տվեք նախ և առաջ բոլորիս ջերմորեն շնորհավորել այս կարևոր օրվա առիթով, որը կրկնակի կարևորություն ունի մեզ համար, որովհետև մի կողմից խոսում ենք գիտության համաշխարհային օրվա մասին, հանուն խաղաղության և զարգացման, և մյուս կողմից խոսում ենք նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրվա մասին։ Սա ցույց է տալիս այն փոխկապակցվածությունը, որ մեր գիտությունը ունի միջազգային գիտական համայնքի և ցանցերի հետ և այն ճանապարհը, որով պիտի գնանք, շարունակելով անմրապնդել մեր ներկայացվածությունը և մեր մասնակցությունը միջազգային գիտական համակարգերին», - ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

յաննա.JPG (89 KB)

ՀՀ ԳԱԱ Նախագահ Աշոտ Սաղյանն ընգծեց գիտության առանձնահատուկ կարևորությունը այսօրվա աշխարհում, և դրա հանդեպ հանրության վստահության ձևավորման անհրաժեշտությունը․

«Մենք ապրում ենք գիտության դարաշրջանում․ արհեստական բանականություն, գենետիկական տեխնոլոգիաներ, էկզոմիկ հետազոտություններ: Սակայն միևնույն ժամանակ մենք ապրում ենք գիտության նկատմամբ վստահության ճգնաժամի պայմաններում։

Տասնամյակներ շարունակ հայ հասարակությունը և ակադեմիական շրջանակները ապրել են գրեթե իրարից անկախ իրականություններում։ Հասարակությունը հաճախ չի տեսել գիտության ուղղակի ազդեցությունը իր առօրյա կյանքի վրա։ Հասարակությունը և պետությունը պետք է շոշափելի արդյունք տեսնեն, լինի դա պաշտպանական նոր տեխնոլոգիա, գյուղատնտեսական կամ արդյունաբերական նոր լուծում, թե առողջապահական նոր մեթոդ։ Վստահությունը ծնվում է ոչ թե հոդվածների քանակից, այլ լուժված խնդիրներից։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ունենալ տնտեսությունից անկախ գիտություն։ Մեր բուհերը և ինստիտուտները պետք է դառնան տեխնոլոգիաներ արտոնագրեր և ստարտափներ գեներացնող կենտրոններ։ Գիտությունը պետք է դառնա Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը, ոչ թէ ուղևորը»։

սաղյան.JPG (91 KB)

Տոնական միջոցառման ժամանակ շնորհվեցին ՀՀ ԳԱԱ 2025թ․ մրցանակներն ու հայտարարվեցին ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի` Հայաստանում աստղագիտության և հարակից ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթների հաղթողները։

Նշվեց, որ 2025 թվականի մրցանակի համար ներկայացվել է 18 հայտ, վեց անվանակարգով, որոնցից ընտրվել են 6 հաղթող թիմերը․

  • Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Տիգրան Մաղաքյանին և Տիգրան Մովսիսյանին՝ «Աստղերի զարգացման վաղ փուլերում էրուպտիվ ակտիվության դրսևորումները» աշխատանքի համար։
  • Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվել է Գագիկ Այվազյանին՝ «Սև սիլիցիումի ստացումը, հետազոտումը և կիրառումը միկրոէլեկտրոնային սարքերում» աշխատանքի համար։
  • Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Արամ Պետրոսյանին, Վահրամ Ղազարյանին, Գայանե Տոնոյանին, Ջերալդ Գիստերին, Մարեկ Շաֆրանսկուն՝ «Ամինոթթուների նոր աղեր, աղերի նոր դասի բացահայտում և դրանց հնարավոր կիրառությունը» աշխատանքի համար։
  • Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվել է Սուրեն Խառատյանին՝ «Ջերմային անալիզի նոր սերնդի սարքավորման նախագծում, պատրաստում և շահագործում (Արագագործ Ջերմաստիճանային Սկաներ)» աշխատանքի համար։
  • Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Արամ Քոսյանին և Երվանդ Գրեկյանին՝ «Հայկական լեռնաշխարհի միջավայրային պատմությունը. շրջակա միջավայր, կլիմայական փոփոխություններ և քաղաքակրթական գործընթացներ» աշխատանքի համար։
  • Բժշկագիտության բնագավառում մրցանակը շնորհվել է Ասատուր Ասատրյանին, Հայրապետ Բարսեղյանին, Արայիկ Ոսկանյանին, Հայկ Հարությունյանին, Անահիտ Հախեյանին՝ «Կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստման ներդրումն ու զարգացումը Հայաստանում. առաջին քայլերից դեպի կայուն մասնագիտական ծրագիր» աշխատանքի համար։

ՀՀ ԳԱԱ մրցանակը հիմնադրվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, և այս տարի շնորհվում է երկրորդ անգամ, իսկ բժկագիտության բնագավառում՝ առաջին։ Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։

ՀՀ ԳԱԱ մրցանակը ֆինանսավորում են «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» և «ԼԻԿՎՈՐ» ընկերությունները։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հիշեցրեց, որ Համբարձումյանի անվան մրցանակը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 2009 թվականին և սկսել է շնորվել 2010 թվականից։ Սկզբից մրցանակի չափը եղել է կես միլիոն ամերիկյան դոլար, հետո 2018 թվականից նվազեցվել է մինչև 300 հազար դոլար։ Վերջին մրցանակը տրվել է 2020 թվականին։ 2018 թվականին որոշում է կայացվել, որ այս մրցանակի գումարի մի մասը պետք է ուղղվի Հայաստանի Հանրապետությունում աստղագիտության և հարակից գիտությունների զարգացմանը։

Այսօր ԳԱԱ-ում տեղի ունեցավ  նաև 2025 թվականի Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։

Մրցույթների հաղթող են ճանաչվել հետևյալ ծրագրերը և գիտնականները։

  • Գիտական հետազոտությունների աջակցության մրցույթ (4 նախագիծ)։
  1. «Բարձր գալակտիկական լայնություններում թույլ պայծառությունների կարմիր հսկաների և հսկաների ասիմպտոտիկ ճյուղի աստղերի բազմակողմանի ուսումնասիրություն հիմնված Gaia DR3 կատալոգի տվյալների վրա: Նոր մոտեցումներ», նախագծի դեկավար՝ ֆ․-մ․գ․թ․ Կամո Գիգոյան (ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան)։
  2. «Հնարավոր կենսանշանների (բիոմարկերների) որոնում Պարսամյանի գիսավորաձև միգամածություններում (ՊՄ), ինչպես նաև ածխածին պարունակող միացություններով աստղակերպերում», նախագծի դեկավար՝ ֆ․-մ․գ․դ Արարատ Եղիկյան (ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան)։
  3. «Կացուրա-Նագաոսա-Բալատսկու մագնիսաէլեկտրականություն ցածր չափային քվանտային սպինային մոդելներում», նախագծի դեկավար՝ ֆ․-մ․գ․թ․ Վադիմ Օհանյան (Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտ)։
  4. «Մաքսիմալ անհավասարություններ և կիրառություններ», նախագծի դեկավար՝ ֆ․-մ․գ․դ․, պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյան (ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ)։
  • Գիտական հետազոտողների օտարերկրյա պետություններում գործուղումների (վերապատրաստումների) ֆինանսավորման մրցույթ (15 շահառու)։
  • ՀՀ-ում գիտաժողովների կազմակերպման մրցույթ (4 միջոցառում)։
  • Պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսանողների կրթաթոշակների մրցույթ (20 ուսանող)։
մրց.JPG (142 KB)