1943 թվականի նոյեմբերի 10-ին Հայկական ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում ընդունեց Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ստեղծման մասին։ 1999 թվականի նոյեմբերի 10-ին Բուդապեշտում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված Համաշխարհային գիտական համաժողովում որոշում ընդունվեց «Խաղաղության և զարգացման համար գիտության համաշխարհային օր» սահմանել: Այն պաշտոնապես հռչակվեց 2001 թվականին և սկսեց նշվել 2002 թվականից։
Հասկանալի է, որ այդ երկու իրադարձությունները միմյանց հետ ոչ մի առնչություն չունեն, սակայն ամսաթվի՝ նոյեմբերի 10-ի համընկնումը խորհրդանշական է Հայաստանի համար։ Մեզ համար դա կրկնակի տոն է։
Ուշագրավ է, որ տարբեր հայկական աղբյուրներ Ակադեմիայի հիմնադրման համար տարբեր ամսաթվեր են նշում՝ նոյեմբերի 12-ը, նույնիսկ նոյեմբերի 25-ը։ Այդ խառնաշփոթը պայմանավորված է նրանով, որ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նոյեմբերի 10-ի որոշումը թերթերում հրապարակվել է նոյեմբերի 12-ին, իսկ Ակադեմիայի առաջին լիիրավ անդամությունը ձևավորվել է նոյեմբերի 25-ին։
«Հաշվի առնելով Հայաստանում Սովետական իշխանության տարիներին գիտահետազոտական հաստատությունների ցանցի լայն զարգացումը, գիտական աշխատողների բարձրորակ կադրերի աճը և նրանց արդյունավետ աշխատանքը Հայկական ՍՍՌ էկոնոմիկայի ու կուլտուրայի զարգացման և երկրի պաշտպանության ամրապնդման ասպարեզում, Հայկական ՍՍՌ ժողովրդական կոմիսարների Սովետը որոշեց․
Ռեսպուբլիկայի գիտահետազոտական հաստատությունների ղեկավարությունը գիտական միասնական կենտրոնում համախմբելու նպատակով և գիտական աշխատանքի հետագա էլ ավելի նպատակասլաց զարգացման համար, ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալի բազայի վրա Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևան քաղաքում կազմակերպել Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիա»,- ասվում է կառավարության 1943 թվականի նոյեմբերի 10-ի որոշման մեջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ պահին։ «Սովետական Հայաստան» թերթը Գիտությունների ակադեմիայի ստեղծման հրամանագրի ներքո ռազմաճակատից լուրեր է հրապարակել՝ «Սովետական ինֆորմբյուրոյի կողմից»։ Այդ ժամանակ Հայկական ԽՍՀ-ում հիանալի հասկանում էին գիտության անհրաժեշտությունը։

Գիտությունների ակադեմիայի առաջին անդամները պատկառելի մարդիկ էին՝ Մանուկ Աբեղյան, Աբրամ Ալիխանով, Արտյոմ Ալիխանյան, Վիկտոր Համբարձումյան, Հրաչյա Աճառյան, Հրաչյա Բունիաթյան, Ավետիք Իսահակյան, Գրիգորի Կապանցյան, Հակոբ Մանանդյան, Հովսեփ և Լևոն Օրբելիներ, Կոնստանտին Պաֆենհոլց և ուրիշներ։ Հովսեփ Օրբելին դարձավ Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը։
Նորաստեղծ Ակադեմիան ապահովեց Հայկական ԽՍՀ գիտության վերելքը․ հիմնադրվեցին նոր ուղղություններ ու նոր ինստիտուտներ, գրանցվեցին նշանակալի ձեռքբերումներ։ Սովետի փլուզման պահին Հայաստանն ուներ մեծ քանակով գիտաշխատողներ և տարբեր պատկանելության (ճյուղային և ակադեմիական) գիտահետազոտական ինստիտուտներ, որոնցից արդեն հետխորհրդային տարիներին պահպանվեցին հիմնականում ակադեմիականները։ Այսինքն՝ չնայած ծանր տարիներին, ֆինանասավորման բացակայությանը, Ակադեմիան պահպանեց իր կառուցվածքը, իր ինստիտուտները, թույլ չտալով, որպեսզի գիտության ոլորտը Հայաստանում լիովին քայքայվի։
Իսկ ինչո՞ւ գիտության մասին հիշեցին 1999 թվականին Բուդապեշտում, որտեղ հավաքվել էին ականավոր գիտնականներ, իրավապաշտպաններ, բնապահպաններ և քաղաքական գործիչներ։
Դիտարկելով գալիք հազարամյակի մարտահրավերները, խորհրդաժողովի պատվիրակներն ընդգծել էն բնագիտական ուղղությունների սրընթաց զարգացումը, դրա հնարավոր օգուտներն ու վտանգները, առաջացող էթիկական հարցերը։ Գիտակցելով, որ ապագայում գիտության դերը միայն աճելու է, նրանք շեշտել են գիտությունը համընդհանուր սեփեականություն դարձնելու, գիտությանը հավասար հասանելիություն ապահովելու և այն զարգացմանը ու խաղաղությանը ծառայեցնելու հրամայականը։
Ըստ նախաձեռնողների՝ օրացույցում նման օր սահմանելը կհանգեցնի հանրության և գիտության միջև ավելի որակյալ փոխազդեցության՝ համաշխարհային մասշտաբի առաջնակարգ խնդիրների լուծման գործում։
Ինչպես նշվում է ՄԱԿ-ի կայքէջում՝ «Համաշխարհային գիտության օրը՝ հանուն խաղաղության և զարգացման» կոչված է ընդգծելու գիտության կարևոր դերը հասարակությունում և գիտական ի հայտ եկած խնդիրների քննարկումներին լայն հանրության մասնակցության անհրաժեշտությունը։ Այդ օրը միաժամանակ ընդգծում է առօրյա կյանքում գիտության կարևորությունն ու արդիականությունը։
Գիտությունը հասարակության հետ սերտորեն կապելով՝ Հանուն խաղաղության և զարգացման համաշխարհային գիտության օրը նպատակ ունի ապահովել, որ քաղաքացիները տեղեկացված լինեն գիտական նվաճումների մասին։ Բացի դրանից, օրն ընդգծում է գիտնականների դերը մարդկության տուն կոչվող հրաշալի և փխրուն մոլորակի մասին պատկերացումները բարելավելու, ինչպես նաև հասարակությունների կայուն զարգացման գործում։
Գիտության համաշխարհային օրն ամեն տարի նշվում է նոր նշանաբանով։ 2025 թվականի նոյեմբերի 10-ի նշանաբանն է՝ «Վստահություն, վերափոխում և ապագա. գիտություն, որը մեզ անհրաժեշտ է 2050 թվականի համար»։ Այս նշանաբանն առանձնապես արդիական է դարաշրջանում, երբ գիտական նվաճումները միաժամանակ ոգևորություն և անհանգստություն են առաջացնում, իսկ գիտության նկատմամբ վստահությունը նույնքան կենսականորեն կարևոր ռեսուրս է դարձել, որքան բուն հետազոտությունը։
Կլիմայի փոփոխությունը, արհեստական բանականությունը և գենետիկական տեխնոլոգիաները բարդ էթիկական և գործնական հարցեր են առաջադրում մարդկության առջև։ Թեմային առանձնահատուկ կարևորություն է հաղորդում այն հանգամանքը, որ 2023 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 2024–2033 թվականները հռչակեց Կայուն զարգացման գիտությունների միջազգային տասնամյակ՝ ընդգծելով գիտության կարևորագույն դերը աշխարհի ամենահրատապ մարտահրավերներին դիմակայելու գործում: Նման կերպ ընդունվում է, որ գիտությունը պետք է լինի ոչ միայն գիտելիքի աղբյուր, այլև Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործիք: Խոսքը նոր պարադիգմի մասին է, որտեղ գիտնականները ուս-ուսի համագործակցում են հասարակության, քաղաքական գործիչների և բիզնեսի հետ:
Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են գիտության հանդեպ հետաքրքրությունը խթանող տարբեր միջոցառումներ, կազմակերպվում՝ համաժողովներ, հանդիպումներ և քննարկումներ: Հայաստանում գիտնականները տարիներ շարունակ պայքարում են այդ օրը որպես պետական տոն ճանաչելու համար՝ նշելով Գիտությունների ակադեմիայի հիմնադրումը: Սակայն մինչ օրս նման որոշում չի ընդունվել: Փոխարենը կա Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքը, ըստ որի Ակադեմիան կորցնում է իր ինստիտուտները, որոնք պահպանել է ամենադժվար տարիներին, և հիմնադրամ է դառնում: Այնուամենայնիվ՝ Ակադեմիան պահպանում է իր դերը գիտական փորձաքննության և գիտության հանրահռչակման գործում, և նոյեմբերի 10–ը այն կնշանավորի ՀՀ ԳԱԱ մրցանակների շնորհմամբ, որը տրվում է Հայաստանի գիտնականներին տարբեր ոլորտներում նշանակալի ձեռքբերումների համար։ Յուրաքանչյուր մրցանակի չափը 5 միլիոն դրամ է:






