Ներդրումային միջավայրը մնում է երկրի տնտեսական զարգացման օրակարգի առանցքային թեմաներից մեկը։ Դրանից ուղղակիորեն կախված են ինչպես աճի կարճաժամկետ ցուցանիշները, այնպես էլ տնտեսության ամրապնդման երկարաժամկետ հեռանկարները։ Ներդրումային միջավայրի գրավչության վրա ազդող գործոնները բազմազան են՝ քաղաքական կայունությունից և օրենսդրության թափանցիկությունից մինչև ֆինանսական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակը։ Գլոբալ փոփոխությունների պայմաններում հատկապես կարևոր է հաշվի առնել միջազգային փորձը և ժամանակակից միտումները՝ հասկանալու համար, թե որ մոդելներն են այսօր ամենաարդյունավետը։ Միջազգային ներդրումների ոլորտում իր փորձով Economix-ի եթերում կիսվել է ներդրումային-բանկային ոլորտի փորձագետ Մարկ Չենյանը, որը երկար տարիներ աշխատել է մի շարք առաջատար ամերիկյան ընկերությունների հետ։

Հուսալի ներդրումային միջավայրի ստեղծումը Հայաստանում

Չենյանն ընդգծել է, որ իր հիմնական նպատակն է մոտ ապագայում Հայաստանը ներկայացնել որպես զարգացող երկիր՝ բարձր ներդրումային ներուժով և սեփական կապիտալիզացիայի հնարավորություններով։ Նրա կարծիքով, խոշոր ներդրողներին ներգրավելու համար առանցքային պայման է երկրի կարգավորող մարմինների նկատմամբ վստահության առկայությունը։

«Լուրջ կապիտալ ներգրավելու առաջին և գլխավոր պայմանը կարգավորող մարմինների աշխատանքի նկատմամբ ներդրողների վստահությունն է»,- նշել է նա։ Չենյանի խոսքով՝ եթե մասնագետների խումբը առաջատար երկրների կարգավորիչների հետ աշխատանքի փորձ ձեռք բերի և վերադառնա Հայաստան, ապա դա զգալիորեն կբարձրացնի շուկայի նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահությունը։ Փորձագետը կարծում է, որ նման մոտեցումը հիմք է ստեղծում լուրջ ներդրումների և կայուն տնտեսական աճի համար։

Բացի այդ, նա շեշտել է թափանցիկ և հստակ կառուցվածքային օրենսդրության անհրաժեշտությունը։ Օրենքները պետք է լինեն հասկանալի և համապատասխանեն միջազգային չափանիշներին, որպեսզի ներդրողները կարողանան կշռադատված որոշումներ կայացնել։ Պարոն Չենյանը վստահ է, որ այդ միջոցառումների իրականացման դեպքում չորս-հինգ տարվա ընթացքում հնարավոր է զգալիորեն բարելավել ներդրումային միջավայրը և ապահովել կապիտալի կայուն հոսք։

Բացի այդ, փորձագետն ընդգծել է Հայաստանում պետական մարմնի ստեղծման կարևորությունը, որը կկարգավորի ներդրումային գործունեությունը և կապահովի ներդրողների ուղղակի փոխգործակցությունը կարգավորող կառույցների հետ։ Սա, ըստ նրա, անվտանգ և կանխատեսելի ներդրումային միջավայր ձևավորելու առանցքային բաղադրիչներից է։

Հարկային և տնտեսական քաղաքականությունը որոշում է ամեն ինչ

Չենյանը նշել է, որ ներդրողների համար առանցքային նշանակություն ունեն ոչ միայն ներդրումային գործիքները, այլև երկրի ընդհանուր տնտեսական և հարկային քաղաքականությունը։ Ըստ նրա՝ սա երկրորդական հարց չէ, այլ առաջին պլանում է, երբ խոսքը վերաբերում է կապիտալիզացիային և երկարաժամկետ ներդրումներին։

«Ներդրողի համար կարևոր է, որ երկրի համակարգերը ծայրաստիճան հասկանալի լինեն և համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Երբ նրանք գնահատում են ռիսկերը, կառուցում ֆինանսական մոդելներ և հաշվարկում եկամտաբերությունը, հարկային և տնտեսական քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենում նրանց որոշումների վրա»,- ընդգծել է նա։

Փորձագետը բերել է մի ակնհայտ օրինակ. գոյություն ունեցող հարկային համակարգը կարող է պակաս գրավիչ լինել միջազգային ներդրողների համար, եթե կարճաժամկետ դրույքաչափերը չափազանց բարձր լինեն։ «Օրինակ, այսօր համակարգը 100 միավոր շահույթից վերցնում է 20%։ Բայց ներդրողի համար շատ ավելի կարևոր է երկարաժամկետ կապիտալիզացիայի հեռանկարը. ավելի լավ է փոքր դրույքաչափեր կապիտալի ապագա աճի վրա, քան բարձր հարկեր այսօր»,- բացատրել է Չենյանը։

Նա նաև ընդգծել է, որ հիմնարար պայմանները պետք է լինեն կայուն և հուսալի, որպեսզի տնտեսական աճի բարձր հնարավորություններ ստեղծվեն։ «Ներդրողը, որը կենտրոնացված կապիտալիզացիայի վրա՝ շահագրգռված է տնտեսության երկարաժամկետ զարգացմամբ։ Կարևոր է, որ պետությունը և բիզնեսը ժամանակի ընթացքում վստահ լինեն, որ տնտեսական աճը միակ նպատակն է, որի շուրջ կառուցվում է ներդրումային ռազմավարությունը»,- հավելել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ թափանցիկ, կանխատեսելի և կայուն հարկային ու տնտեսական միջավայրի ստեղծումը օտարերկրյա ներդրողների կողմից Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ հետաքրքրություն ձևավորելու առանցքային պայմանն է։

Առանց արտադրության՝ Հայաստանը կորցնում է կապիտալը և տեխնոլոգիաները

Չենյանն ընդգծել է, որ կայուն տնտեսական աճի և ներդրումների ներգրավման համար Հայաստանին անհրաժեշտ է մշտապես ընդլայնել շուկաները։ «Հայկական շուկան ինքնին շատ փոքր է և կարևոր է, որ ներդրողները հեռանկարներ տեսնեն ոչ միայն երկրի ներսում, այլև Հայաստանի հետ կապված շուկաներում»,- նշել է նա։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել երկրի ինժեներական և արտադրական ներուժի կարևորության վրա։ Նրա խոսքով՝ առաջին քայլը ինժեներների որակյալ կրթությունն է, որոնք հետագայում կկարողանան բարձր հավելյալ արժեքով արտադրանք ստեղծել։ «Եթե մենք ունենք տաղանդավոր ինժեներներ, բայց նրանց ներուժը չի օգտագործվում արտադրության մեջ, շահում է արտաքին տնտեսությունը, այլ ոչ թե մերը։ Հետևաբար, չափազանց կարևոր է, որ կապիտալն ու տեխնոլոգիաները մնան և զարգանան երկրի ներսում»,- պարզաբանել է Չենյանը։

Նա նաև նշել է, որ առանցքային խնդիրը կապիտալիզացիայի մեխանիզմների բացակայությունն է, որոնք թույլ կտան զարգացնել արտադրությունը ներքին շուկայում։ «Առանց կապիտալիզացիայի համակարգի անհնար է լուրջ ներդրումներ ներգրավել արտադրության մեջ։ Եթե օրենքները լինեն թափանցիկ, իսկ պայմանները՝ հուսալի, ապա կապիտալն ու արտադրական հնարավորությունները կկարողանան միաժամանակ զարգանալ»,- ընդգծել է նա։

Չենյանը կարծում է, որ նման համալիր գործընթացները՝ սկսած կրթությունից և ինժեներական ներուժից մինչև արտադրություն և կապիտալիզացիա, պետք է ինտեգրվեն երկրի տնտեսական ռազմավարության մեջ՝ ներքին ռեսուրսների օգտագործումը մաքսիմալացնելու և միջազգային ներդրումներ ներգրավելու համար։