«Գիտական ​​գերբանականությունը» միլիոնավոր գիտնականների աշխատանքը միաժամանակ մոդելավորելու ընդունակ արհեստական ​​բանականության համակարգ է։ Արհեստական ​​բանականության անատոմիային նվիրված Silicon Mountains 2025-ում իր ելույթի ժամանակ դրա մասին հայտարարել է CEO Flagship Pioneering-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը: Ըստ նրա՝ դա «կհեղափոխի» գիտությունը՝ ավտոմատացնելով «հայտնագործությունների անիվը» և տրիլիոն դոլարանոց շուկաներ բացելով բժշկության, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։

Արհեստական ​​բանականությունը վերաիմաստավորում է գիտությունը

Նուբար Աֆեյանն ավանդական գիտական ​​գործընթացը նկարագրել է իբրև «հայտնագործությունների անիվ». գիտական վարկած, գիտափորձ, վերլուծություն և կանոնավորում։ «Դա բոլոր գյուտերի հիմքն է,- նշել է նա։- Սակայն արհեստական ​​բանականության միջոցով մենք կարող ենք այն ինքնավար դարձնել»։ Արհեստական ​​բանականության տարբեր մոդուլներ ստեղծում են գիտական վարկածներ, մշակում արձանագրություններ, անցկացնում գիտափորձեր և վերլուծում տվյալներ։ Նա ընդգծել է, որ այն, ինչը ֆանտաստիկա է թվում, գիտության ապագան է։ «Յուրաքանչյուր ճեղքում՝ խաղային չիպերից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ, սկսվել է իբրև ֆանտաստիկա,- նշել է Աֆեյանը։ -Ֆանտաստիկայից խուսափելով՝ դուք խուսափում եք ապագայից»։ Աֆեյանի համոզմամբ՝ արհեստական ​​բանականությունը ցնցելու է  առողջապահությունը (տարեկան 10 տրիլիոն ԱՄՆ դոլար), էներգետիկան և պարենային ոլորտը՝ 40-50 տրիլիոն դոլարանոց շուկաները։

AI science factories. լաբորատորիաների ավտոմատացում

Այդ տեսլականի կենտրոնում Lila Labs-ն է՝ 2-3 տարի առաջ հիմնադրված Flagship առաջատար ընկերությունը, որը 2025 թվականին 530 միլիոն դոլար է ներգրավել։ Աֆեյանը պատմեց «AI science factories»-ի մասին. մոդուլային լաբորատորիաներ, որտեղ արհեստական ​​բանականությունն ու ռոբոտատեխնիկան ամիսներից ժամերի են կրճատում փորձարկումների ժամանակը։ «Մեր ամենաառաջադեմ գործարանները Քեմբրիջում են,- նշեց նա։- Դա նման է լաբորատորիաների համար գործող ռոբոտատեխնիկայի. փորձ եք անցկացնում առանց խոր գիտելիքների և տվյալներ եք ստանում մեկ օրում»։ Նման համակարգերն ավելի քիչ փորձագետներ են պահանջում. «10 գիտնական կարող է մրցակցել 1000-ի հետ,- հավելում է Աֆեյանը։ - Հայաստանի նման փոքր երկրների համար դա միլիարդներ ծախսած հսկաներին գերազանցելու պատեհություն է»։   

Lila Labs-ի ճեղքումները

Lila Labs-ն արդեն արդյունքներ է ցույց տալիս։ Երեք գիտնականից բաղկացած թիմը չորս ամսվա ընթացքում բարելավել է Moderna-ի դիզայնները, դրանց թվում՝ ՔՈՎԻԴ պատվաստանյութերում օգտագործվողները՝ արդյունավետության և տևողության առումով հասնելով «լոգարիթմական առաջընթացի»։

«Նրանք փորձագետներ չէին, գրականությունը չէին կարդում՝ ամեն ինչ անում էր արհեստական ​​բանականությունը,- ասում է Աֆեյանը։- Գիտական վարկածներ, գիտափորձեր, վերլուծություններ. համակարգը գլուխ հանեց դրանցից»։ Չորս գիտնական վեց ամսվա ընթացքում ստեղծեց հարյուրավոր նոր 3D binder-ներ (եռաչափ կապակցող սարքեր –խմբ.)՝ գերազանցելով ավանդականներին։ Նյութագիտության ոլորտում երկու գիտնական հազվագյուտ մետաղներով (օրինակ՝ պլատին) փոխարինեցին կատալիզի համար, միաժամանակ բարելավեցին կանաչ ջրածնի արտադրությունը և ստեղծեցին նոր մետաղ-օրգանական հիմնակմախքներ, որոնք արժանացան 2025 թվականի Նոբելյան մրցանակի։ «Նրանք փորձագետներ չեն, նրանք պարզապես գործարկեցին արհեստական ​​բանականությունը»,- ընդգծում է Աֆեյանը։

Աֆեյանը դա որպես սկիզբ է տեսնում. «Մենք լավագույնը չենք, բայց առաջինն ենք»։ Գերբանականությունը կկարողանա պայքարել գլոբալ տաքացման, հիվանդությունների և անառողջ ծերացման դեմ։ Հայաստանի համար դա գիտական ​​հետազոտությունների կենտրոն դառնալու պատեհություն է, որտեղ երկրի չափը չի սահմանափակում հավակնությունները։