Արհեստական բանականության (ԱԲ) ապագան «պոլի-ինտելեկտն» է, մարդկային, մեքենայական և բնության բանականությունների յուրատեսակ սիմֆոնիան։ Այս մասին DigiConf 2025-ին իր ելույթի ժամանակ հայտարարել է Flagship Pioneering բիոտեխնոլոգիական կայսրության հիմնադիր և գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը։

Նրա խոսքով, առանց էթիկական վերահսկողության այս համակարգերը կարող են խորացնել անհավասարությունը, սակայն ճիշտ մոտեցումը կհանգեցնի «նվազագույն, եթե ոչ զրոյական հիվանդությունների», առատ քաղցրահամ ջրի և էներգիայի։ «Զինվելով մեր ստեղծած տեխնոլոգիաներով՝ մենք կանգնած ենք անհավանականի շեմին»,- համոզված է նա։

Բնությունը որպես հաշվողական բանականություն

Աֆեյանի խոսքով, գիտությունը սխալվել է՝ բնությունը համարելով ստատիկ. «Մենք փորձում էինք այն մաս-մաս քանդել որպես պատրաստի գծագիր, բայց բնությունը բանականության բազմաթիվ ձևեր է»։ «Վիրուսը [COVID-19-ը], «փոքրիկ վիրուսը», քիչ էր մնում ավերեր համաշխարհային առողջապահական համակարգը. այն մուտացիայի էր ենթարկվում, «խուսափում» թակարդներից. մի՞թե դա բանականություն չէ։ Իմունային համակարգը ամեն օր ոչնչացնում է միկրոքաղցկեղները։ Ծննդյան օրվանից այն պաշտպանում է մեզ։ Մինչև դրա դադարելը և այդ ժամանակ էլ առաջանում է քաղցկեղ։ Եթե դա համակարգչային վիրուս լիներ, բոլորը կհիանային դրա խորամանկությամբ»,- ասել է նա։

Աֆեյանն առաջարկել է ԴՆԹ-ն դիտարկել որպես «բնության լեզու»՝ դինամիկ, ադապտիվ համակարգ, որը կոդավորում է միլիարդավոր տարիների էվոլյուցիոն ուսուցումը։ «Սա փորձի և սխալի միջոցով ուսուցում է, որը մարմնավորված է մոլեկուլներում»,- պարզաբանել է նա։- «Բնությունը ստատիկ չէ, այն անընդհատ արձագանքում և հարմարվում է»։ Այս տեսակետը փոխում է գիտության մոտեցումը. բնությունը՝ որպես օրենքների հավաքածու վերլուծելու փոխարեն, մենք պետք է այն դիտարկենք որպես գործընկեր՝ իր սեփական «հաշվողական հզորությամբ», որը փոխգործակցում է միլիոնավոր եղանակներով։

Պոլի-բանականություն. Ինչպես են արհեստական բանականությունը, բնությունը եւ մարդիկ աշխատում միասին

Աֆեյանի կենտրոնական գաղափարը պոլի-բանականությունն է, որը միավորում է բանականության երեք տեսակ՝ բնական բանականություն, մեքենայական բանականություն և մարդկային բանականություն։

«Այս սինթեզը, որը ես անվանում եմ պոլի-բանականություն, ժամանակակից տեխնոլոգիական վերածննդի վկայությունն է։ Այնպիսի վերածնունդ, որտեղ մարդկային և բնության բանականությունները ադապտացվում են՝ արհեստական բանականության հետ ինտեգրվելու և գոյակցելու համար. մարդկային և արհեստական բանականությունը կտեղեկացնեն և կտեղեկացվեն բնության խնդիրներ լուծելու կարողությունների մասին, իսկ մեքենայական բանականությունը կվերծանի բնությունը՝ առաջարկելով լուծումներ, որոնք թույլ կտան մարդկանց բարգավաճել։ Պոլի-բանականությունը հզոր կերպով համատեղում է մարդկային կրեատիվությունն ու երևակայությունը, բնության հարմարվողական հանճարը և մեքենայական բանականության ընդգրկումը, մասշտաբը և արագությունը»,- հայտարարել է նա։

Այսպիսով, սիմբիոզի մեխանիզմը կառուցվում է փոխադարձ «տեղեկացման» վրա։ Բնական բանականությունը կոդավորված է ԴՆԹ-ում և էվոլյուցիոն գործընթացներում։ Սա «բնության հարմարվողական հանճարն է», որը կուտակվել է միլիարդավոր տարիների ընթացքում՝ վարիացիաների և ընտրության միջոցով։ Բնությունը գեներացնում է տվյալներ (օրինակ՝ գենետիկ հաջորդականություններ, մուտացիաներ), որոնք հիմք են ծառայում ուսուցման համար։ Արհեստական բանականությունը (ԱԲ) վերլուծում է այդ տվյալները հսկայական մասշտաբով՝ վերծանելով բնության «կանոնները» նոր լուծումներ ստեղծելու համար։ Իսկ մարդկային բանականությունն ապահովում է կրեատիվությունը, երևակայությունը և էթիկական վերահսկողությունը՝ սահմանելով նպատակներ և մեկնաբանելով արդյունքները։ Մեխանիզմը գործում է «մշտական փոխանակման» միջոցով. բնությունը տրամադրում է տվյալներ և հարմարվողականության մոդելներ, ԱԲ-ն դրանք մասշտաբավորում է և նորույթ գեներացնում, իսկ մարդը դրանք ուղղորդում է գործնական նպատակներին՝ խուսափելով սխալներից (օրինակ՝ էթիկական կառավարման միջոցով)։

«Մեքենաները ձեռք կբերեն բնության բարդությունը և նրանք կսկսեն միմյանց նմանակել,- ենթադրել է Աֆեյանը։- Բայց մենք լիովին չենք հասկանա ո՛չ բնական, ո՛չ էլ հաշվողական բանականությունը։ Առաջին անգամ ստիպված կլինենք ընդունել, որ կան բաներ, որոնք ենթակա չեն մաթեմատիկական ռեդուկցիոնիզմին»։

Աֆեյանն ընդգծել է ռիսկերը. «Նրանք, ովքեր հասանելիություն կունենան պոլի-բանականությանը, կարագանան, իսկ մյուսները հետ կմնան։ Դա կարող է հանգեցնել երկրորդ խմբի ճնշմանը»։ Դրանից խուսափելու համար նրա թիմը Lion Lab-ում և Flagship-ում մշակում է ինքնակառավարման սկզբունքներ։ «Եթե մենք չսահմանենք կանոնները, ապա դա կանեն ուրիշները,- ասել է նա։- Գիտնականները պետք է բացահայտ խոսեն այդ մասին»։ Պոլի-բանականությունը պահանջում է ոչ միայն տեխնիկական լուծումներ, այլև գլոբալ երկխոսություն՝ հասանելիության արդարության մասին։

«Պոլի-բանականությունը աբսուրդային, սյուրռեալիստական միտք է, բայց այն իրական է։ Մենք ամեն ինչ չենք հասկանա, բայց կարող ենք ազդել աշխարհի վրա մարդու, մեքենայի և բնության դաշինքի միջոցով։ ԱԲ-ի ամենամեծ խոստումը բնության և մարդու հետ գործընկերության մեջ է։ Դա կապահովի լուծումներ, որոնց մասին մենք նույնիսկ չէինք էլ երազում. առողջությունից մինչև կլիմա»,- ընդգծել է Աֆեյանը։ «Սա մտածելակերպի նոր պարադիգմ է, որտեղ բնությունը սովորեցնում է, ԱԲ-ն ուժեղացնում է, իսկ մարդն ուղղորդում է»,- եզրափակել է նա։