Որո՞նք են այսօր ամենատարածված միտումները ՏՏ ոլորտում: Արհեստական բանականություն, կրիպտոարժույթ, NFT՝ ահա թե ինչ է միանգամից գալիս մեր մտքին, երբ մտածում ենք ժամանակակից միտումների մասին: Հենց այս ոլորտների մասին են այսօր բոլորը խոսում, եւ հենց այս ոլորտներին է այսօր ձգտում ՏՏ-ի մասին գոնե ինչ-որ բան իմացող գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդ:
Իրականում սիրված, թրենդային ոլորտում աշխատելու ցանկությունն այդքան էլ լավ գաղափար չէ, պնդում է TCF ընկերության տնօրեն եւ համահիմնադիր Նարեկ Վարդանյանը։
Պատճառը պարզ է. եթե ոլորտը չափազանց պոպուլյար է, ամենայն հավանականությամբ մեծ թվով մարդիկ արդեն ներգրավված են դրանում, եւ ձեզ համար բավականին դժվար կլինի այնպիսի պրոդուկտ ստեղծել, որն իսկապես կառանձնանա մրցակիցներից եւ կայուն տեղ կգտնի շուկայում։
«Եթե, օրինակ, 1000 մարդ արդեն զբաղվում է NFT-ով, ինքներդ ձեզ հարց տվեք՝ ուզո՞ւմ եք 1001-րդը լինել: Իմ կարծիքով, շատ ավելի խելացի եւ ճիշտ կլինի մտածել այն մասին, թե ինչպես կարող եք օգնել այդ մարդկանց, ինչ պրոդուկտ կարող եք ստեղծել նրանց կյանքը հեշտացնելու համար։ Ավելի լավ է ոչ թե պարզապես դառնալ 1001-րդը եւ հետեւել նորաձեւ թրենդին, այլ ինչ-որ լուծում գտնել, ինչ-որ պրոդուկտ, որն օգտակար կլինի նրանց, ովքեր արդեն աշխատում են այդ թրենդի ոլորտում», - NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց մասնագետը։
ԱՄՆ-ում ոսկու տենդի ժամանակ շատ մարդիկ ձգտում էին ոսկի արդյունահանել: Որոշներին իսկապես հաջողվեց գումար վաստակել դրանով, ոմանց՝ ոչ: Բայց ո՞վ իրականում հարստացավ ոսկու տենդի ֆոնին: Ամենեւին էլ ոչ ամենահաջողակ հանքագործները, այլ ... Լեւի Շտրաուսը, ով հիմնադրեց Levis ընկերությունը, որը ջինսեր էր արտադրում հանքագործների համար։
1849-ին Կալիֆոռնիայում ոսկով հարուստ հանքավայրեր հայտնաբերվեցին, եւ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից սկսեցին Ամերիկա գալ: Այդ ժամանակ Լեւին որոշեց, որ չարժե ոսկու հերթական արդյունահանող դառնալ, եւ ավելի լավ է օգտվել ամբողջ իրավիճակից։
Շուտով նա պարզեց, որ ոսկու հանքագործներին հարմարավետ տաբատներ են անհրաժեշտ՝ մեծ գրպաններով, որտեղ նրանք կարող են դնել գտնված ոսկին: Նա հարմար գործվածք գտավ՝ պարուսինե, որը վատ էր վաճառվում նավագնացության ոլորտում գրանցված անկման պատճառով. նավաստիները նույնպես գնում էին ոսկի արդյունահանելու։
Լեւին վեց դոլարով վաճառեց իր առաջին հաստ պարուսինե տաբատը։ Այդ տաբատը ցանկացողների թիվն օրեցօր աճում էր, եւ այդ ընթացքում Լեւին բարելավեց տաբատի կտրվածքը, որպեսզի այն ավելի լավ համապատասխանի հաճախորդների պահանջներին։
Արդեն 1853-ին Լեւին արհեստանոց-ատելյե բացեց Սան Ֆրանցիսկոյում, դերձակներ վարձեց եւ սկսեց մեծ քանակությամբ տաբատներ պատրաստել։ 1856-ին ատելյեի դռների վրա հայտնվեց Levi Strauss & Co ցուցանակը, իսկ մեկ տարի անց Նյու Յորքում գրասենյակ բացվեց՝ մեծ խանութով։ Դրանից հետո այդ բիզնեսն աճեց եւ զարգացավ, եւ այսօր էլ՝ գրեթե երկու դար անց, շարունակում է հաջող աշխատել։
«Levis-ի հիմնադիրը պրոդուկտ ստեղծեց այն մարդկանց համար, որոնք արդեն աշխատում էին թրենդային ոլորտում, եւ ավելի մեծ հաջողության հասավ, քան իրենք՝ ոսկի արդյունահանողները: Կարծում եմ, որ նույն մոտեցումն այսօր էլ պետք է կիրառվի ՏՏ ոլորտում», - ասաց Նարեկ Վարդանյանը։
Նրա կարծիքով՝ թրենդին տրվելը, ինչպիսին էլ այն լինի, վատ գաղափար է։ Եւ դա վերաբերում է նաեւ ստարտափներին, նախագծերին, ուսուցմանը եւ ապագա կարիերային:
«Այսօր շատ ծնողներ իրենց երեխաներին ծրագրավորման դասընթացների են ուղարկում` հուսալով, որ նրանք ակտուալ եւ պահանջված աշխատանք կունենան: Բայց բանն այն է, որ 10 տարի առաջ ծրագրավորումն ավելի շատ խնդիրներ էր լուծում, քան այսօր: Այսօր բազմաթիվ հնարավորություններ կան ամենատարբեր նախագծերի ստեղծման՝ չունենալով ծրագրավորման գիտելիքներ, ուստի ծրագրավորողների պահանջարկը կամաց-կամաց նվազում է եւ միեւնույն ժամանակ մեծանում է այլ մասնագետների պահանջարկը։ ՏՏ-ն միայն ծրագրավորում չէ։ Այս ոլորտը շատ լայն է, եւ այն բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում այլ մասնագետների համար՝ մարկետոլոգներ, քոփիրայթերներ, մենեջերներ եւ այլն: Պարզապես պետք է կարողանալ տեսնել այդ հնարավորությունները», - ասաց Վարդանյանը։






