Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են մեթոդ, որը հնարավորություն է տալիս ռադիոազդանշանների միջոցով որոշել առաջին աստղերի զանգվածը, որոնք հայտնվել են Մեծ պայթյունից կարճ ժամանակ անց՝ մոտ 13 միլիարդ տարի առաջ: Nature Astronomy ամսագրում հրապարակված հետազոտությունը նոր հնարավորություններ է բացում վաղ Տիեզերքի և առաջին գալակտիկաների ձևավորման ուսումնասիրման համար:
21-սանտիմետրանոց ազդանշան. բանալի դեպի անցյալ
Խոսքը վերաբերում է այսպես կոչված 21-սանտիմետրանոց ազդանշանին՝ վաղ Տիեզերքում ջրածնի ատոմների կողմից արձակվող թույլ ռադիոճառագայթմանը: Այս ազդանշանը տեղեկություն է կրում այն մասին, թե ինչպես են առաջին աստղերը, որոնք հայտնի են որպես Պոպուլյացիա III աստղեր, և սև խոռոչները ազդել շրջակա տարածության վրա: Քեմբրիջի համալսարանի Աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Անաստասիա Ֆիալկովի խոսքով՝ այս ճառագայթման վերլուծությունը թույլ է տալիս նայել «տիեզերական արշալույսի» դարաշրջանին՝ ժամանակաշրջան, երբ առաջին աստղերը սկսել են լուսավորել Տիեզերքը՝ ցրելով սկզբնական խավարը:
«Սա եզակի հնարավորություն է հետևելու, թե ինչպես է Տիեզերքում առաջին լույսը հայտնվել», — նշել է Ֆիալկովը:
Առաջին աստղերի մոդել
Հետազոտողները մշակել են տեսական մոդել, որը կապում է Պոպուլյացիա III աստղերի զանգվածը 21-սանտիմետրանոց ազդանշանի բնութագրերի հետ: Ի տարբերություն ժամանակակից աստղադիտակների, ինչպիսին է «Ջեյմս Ուեբբ»-ը, որոնք գրանցում են հեռավոր գալակտիկաների պատկերներ, ռադիոաստղադիտակները հավաքում են թույլ ազդանշանների վիճակագրական տվյալներ: Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրել ոչ թե առանձին աստղեր, այլ վաղ Տիեզերքում գոյություն ունեցած աստղերի ամբողջ պոպուլյացիաներ:
Հատուկ ուշադրություն է դարձվել կրկնակի աստղային համակարգերին, որոնցում մի աստղը վերածվել է սև խոռոչի կամ նեյտրոնային աստղի, իսկ մյուսը շարունակում է գոյություն ունենալ: Նման համակարգերն արձակում են հզոր ռենտգենային ճառագայթում, որը տաքացնում է շրջակա ջրածինը և փոփոխում 21-սանտիմետրանոց ազդանշանի բնութագրերը: Նախկին հետազոտությունները թերագնահատել են այդ համակարգերի ազդեցությունը, ինչը առաջին աստղերի զանգվածի գնահատականները դարձրել է պակաս ճշգրիտ:
Նշանակությունը աստղագիտության համար
«Ռադիոաստղագիտությունը կարող է պատմել առաջին աստղերի զանգվածի մասին և ցույց տալ, թե որքանով են դրանք տարբերվել ժամանակակից աստղերից», — պարզաբանել է հետազոտության համահեղինակ դոկտոր Էլոյ Դե Լերա Ասեդոն: Այս տվյալները կօգնեն գիտնականներին հասկանալ, թե ինչպե՞ս են ձևավորվել առաջին աստղերն ու գալակտիկաները և ե՞րբ են եղել:
Հետազոտությունների հեռանկարները
Հետազոտությունն ընդգծում է ռադիոաստղագիտության եզակի դերը վաղ Տիեզերքի ուսումնասիրության մեջ: Գիտնականները ծրագրում են շարունակել 21-սանտիմետրանոց ազդանշանի վերլուծությունը՝ առաջին աստղերի բնութագրերը ճշգրտելու և դրանց ազդեցությունը գալակտիկաների ձևավորման վրա պարզելու համար: Երկարաժամկետ հեռանկարում այս տվյալները կօգնեն պատասխանել աստղերի, սև խոռոչների և, հնարավոր է, նույնիսկ Տիեզերքում կյանքի ծագման մասին հիմնարար հարցերին:






