Գտնվելով տեկտոնական սալերի ծայրակցվածքում՝ Հայաստանն աշխարհի սեյսմիկ առումով ամենաակտիվ տարածաշրջաններից մեկում է, որտեղ ցնցումները կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Վերջին տարիներին տարածաշրջանում հաճախակի տեղի ուեցնող երկրաշարժերի աճն ավելի ու ավելի շատ հարցեր է առաջացրել այս երևույթների բնույթի և դրանց նկատմամբ երկրի պատրաստվածության վերաբերյալ։ Հնարավո՞ր է արդյոք սովորել կանխատեսելու հաջորդ երկրաշարժի ժամանակն ու վայրը։ Ինչո՞վ է բացատրվում մեր տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության աճը։ Եվ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայելու բնության կործանարար ուժին։ Այս արդիական թեմաները «Բա իմացա՞ր» հաղորդման մեջ բացահայտել է Երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը ՝ մեզ հաղորդակից դարձնելով սեյսմիկ իրավիճակի և ռիսկերի նվազեցման միջոցառումների փորձագիտական ​​վերլուծությանը։

Ինչո՞վ է պայմանավորված սեյսմիկ ակտիվության աճի զգացողությունը

Այն, ինչ այսօր ընկալվում է իբրև տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության աճ, իրականում կարող է լինել բնական գեոդինամիկ բոլորաշրջանի մի մասը։ Ըստ երկրաբան Արա Ավագյանի՝ տարածքների սեյսմիկությունը ենթակա է փուլային տատանումների. հարաբերական անդորրի ժամանակահատվածները փոխարինվում են ակտիվության աճի փուլերով։ Նման տատանումները տեկտոնական տևական բնականոն գործընթացների մասն են կազմում։

«Տեկտոնական լարվածության արդյունքում սեյսմիկ օջախներն էներգիա են կուտակում։ Որոշակի պահի այդ էներգիան պարպվում է երկրաշարժի տեսքով։ Օջախների վարքագիծը կարող է տարբեր կերպ դրսևորվել. հազվագյուտ դեպքերում այն ​​կարող է գրեթե պարբերաբար դրսևորվել, երբ երկրաշարժերը տեղի են ունենում հավասար ժամանակամիջոցում և համեմատաբար միանման պարամետրերով։ Ընդսմին բնության մեջ դա չափազանց հազվադեպ է պատահում։ Ավելի հաճախ մենք դիտարկում ենք հանգստության փուլերով հերթագայող ակտիվության դրվագային փուլեր, ընդ որում սեյսմիկ դրսևորումներն իրենց  ինտենսիվությամբ, խորությամբ և տեղայնացմամբ կարող են տարափոխվել», -պարզաբանում է Ավագյանը։

Նա նշել է, որ կարևոր է հաշվի առնել երկրաբանական ժամանակի ընդգրկումը. «Մարդու համար հասանելի դիտարկման ժամանակահատվածը սահմանափակվում է տասնամյակներով, լավագույն դեպքում՝ դարերով, մինչդեռ երկրաբանական գործընթացները հազարավոր և միլիոնավոր տարիների ընթացքում են զարգանում։ Հետևաբար, սեյսմիկ ակտիվության ներկա աճը չի գերազանցում այն, ինչը սեյսմոլոգիան սահմանված կարգ է համարում»։

Ժամանակային ասպեկտից զատ, կարևոր է նաև աշխարհագրական ասպեկտը։ «Բարձր ակտիվությունը պայմանավորված է նաև տարածաշրջանի տեկտոնական դիրքով՝ խոշոր ակտիվ բեկվածքների հատման կետով, մոտակա գեոդինամիկորեն ակտիվ կառուցվածքների վարքագծով և այն լիթոսֆերայի բնութագրերով, որոնցում դրանք զարգանում են։ Այս ամենը ձևավորում է այն երկրաբանական միջավայրը, որում մենք ապրում ենք»,-ընդգծում է մասնագետը։

Տեխնոգեն բնույթի ​​երկրաշարժեր և դավադրության տեսություններ

Երկրաշարժերի բնույթը կարող է տարբեր լինել, սակայն դրանցից ամենաավերիչները, իբրև կանոն, պայմանավորված են տեկտոնական սալերի շարժմամբ՝ դրանք այսպես կոչված տեկտոնական երկրաշարժերն են։ Գոյություն ունեն նաև սեյսմիկ իրադարձությունների այլ տեսակներ։ Դրանցից որոշները կարող են ի հայտ գալ արտաքին գործոնների արդյունքում, ինչպիսին երկնաքարի անկումն է, կամ կարող են մարդածին ծագում ունենալ։ Երկրաբան Արա Ավագյանի բնորոշմամբ՝ մի շարք դեպքերում ցնցումներն առաջանում են հանքարդյունաբերական աշխատանքների պահին, հատկապես՝ հանքերում և քարհանքերում տեղի ունեցող պայթյուններից։ Այդ երևույթները դասակարգվում են որպես հրահրված կամ «արհեստական» երկրաշարժեր։

Սակայն, ինչպես ընդգծում է փորձագետը, նման տեղային ցնցումներն ի վիճակի չեն հզոր տեկտոնական երկրաշարժ առաջացնել։ «Ինձ հաճախ են հարցնում. կարո՞ղ են հանքերում պայթյունները տարածաշրջանային մասշտաբի աղետ առաջացնել։ Պատասխանը՝ ոչ։ Դրա համար ահռելի հզորության պայթյուններ կպահանջվեին», - նշում է Ավագյանը։ Նա օրինակ է բերել 2010 թվականին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժը, որը դավադրության տեսությունների տարածման պատճառ դարձավ։ «Երբեմն պնդումներ են հնչում, թե այդ երկրաշարժը միտումնավոր գործողության արդյունք է եղել. իբր ստորգետնյա պայթյունները Միացյալ Նահանգներն է սարքել։ Սակայն, որպես մասնագետ, ես նման ենթադրություններն անհեթեթություն եմ համարում։ Մենք լավ գիտենք նման երևույթների բնույթը. նման դեպքերում գրանցվում են նախացնցումներ, հիմնական սեյսմիկ իրադարձություն և հետցնցումներ՝ այդ ամենը համապատասխանում է բնական երկրաշարժի դասական պատկերին։ Մենք գիտենք նաև էպիկենտրոնի ճշգրիտ տեղը և դրա խորությունը»,-պարզաբանում է նա։

Ըստ Ավագյանի՝ նմանատիպ վարկածներ հնչել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը մոտ 10 կիլոմետր խորության վրա էր։ «Նման խորության վրա նման մասշտաբի պայթյուն իրականացնելը ոչ միայն դժվար է, այլև գործնականում՝ անհնար։ Նույնիսկ եթե 1980-ականների վերջին ինչ-որ մեկը նպատակ ունենար նմանատիպ միջամտություն իրականացնել, նման խորության վրա հորատանցք հորատելը տարիներ, եթե ոչ տասնամյակներ կտևեր։ Բացի դրանից, անհրաժեշտ պայթուցիկ սարքի հզորությունը պետք է չափազանց բարձր լիներ։ Օրինակ՝ Հիրոսիմայի վրա նետված միջուկային լիցքը կարող էր ընդամենը 6 մագնիտուդով երկրաշարժ առաջացնել, և այն էլ միայն փոքր տարածքում։ Դա տեկտոնական տեղաշարժերի հետևանքով առաջացած ավերածությունների մասշտաբի հետ ամենևին համեմատելի չէ»։

Մասնագետն ընդգծում է, որ տեկտոնական համատեքստն առանցքային նշանակություն ունի. նայած որ բեկվածքի վրա է տեղի ունեցել իրադարձությունը, ինչ երկրաբանական միջավայրում։ «Երբ մենք համադրում ենք այս տվյալները գործիքային դիտարկումների և երկրաբանական քարտեզների հետ, ակնհայտ է դառնում, որ դավադրության տեսությունները զուկ են որևէ գիտական ​​հիմքից։ Տեսականորեն, հրահրված սեյսմիկությունը հնարավոր է, մինչդեռ գործնականում ավերիչ երկրաշարժ հրահրելը տեխնիկական և ֆիզիկական տեսանկյունից գործնականում անհնար է»։

Գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ հարցազրույցների շարքի հովանավորը Team Telecom Armenia-ն է։