Հայաստանը 2024 թվականի գարնանն եզակի գիտափորձի՝ AMADEE-24 միջազգային անալոգային առաքելության ասպարեզ դարձավ։ Գիտափորձը կազմակերպել էր Ավստրիական տիեզերական ֆորումը՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ համատեղ։ Մարս մոլորակի պայմաններին հնարավորինս մոտ պայմաններում հետազոտողները փորձարկեցին տեխնոլոգիաները, սկաֆանդրները և մեկուսացման մեջ անձնակազմի վարքագիծը:

Սակայն գիտնականները դրանով չսահմանափակվեցին։ Արդեն այսօր ծրագրվում են նոր, դեպի Մարս ապագա թռիչքների ոչ միայն տեխնոլոգիական, այլև կենսաբանական ասպեկտները ներառող է՛լ ավելի լայնածավալ անալոգային առաքելություններ։ Նոր ծրագրերի մասին պատմեց AMADEE-24 առաքելության մասնակից, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Ապագայի տեխնոլոգիաները. անալոգային առաքելությունները՝ իբրև Մարս թռչելու նախապատրաստություն

Ինչպես նշեց Արսեն Առաքելյանը, «անալոգային տիեզերական առաքելությունների իմաստն այն է, որ այն տեխնոլոգիաները, որոնք չեն կարող փորձարկվել իրական դաշտային պայմաններում, օրինակ՝ Մարսի կամ այլ մոլորակների վրա, փորձարկվում են Երկրի վրա: Հենց դրա համար էլ նման առաքելությունները անալոգային են կոչվում, քանի որ մոդելավորում են պայմաններ, որոնք կարող են ապագայում իրականություն դառնալ»: Նման առաքելությունների նպատակը, ըստ նրա, կարևորագույն ոլորտների բացահայտումն է, որտեղ տեխնոլոգիան և մարդկային գործոններն առաքելության հաջողության վրա կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ:

Նման հետազոտությունների վառ օրինակ էր անցյալ տարի Հայաստանում անցկացված AMADEE-24 առաքելությունը, որն ապագա տիեզերական գիտարշավների համար գիտնականներին եզակի տվյալներ տրամադրեց։

Հայաստանը միանում է 2025 թվականի ամենախոշոր անալոգային առաքելությանը

Ըստ Արսեն Առաքելյանի՝ 2025 թվականի հոկտեմբերին տեղի կունենա անալոգային լայնածավալ World’s Biggest Analog (WBA) առաքելությունը, որը կազմակերպում է Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF): WBA-ն ամբողջ աշխարհում 10 անալոգային լաբորատորիաներ միավորող նախաձեռնություն է: Ծրագիրը կհամակարգվի Վիեննայում։

Հայաստանն արդեն դարձել է այս նշանակալից ծրագրի մի մասը՝ WBA-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելով, ըստ որի՝ հետազոտությունների տասը վայրերից մեկը կդառնա։

Նախապատրաստման կարևոր փուլը կլինի ապրիլի 26-ին Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվելիք աշխատաժողովը։ Միջոցառմանը կներկայացվեն AMADEE-24-ի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքները։

Սեմինարը շահագրգիռ խմբերին հնարավորություն կընձեռի նոր հետազոտությունների համար WBA-ի շրջանակում ներկայացնել սեփական հայտերը և առաջարկները: Նախագիծը ոլորտների լայն շրջանակ է ընդգրկում, և առաջարկներ կարող են լինել տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, հավելել է Առաքելյանը։ Ըստ նրա՝ բոլոր առաջարկները միջազգային մակարդակով կդիտարկի և կհաստատի միջազգային փորձագետների խումբը։

 Հայաստանը վերստին «Մարս» է դառնալու

«Աշխարհի ամենախոշոր World’s Biggest Analog (WBA) շրջանակում մոդելավորվելու է մի իրավիճակ, երբ Լուսնի և Մարսի վրա արդեն կան մի քանի միջազգային կայաններ, և մենք փորձարկելու ենք նրանց միջև հաղորդակցության ընթացքը, այս անգամ Հայաստանը ևս Մարս կլինի»,-հայտարարել է Արսեն Առաքելյանը։

Ճամբարներից մեկի տեղակայման վայրը կլինի Արմաշ գյուղը (Արարատի մարզ), որն ընտրվել է առավելագույնս Մարսի մակերեսը հիշեցնող իր կիսաանապատային լանդշաֆտի շնորհիվ։ WBA-ն կդառնա անալոգային տիեզերական առաքելությունների ամենամեծ գիտափորձը, որը կմիավորի գիտնականներին, ինժեներներին և էնտուզիաստներին Լուսնի և Մարսի ապագա գաղութացման առումով կարևոր խնդիրները լուծելու համար: Նախագիծը միաժամանակ ընդգծում է Հայաստանի՝ միջազգային տիեզերական ծրագրերի ակտիվ մասնակցի նշանակալի դերը։

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Արսեն Առաքելյանը վաղը՝ ապրիլի 23-ին, կներկայացնի AMADEE-24 Մարս առաքելության կենսաբժշկական արդյունքների մասին զեկույցը։