Ներգաղթյալները զգալի ներդրում ունեն միաեղջյուր ընկերությունների (առավել խոշոր ստարտափների) ոլորտի զարգացման գործում։ Աշխարհում այս ընկերությունների 40%-ի ստեղծմանը մասնակցել են օտարերկրյա հիմնադիրներ, պարզել են Ռուսաստանի Ազգային գիտահետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի վիճակագրական հետազոտությունների և գիտելիքի էկոնոմիկայի ինստիտուտի ռուսական կլաստերային օբսերվատորիայի փորձագետները։
Նշենք, որ միաեղջյուր է կոչվում այն ստարտափը, որի արժեքը հիմնադրման օրվանից տասը տարվա ընթացքում հասել է $1 միլիարդի, չի ցուցակվել ֆոնդային բորսայում և ընկերության առնվազն երեք քառորդը հիմնադիրների սեփականությունն է։
«Ռելոկացիան որպես ինովացիոն գործունեության շարժիչ ուժ. միաեղջյուր ընկերությունների հիմնադիրների միջազգային միգրացիայի գլոբալ ուսումնասիրություն» վերնագրով ուսումնասիրության հեղինակներն ուսումնասիրել են 49 երկրում այսպիսի 1357 ընկերության տվյալները։
Կախված հիմնադիրների միգրացիայի գերակշռող ուղղությունից՝ հետազոտողները երկրները բաժանել են երեք խմբի՝
- Երկրներ, որոնք դրսից միաեղջյուր ընկերություններ են ներգրավել
- Երկրներ, որոնք ինքնուրույն են ստեղծել նման ընկերություններ
- Երկրներ, որոնք կորցրել են իրենց միաեղջյուր ընկերություններ բոլոր հիմնադիրներին։
Ռուսաստանը դասվում է վերջին խմբին՝ երկիրը լքել է միաեղջյուր ընկերություն ստեղծած 38 մարդ։ Այս ցուցանիշով Ռուսաստանը զգալիորեն գերազանցում է նմանատիպ այլ երկրներին։
«Միաեղջյուրների» 40%-ի ստեղծմանը մասնակցել են օտարերկրյա հիմնադիրներ
Փորձագետները պարզել են նման ստարտափների ավելի քան 3000 հիմնադիրների «ծագման երկիրը» և այն համալսարանները, որտեղ սովորել է նրանցից մոտ 2700-ը։ Նրանք ուսումնասիրել են միգրացիոն միտումները՝ համեմատելով հիմնադիրների ծննդյան երկրները և այն վայրերը, որտեղ նրանք գրանցել են ընկերությունները, որոնք դարձել են միաեղջյուր։ Արդյունքում պարզվել է, որ այս ընկերություններից 40%-ի ստեղծմանը մասնակցել են օտարերկրյա հիմնադիրներ։
Վերոնշյալ առաջին խումբը ներառում է պետություններ, որոնք ունեն առնվազն յոթ միաեղջյուր ընկերություն և դրանց ավելի քան 50%-ը հիմնված է միգրանտների կողմից։ Այս խմբի կազմում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Սինգապուրը, Շվեյցարիան, Մեքսիկան և Ինդոնեզիան։ Հետազոտողները որպես միաեղջյուր ընկերություններ ներգրավելու գործոններ են համարում այս երկրներում վենչուրային կապիտալի զարգացած շուկան, առաջատար համալսարանների, հետազոտական կազմակերպությունների և բիզնես դպրոցների, ինչպես նաև բարձր վարկանիշ ունեցող և հաճախ մեջբերվող գիտնականների, Նոբելյան և Ֆիլդսի մրցանակակիրների առկայությունը:
Երկրորդ խմբում ընդգրկված են նույն թվով ստարտափներ ունեցող երկրներ, ինչպես առաջինում, բայց այնտեղ ներգաղթյալների կողմից հիմնված «միաեղջյուրների» մասնաբաժինը 30%-ից պակաս է, այսինքն՝ այս երկրներում գերակշռում են տեղի ձեռներեց-հիմնադիրները: Դրանք են Չինաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Իսրայելը, Կորեան, Ավստրալիան, Ճապոնիան և Շվեդիան։ Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ միաեղջյուր ընկերությունների ինքնուրույն ստեղծման համար կարևոր են երկրի կողմից հետազոտությունների և զարգացման վրա արվող ծախսերը։
Ի վերջո, երրորդ խումբը բաղկացած է այն երկրներից, որոնք չունեն միաեղջյուր ընկերություններ, բայց այդտեղ ծնվել են դրանց ութից ավելի հիմնադիրներ։ Դրանք են Ռուսաստանը, Ռումինիան, Լեհաստանը, Բուլղարիան, Պակիստանը, Ուկրաինան, Իրանը։ Ըստ այդ ցուցանիշի՝ Ռուսաստանն առաջ է անցել այս խմբի մյուս երկրներից։ Երեսունութ այդպիսի ձեռնարկատեր վերջնականապես լքել է երկիրը, օրինակ՝ Revolut ֆինտեխ ստարտափի համահիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին և Acronis ՏՏ ստարտափի հիմնադիր Սերգեյ Բելոուսովը։ Համեմատության համար նշենք, որ «միաեղջյուրների» 20 ապագա հիմնադիրներ հեռացել են Ուկրաինայից, 11-ական՝ Ռումինիայից ու Իրանից, 10-ը՝ Լեհաստանից։
Ի՞նչն է նպաստում այս արտահոսքին
Հետազոտության հեղինակները նշում են, որ նման արտահոսքին նպաստում են այնպիսի պարամետրերի ցածր ցուցանիշները, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, բարձր տեխնոլոգիական խոշոր ընկերությունների թիվը, բարձր տեխնոլոգիաների արտահանման ծավալը, միջազգային արտոնագրեր ստանալու համար հայտերի քանակը, գերհամակարգիչների առկայությունը, ինչպես նաև երկրում մտավոր սեփականության պաշտպանության և օրենքի գերակայության զարգացվածության աստիճանը։
Հետազոտության հեղինակներից Եվգենի Կուցենկոն ասել է, որ միաեղջյուր ընկերությունների միգրացիայի հարցում Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս որպես բացարձակ դոնոր։ Առնվազն չորս գործող (Acronis, Revolut, OCSiAl, InDriver) և երկու նախկին «միաեղջյուրներ» (Arrival և Yandex) ամբողջությամբ լքել են Ռուսաստանը կամ իրենց գլխավոր գրասենյակները գրանցել են երկրից դուրս։
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ համալսարանները զգալի ռեսուրս են ինչպես միաեղջյուր ընկերություններ աճեցնելու, այնպես էլ դրանց ներգրավելու համար. նման ընկերությունների հիմնադիրների մեծ մասն ավարտել է աշխարհի առաջատար համալսարաններ, յուրաքանչյուր երրորդ ձեռնարկատեր սովորել է այն երկրում, որտեղ հետո տեղափոխվել է։ Քսան համալսարաններին, որոնք առավել շատ միաեղջյուր ընկերություններ ստեղծած շրջանավարտներ են ունեցել, բաժին է ընկնում նրանց ընդհանուր թվի մոտ 40%-ը: Դրանք ԱՄՆ-ի (13), Իսրայելի (3), Մեծ Բրիտանիայի (2), Հնդկաստանի (1) և Չինաստանի (1) համալսարաններն են։
Նշենք, որ հայկական Picsart ընկերությունը 2021-ին նույնպես դարձել է միաեղջյուր։ Հովհաննես Ավոյանի, Արտավազդ Մեհրաբյանի և Միքայել Վարդանյանի կողմից 2011-ին հիմնված ընկերությունն անցած տարի ներգրավել է ևս 130 մլն դոլար, այժմ ընկերությունը գնահատվում է 1.5 մլրդ դոլար։ Ըստ Wikipedia-ի՝ Picsart-ի գլխամասային գրասենյակը գրանցված է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է ՏՏ ոլորտի 67 ընկերություն։ Picsart-ն այդ շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ վճարված 3.1 մլրդ դրամ հարկերով, առաջին տեղում Synopsis Armenia-ն է (3.3 մլրդ դրամի հարկ)։ Picsart-ը վերջերս նաև տեղեկացրել է, որ արհեստական բանականությամբ աշխատող AI Image Generator գործիքի միջոցով ամեն օր 1 մլն պատկեր է ստեղծվում։






