Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության նիստում որոշում է կայացվել ձևավորել 6 մասնագիտական պրոբլեմային խորհուրդ։ Այս մասին NEWS.am Tech–ին հայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը։
Նա նշեց, որ խորհուրդները ստեղծվում են գիտության տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու, մասնագիտական կարծիք ձևակերպելու և պետական կառավարման մարմիններին և գերատեսչություւններին, ինչպես նաև մասնավոր սեկտորին խորհրդատվություն տրամադրելու նպատակով։
Կոնկրետ ստեղծվելու են հատուկ նշանակության հիմնախնդիրների, ներդրումային հիմնահարցերի, կենսաբազմազանության և կենսանվտանգության, սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության, բնական և տեխնածին աղետների, պատմագիտության և մշակութաբանության, տերմինաբանության հիմնախնդիրների պրոբլեմային խորհուրդներ։
Ըստ ակադեմիկոս քարտուղարի՝ շատ կարևոր է խորհուրդների ձևավորման սկզբունքը․ դրանք ներառելու են ԳԱԱ անդամների, ԳԱԱ արտասահմանյան անդամների, Ակադեմիայից դուրս գործող տեղական և արտասահմանյան գիտնականների, համապատասխան պետական գերատեսչությունների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների։
Արթուր Իշխանյանի խոսքով, այս խորհուրդների ստեղծումը մեկն է այն քայլերից, որ ԳԱԱ–ն նախաձեռնել է իր նոր տեսլականի համաձայն, այն է՝ «դրական իմաստով «ագրեսիվ» գործողությունների իրականացումը»։
Պարզաբանելով այդ տեսլականը՝ նա նշեց, որ խորհրդային տարիներին Ակադեմիայի ստեղծումից մինչ այսօր տեղի են ունեցել ֆունդամենտալ քաղաքական և աշխարհաքաղաքական փոփոխություններ, և նոր մարտահրավերները ստիպում են իրականացնել այլ կարգի գործողություններ, որոնք դուրս են Ակադեմիայի հիմնական կանոնադրական գործառույթներից։
«Մեր Ակադեմիան ստեղծվել է Խորհրդային համակարգում, գերմանական տարբերակով, և իր վրա կանոնադրորեն դրված էր հիմնարար հետազոտությունների իրականացումը։ Բայց մենք չենք դնում խնդիր, որ սա քարացած պետք է մնա։ Մենք հստակ հասկանում ենք, որ քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակները շատ տարբեր են Ակադեմիայի ստեղծման պահին և հիմա, հասկանում ենք, թե ինչ ֆունդամենտալ փոփոխություններ են տեղի ունեցել՝ նախ, հասարակարգ է փոխվել, երկրորդ, մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում։ Եվ մենք գիտակցում ենք, որ պետք է այլ տիպի քայլեր ևս անենք»,- ասաց նա։
Նախկինում՝ Ակադեմիայի և արտադրության, տնտեսության միջև եղել է ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների համակարգը, որը, ըստ նրա, հիմա ամբողջովին փլուզված է, բայց դրա կարիքը կա հասարակությունում, պետությունում ու տնտեսությունում։
«Եվ ընդհանուր գաղափարախոսական փոփոխության հիմքում դրված է այն, որ Ակադեմիան սեփական ցանկությամբ, պարտքի գիտակցմամբ վերցնում է ավելի շատ գործառույթներ, քան իր ստեղծման ժամանակաշրջանում։ Մենք ցանկություն և կամք ունենք իրականացնելու նաև այդ ճյուղային ինստիտուտների ֆունկցիաները՝ եթե ոչ ամբողջովին, ապա, համենայն դեպս, մի շատ զգալի մասով։
Նաև նմանատիպ ընդլայնում նախատեսում ենք իրականացնել բուհական կրթական համակարգի հետ կապված։ Այսինքն՝ Ակադեմիան ցանկություն ունի, և դրական իմաստով բռնել է ագրեսիվ գործողությունների ուղին։ Մենք այդ ուղղությամբ ձեռնարկել ենք արդեն բազմաթիվ քայլեր։ Անշուշտ դրանք միայն ճանապարհի սկիզբն են», – ասաց նա։






