Apple-ը պատրաստում է առաջին ծալովի iPhone-ը. ի՞նչ ցույց կտան սեպտեմբերի 9-ին

22:01    7 սեպտեմբերի, 2026

Apple-ը պատրաստվում է անցկացնել տարվա ամենասպասված շնորհանդեսներից մեկը։ Սեպտեմբերի 9-ին ընկերությունը կներկայացնի iPhone-ների նոր սերունդը, և միջոցառման գլխավոր իրադարձությունը պետք է դառնա Apple-ի պատմության մեջ առաջին ծալովի սմարթֆոնը։ Միաժամանակ սպասվում են նոր Apple Watch և AirPods։

Apple-ի առաջին ծալովի iPhone-ը

MacRumors-ի տվյալներով՝ Apple-ը մշակում է գրքի ձևաչափով ծալովի iPhone, որը բացված վիճակում կհիշեցնի փոքր պլանշետ։ Սարքի ենթադրյալ անվանումն է iPhone Ultra, սակայն պաշտոնական անունը դեռևս հաստատված չէ։

Ըստ արտահոսքերի՝ սմարթֆոնը կստանա մոտ 5,5 դյույմ անկյունագծով արտաքին OLED ցուցասարք։ Բացելուց հետո օգտատիրոջը հասանելի կդառնա մոտ 7,8 դյույմանոց հիմնական էկրանը։

Սարքը ստեղծելիս Apple-ի գլխավոր խնդիրներից մեկը դարձել է ծխնու և ծալովի էկրանի կառուցվածքը։ Ցուցասարքի վրայի բնորոշ ծալքից ամբողջությամբ ազատվել ընկերությանը, ըստ երևույթին, չի հաջողվել, սակայն այն կլինի նվազագույնը։ Ընդ որում, Apple-ը օգտագործում է հեղուկ մետաղից պատրաստված ուժեղացված ծխնի՝ հատուկ ուշադրություն դարձնելով մեխանիզմի դիմացկունությանը։

Բացված վիճակում սմարթֆոնի հաստությունը կարող է կազմել ընդամենը մոտ 4,5 մմ։ Սակայն հենց սարքն այդքան բարակ դարձնելու ձգտումը կարող էր ստիպել Apple-ին գնալ մի շարք զիջումների։

Face ID-ն կարող են փոխարինել Touch ID-ով

Ամենանկատելի փոփոխություններից մեկը կդառնա կենսաչափական նույնականացման համակարգը։ Բարակ իրանի ներսում սահմանափակ տարածության պատճառով Apple-ին, աղբյուրի համաձայն, չի հաջողվել տեղադրել Face ID-ի համար նախատեսված լիարժեք TrueDepth համակարգը։

Դրա փոխարեն ծալովի iPhone-ը կարող է ստանալ Touch ID՝ ինտեգրված կողային կոճակի մեջ։ Ընդ որում, դիմային տեսախցիկները կգտնվեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կողմում։

Սահմանափակումները կվերաբերեն նաև հիմնական տեսախցիկին։ Ծալովի իրանում տեղ չի գտնվել եռակի տեսախցիկի համակարգի համար, ուստի iPhone Ultra-ն կարող է ստանալ միայն հիմնական և գերլայնանկյուն տեսախցիկներ՝ առանց տելեօբյեկտիվի։

Ընդ որում, MagSafe-ի աջակցությունը, որը նախկինում հարցականի տակ էր, վերջին տվյալներով, այնուամենայնիվ կհայտնվի։

Արտադրողականություն և գին

Սպասվում է, որ սարքը կստանա նոր 2 նմ A20 Pro պրոցեսոր։ Նախնական տվյալներով՝ այն կարող է լինել մոտ 18%-ով ավելի արտադրողական, քան A19 Pro-ն, և ծախսել մինչև 30%-ով քիչ էներգիա։

Սմարթֆոնը կարող է ստանալ նաև 12 ԳԲ օպերատիվ հիշողություն և մոտ 5400–5800 մԱժ ընդհանուր ծավալով մարտկոց։ Մարտկոցն ընդ որում բաժանված կլինի իրանի երկու կեսերի միջև։

Ծալվող iPhone-ի լայն տարածման գլխավոր խոչընդոտը կարող է դառնալ գինը։ Եղած արտահոսքերի համաձայն՝ սարքի արժեքը կսկսվի մոտ $2000-ից, իսկ ավելի մեծ հիշողությամբ տարբերակները կարող են արժենալ $2500-ից ավելի։

iPhone 18 Pro-ն նույնպես կթարմացնեն

Ծալովի սարքից բացի Apple-ը պետք է ներկայացնի iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը։ Արտաքնապես դրանք, ինչպես սպասվում է, կպահպանեն նախորդ սերնդի ծանոթ դիզայնը, սակայն կստանան մի շարք ներքին փոփոխություններ։

Տեսախցիկի գլխավոր թարմացումը կարող է դառնալ հիմնական տեսախցիկի փոփոխական ապերտուրայի համակարգը։ Այն թույլ կտա կարգավորել սենսորի վրա ընկնող լույսի քանակը, ինչը պետք է բարելավի նկարահանումը տարբեր պայմաններում և օգտատիրոջն ավելի շատ վերահսկողություն տա դաշտի խորության նկատմամբ։

iPhone 18 Pro Max-ը նույնպես կարող է ստանալ ավելի տարողունակ մարտկոց, իսկ նոր ցուցասարքերը և 2 նմ պրոցեսորը պետք է հավելյալ բարձրացնեն էներգաարդյունավետությունը։

Ընդ որում, ստանդարտ iPhone 18-ը սեպտեմբերին, ինչպես սպասվում է, չի ներկայացվի։ Դրա թողարկումը, ըստ լուրերի, տեղափոխվել է 2027 թվականի գարուն։

Նոր ժամացույցներ և AirPods

iPhone-ներից բացի Apple-ը կարող է ցույց տալ Apple Watch Series 12-ը և Apple Watch Ultra 4-ը։ Դիզայնի էական փոփոխություն  չի սպասվում, սակայն սարքերը պետք է ստանան նոր պրոցեսոր և առողջության ու ֆիթնեսի գործառույթների բարելավումներ։

Եվս մեկ նորույթ կարող են դառնալ AirPods 5-ը։ Դրանց վերագրում են նոր H3 չիպը, որը պետք է բարելավի ձայնի որակը և նվազեցնի հապաղումը։

Apple-ի սեպտեմբերյան շնորհանդեսը կարող է արտասովոր լինել առաջին հերթին ընկերության համար բոլորովին նոր ձևաչափի հայտնվելու պատճառով։ Եթե կանխատեսումները հաստատվեն, սեպտեմբերի 9-ին Apple-ն առաջին անգամ դուրս կգա ծալվող սմարթֆոնների շուկա։



© NEWS.am Medicine