50 հազար բաժանորդագրություն և ԱԲ դպրոցների համար. Ինչպես է Հայաստանը պատրաստվում օգտագործել արհեստական բանականությունը կրթության մեջ

13:11    28 օգոստոսի, 2026

Սեպտեմբերից հայաստանյան դպրոցների և բուհերի համար հասանելի կդառնա արհեստական բանականության կրթական գործիքների մեծ հավաքածու: Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է տրամադրել 50 հազար բաժանորդագրություն, որոնցից կարող են օգտվել ավագ դպրոցականներն ու բարձրագույն կրթության համակարգի ներկայացուցիչները:

Խոսքը ոչ թե պարզապես սովորական ChatGPT-ի հասանելիության մասին է: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ներդնել հենց կրթական առաջադրանքների համար նախատեսված գործիքներ, իսկ զուգահեռաբար՝ ուսուցիչներին և դպրոցների ղեկավարներին սովորեցնել աշխատել դրանց հետ:

«Կրթական համակարգը պետք է սովորի փոխգործակցել արհեստական բանականության հետ: Սա իրականություն է, որն արդեն դարձել է մեր կյանքի մասը», — լրագրողների հետ հանդիպմանն ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ինչ կկարողանա ԱԲ-ն անել դպրոցի տնօրենի համար

Ենթադրվող սցենարներից մեկը կապված է դպրոցի կառավարման հետ: Այսօր տնօրենը էլեկտրոնային համակարգում կարող է տեսնել աշակերտների գնահատականներն ու հաճախումները: Արհեստական բանականության գործիքների օգնությամբ այս տվյալները հնարավոր կլինի լրացուցիչ վերլուծել՝ խոցելի տեղերը բացահայտելու և հասկանալու համար, թե որ ուղղությունների վրա դպրոցը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի:

Այսպիսով, ԱԲ-ն պետք է օգտագործվի ոչ միայն որպես գործիք հենց աշակերտի համար, այլև որպես դպրոցի վարչակազմի աջակցման միջոց:

«Օրինակ՝ դպրոցի տնօրենը, ով ամբողջությամբ թվային միջավայրում էլեկտրոնային համակարգում տեսնում է երեխաների գնահատականները, նրանց բացակայությունները, արհեստական բանականության գործիքների օգնությամբ կկարողանա նաև ստանալ վերլուծություն և իր համար հասկանալ ավելի խոցելի տեղերը, այն ուղղությունները, որոնց վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել», — բացատրել է նախարարը:

Ուսուցիչները կկարողանան ավելի քիչ ժամանակ ծախսել առօրյա (ռուտինային) աշխատանքի վրա

Եվս մեկ ուղղություն է մանկավարժներին աջակցելը: ԱԲ-գործիքները կկարողանան օգտագործվել առաջադրանքների ու թեստերի պատրաստման, ինչպես նաև թեմատիկ պլանավորման համար: Գաղափարն այն է, որ մեխանիկական աշխատանքի մի մասը փոխանցվի տեխնոլոգիաներին՝ ուսուցչի համար ավելի շատ ժամանակ ազատելով բովանդակային և ստեղծագործական գործունեության համար:

Ընդ որում, նախարարությունում ընդունում են, որ պարզապես մանկավարժներին նոր գործիքների հասանելիություն տրամադրելը բավարար չէ: Ուսուցիչներին և տնօրեններին կպահանջվեն հրահանգներ և ուսուցում:

Անդրեասյանը հայտնել է, որ կպատրաստվեն համապատասխան ուղեցույցներ և տեսանյութեր, ինչպես նաև նախատեսվում է վերապատրաստման լայնամասշտաբ գործընթաց:

Դպրոցները ստիպված կլինեն սովորել ապրել ԱԲ-ի հետ

Նախարարությունը արհեստական բանականության ներդնումը դիտարկում է ոչ միայն որպես տեխնոլոգիական նախագիծ, այլև որպես ամբողջ կրթական միջավայրի լուրջ փոփոխություն:

Անդրեասյանի խոսքով՝ ԱԲ-ի գրագետ և մտածված օգտագործումն ունակ է օգնել կրթական համակարգին, սակայն առանց կանոնների և այն բանի ընկալման, թե հատկապես ինչպես կիրառել նման գործիքները, տեխնոլոգիան կարող է ստեղծել նոր խնդիրներ:

«Մենք վստահ ենք, որ միայն գրագետ և մտածված լուծումները կկարողանան ստիպել այս գործիքներին ծառայել որակյալ կրթությանը, այլ ոչ թե հանգեցնել լրջագույն մարտահրավերների, որոնց հետ այսօր բախվում է ամբողջ կրթական համակարգն ամբողջ աշխարհում», — ասել է նա:

Նախարարությունում նաև անհրաժեշտ են համարում մշակել համապատասխան օրենսդրություն: Այս ուղղությամբ նախատեսվում է աշխատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

ԱԲ-ն դպրոցներում ամբողջովին նոր պատմություն չէ

Ընդ որում, հայկական դպրոցներում ԱԲ-ի ներդնումը սկսվել է ոչ միայն հիմա: Նախարարությունն արդեն մի քանի տարի է, ինչ մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացնում է STEP AI ծրագիրը: Այն ենթադրում է արհեստական բանականության համալիր դասընթացներ և արդեն գործում է 15 դպրոցում:

Եվս մեկ ծրագիր է «Արհեստական բանականության սերունդը»: Սեպտեմբերից նախատեսում են ընդլայնել այն. այն հասանելի կլինի արդեն 39 դպրոցում:

Նախարարի խոսքով՝ նման ծրագրերը թույլ են տալիս ոչ միայն երեխաներին տալ նոր գիտելիքներ, այլև ստեղծել հնարավորություններ մասնագիտական կողմնորոշման համար: Դպրոցականները ստանում են հմտություններ, որոնք կարող են պահանջված լինել ապագայում, և դառնում են ավելի մրցունակ:

Արդյունքները, Անդրեասյանի խոսքով, արդեն տեսանելի են միջազգային մրցույթներում: Այս տարի հայ դպրոցականները ստացել են երկու բրոնզե մեդալ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում:

Նախարարը հատկապես ընդգծել է, որ այս արդյունքները ցույց են տվել պետական դպրոցների, այդ թվում՝ մարզային դպրոցների աշակերտները:

Նախարար. Չի կարելի համարել, որ լավ կրթություն կա միայն Երևանում

Անդրեասյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարզային դպրոցների արդյունքներին: Նրա խոսքով՝ կրթության որակի քննարկումներում հաճախ տպավորություն է ստեղծվում, թե մայրաքաղաքի և մարզերի դպրոցների միջև գոյություն ունի միանշանակ բաժանում. լավ արդյունքներ ցույց են տալիս առաջինները, իսկ երկրորդները նկատելիորեն հետ են մնում:

Նախարարը նման պատկերը համարում է չափազանց պարզեցված:

«Հանրակրթական համակարգը բավականին բազմաշերտ է և բազմաչափ, և մենք ունենք բազմաթիվ մարզային դպրոցներ, որոնք ցույց են տալիս շատ լավ արդյունքներ՝ ինչպես արհեստական բանականության ոլորտում, այնպես էլ միջազգային օլիմպիադաների այլ ուղղություններով», — ասել է նա:

Ընդհանուր առմամբ, միջազգային օլիմպիադաների արդյունքները նույնպես աճում են: Եթե 2025 թվականին հայ դպրոցականները ստացել են 91 մեդալ միջազգային օլիմպիադաներում, ապա ընթացիկ տարում նրանք արդեն նվաճել են 115 մեդալ, ընդ որում մրցույթների մրցաշրջանը դեռ ավարտված չէ:

Նախարարության համար սա ցուցանիշ է այն բանի, որ տարբեր ուղղություններով միջազգային մրցույթներին դպրոցականների մասնակցությունն ընդլայնվում է, իսկ հայկական կրթության արդյունքները դառնում են ավելի նկատելի միջազգային մակարդակում:

Հաջորդ քայլը՝ դպրոցականներին գիտական ինստիտուտներ բերելն է

ԱԲ-ն ընդամենը մի մասն է ավելի լայն քաղաքականության, որն ուղղված է գիտության նկատմամբ դպրոցականների հետաքրքրության ուժեղացմանը:

Այս տարվա սկզբին նախարարությունը գործարկել է գիտական ինստիտուտներ այցելությունների ծրագիրը: Սկզբում դպրոցականները կարող էին գրանցվել նման այցերի համար սեփական ցանկությամբ: Այժմ նախարարությունը պլանավորում է համակարգն անել ավելի կազմակերպված. առաջիկայում պետք է հայտնվի հարթակ, որի միջոցով դպրոցները կկարողանան գրանցվել տարբեր գիտական ինստիտուտներ այցելելու համար:

Նախարարությունը նաև դիտարկում է նման այցելությունները կրթական ծրագրի պարտադիր մաս դարձնելու հնարավորությունը՝ թանգարաններ, համերգասրահներ և թատրոններ այցելությունների նմանությամբ:

Անդրեասյանն ասում է, որ անձամբ ներկա է եղել նման բազմաթիվ այցերի և տեսել է, թե ինչպես է փոխվում երեխաների վերաբերմունքը գիտության նկատմամբ, երբ նրանք հնարավորություն են ստանում ոչ թե պարզապես կարդալ դրա մասին դասագրքում, այլ սեփական աչքերով տեսնել գիտական աշխատանքը և խոսել հետազոտողների հետ:

Նրա խոսքով՝ սա կարող է ազդել և՛ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման, և՛ հասարակության ու պետության կյանքում գիտության դերի մասին նրանց պատկերացման վրա:

Դպրոցական լաբորատորիայից դեպի իրական գիտություն

Այս աշխատանքը պետք է լրացնի պետական քաղաքականության ևս մեկ ուղղություն. կառավարությունը նպատակ է դնում բոլոր դպրոցներն ապահովել բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներով:

Այսպիսով, նախարարությունը տեսնում է ամբողջական շղթա. երեխան հնարավորություն է ստանում փորձարկել և հետազոտել սեփական դպրոցում, այնուհետև ծանոթանում է ինստիտուտներում իրական գիտական աշխատանքին և միաժամանակ հասանելիություն ստանում ժամանակակից թվային գործիքներին:

Վերջին հաշվով խոսքը ոչ թե պարզապես դպրոցականներին արհեստական բանականությունից օգտվել սովորեցնելու մասին է: Խնդիրը, որը նկարագրում է նախարարությունը, ավելի լայն է՝ ստեղծել կրթական միջավայր, որտեղ տեխնոլոգիաները, գործնական փորձը և իրական գիտության հետ ծանոթությունը օգնում են երեխաներին ավելի լավ հասկանալ սեփական հետաքրքրությունները և ընտրել ապագա մասնագիտությունը:



© NEWS.am Medicine