Չինացի գիտնականները ներկայացրել են դրոնի նախատիպ, որը կարող է և՛ թռչել, և՛ լողալ

21:36    8 փետրվարի, 2023

Չինացի գիտնականներն ստեղծել են անօդաչու թռչող սարքի նախատիպ, որը կարող է տեղաշարժվել ինչպես օդում, այնպես էլ ջրի տակ: TJ-FlyingFish-ը լիովին ինքնավար է և կկարողանա գործել առանց մարդու միջամտության, հայտնում է New Atlas-ը:  

Կվադրոկոպտերը համալրված է չորս երկաստիճան շարժիչային համակարգերով։ Օդում շարժվելու համար բոլոր չորս շարժիչները ուղղվում են դեպի վեր և պտտվում առավելագույն արագությամբ: Ջրում սուզվելու համար դրանք թեքվում են 180°-ով և պտտվում ավելի դանդաղ՝ դրոնը «քաշելով» ջրի տակ։ Ստորջրյա մանևրների համար դրոնն անհրաժեշտության դեպքում կարգավորում է շարժիչների պտտման անկյունը։

Սարքը մշակած Չինաստանի Խելացի ինքնավար համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի, Տունցզիի համալսարանի և Հոնկոնգի չինական համալսարանի անօդաչու համակարգերի հետազոտական ​​խմբի գիտնականները պնդում են, որ TJ-FlyingFish-ն ավելի թեթև է, քան մյուս փորձնական ակվադրոնները, որոնց ստանդարտ քառակուսի կորպուսին սովորաբար պարզապես ստորջրյա սարքավորումներ են ավելացնում: TJ-FlyingFish-ը կշռում է 1,63 կգ, մարտկոցի մեկ լիցքավորման դեպքում այն ​​կարող է օդում սավառնել ընդամենը վեց րոպե, իսկ ջրում գործելու ժամանակը հասնում է 40 րոպեի:  

Բացի դրանից, Հոնկոնգի չինական համալսարանի պրոֆեսոր Բեն Չենը պնդում է, որ անօդաչու սարքը լիովին ինքնավար է և օպերատորի օգնության կարիք չունի։

Գիտնականներն առաջարկում են կվադրոկոպտերն օգտագործել որոնողափրկարարական և ստորջրյա հետազոտությունների ժամանակ՝ մարդկային ռեսուրսները խնայելու համար։ TJ-FlyingFish-ի հեղինակները նախատեսում են իրենց գյուտի վերաբերյալ զեկույցը ներկայացնել Լոնդոնում 2023 թ. մայիսին կայանալիք IEEE ռոբոտաշինության միջազգային համաժողովում։ 



© NEWS.am Medicine