10:31 19 մայիսի, 2026Ամերիկյան երդվյալ ատենակալների դատարանը երկուշաբթի օրը ամբողջությամբ մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ «OpenAI»-ի: Երդվյալ ատենակալները միաձայն որոշել են, որ ընկերությունը չի խախտել իր պարտավորությունները, իսկ հայցն ինքնին ներկայացվել է չափազանց ուշ: Վճիռը կայացվել է խորհրդակցությունից հետո՝ երկու ժամից էլ պակաս ժամանակում:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, դատարանի որոշումն էապես հարթում է OpenAI-ի ճանապարհը դեպի IPO (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում), որը կարող է ընկերությունը գնահատել ավելի քան 1 տրիլիոն դոլար:
Հայցը ներկայացվել էր 2024 թվականի օգոստոսին: Մասկը մեղադրում էր Սեմ Ալթմանին, Գրեգ Բրոկմանին և OpenAI-ին այն բանում, որ նրանք շեղվել են ընկերության սկզբնական առաքելությունից՝ զարգացնել արհեստական բանականությունը ի բարօրություն ողջ մարդկության, այլ ոչ թե հանուն շահույթի: Մասկի խոսքով՝ իրեն խաբել են, երբ նա մեկնարկին ներդրել է 38 միլիոն դոլար, իսկ ավելի ուշ ընկերությունը վերածվել է առևտրային կառույցի և տասնյակ միլիարդավոր դոլարներ ներգրավել «Microsoft»-ից:
OpenAI-ն պնդում էր հակառակը. Մասկն ինքը նախագծում մեծ փողեր էր տեսնում և չափազանց ուշ է որոշել պահանջներ ներկայացնել: Հայցային վաղեմության ժամկետը (երեք տարի) լրացել էր հայցի ներկայացումից դեռ շատ առաջ: Դատավոր Իվոն Գոնսալես Ռոջերսը (Yvonne Gonzalez Rogers) նշել է, որ Մասկը լուրջ դժվարություններ կունենա բողոքարկման (ապելյացիայի) հարցում, քանի որ ժամկետի բացթողման հարցը փաստացի է, իսկ երդվյալ ատենակալներն իրենց որոշման համար ունեցել են բավարար ապացույցներ:
Իլոն Մասկը հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը: X-ի իր հրապարակման մեջ նա կրկնել է մեղադրանքները.
«Ալթմանն ու Բրոկմանն իսկապես հարստացել են՝ գողանալով բարեգործական կազմակերպությունը: Հարցը միայն այն է, թե ԵՐԲ են նրանք դա արել»:
OpenAI-ի փաստաբանները հայցն անվանել են «ուշացած հորինվածք» և «մրցակցին վնասելու երեսպաշտ փորձ»: Ընկերության իրավաբաններից մեկը նշել է, որ երդվյալ ատենակալները «այս հայցն ուղարկեցին այնտեղ, որտեղ նրա տեղն է՝ ճամփեզր»:
Դատարանում տարած հաղթանակը վերացնում է լուրջ իրավական ռիսկը, որը կախված էր ընկերության գլխին: Վերլուծաբանները, մասնավորապես «Wedbush»-ից, սա անվանում են «մեծ հաղթանակ» Սեմ Ալթմանի և OpenAI-ի համար, չնայած այն բանին, որ գլխավոր տնօրենի (CEO) հեղինակությունը տուժել է բազմաթիվ վկայությունների պատճառով, որոնցում նրան ստախոս են անվանել:
Այժմ OpenAI-ն կարող է կենտրոնանալ IPO-ի նախապատրաստման վրա: Ընդ որում, Մասկի «SpaceX»-ը նույնպես պատրաստում է սեփական բաժնետոմսերի տեղաբաշխումը, որը կարող է էլ ավելի խոշոր լինել:
Ամերիկյան դատարանը լիովին մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի՝ ճանաչելով այն չափազանց ուշ ներկայացված: Երդվյալ ատենակալները կանգնել են ընկերության կողմը՝ երկու ժամից էլ պակաս տևած խորհրդակցությունից հետո: Որոշումը OpenAI-ի համար ճանապարհ է բացում դեպի պոտենցիալ IPO՝ ավելի քան 1 տրիլիոն դոլար գնահատմամբ, և դառնում է Սեմ Ալթմանի նշանակալի հաղթանակը: Մասկը հայտարարել է, որ ապելյացիա է ներկայացնելու, սակայն իրավաբաններն ու դատավորը նրա շանսերը ցածր են գնահատում: