Հայաստանը դառնում է ԱԲ իրազեկությունների կենտրոն. միջազգային բիզնեսի հայացքը

12:05    7 մայիսի, 2026

Հայաստանն աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ներգրավելով ոչ միայն ներդրումներ, այլև գիտության և արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում գործող խոշոր միջազգային ընկերություններ։ Բիզնեսի ներկայացուցիչները նշում են, որ երկիրն արդեն դուրս է գալիս պարզապես ենթակառուցվածքային հարթակ լինելու շրջանակներից և ձևավորում է լիարժեք էկոհամակարգ բարձր տեխնոլոգիաների զարգացման համար։

Ենթակառուցվածքներից դեպի իրազեկություններ

Ինչպես Yerevan Dialogue 2026 ֆորումի ժամանակ հայտարարեց Philip Morris International ընկերությունների խմբի կորպորատիվ հարցերով տնօրեն Քրիստոս Հարպանտիդիսը, երկրում ստեղծված արհեստական բանականության և անալիտիկայի փորձագիտական կենտրոնն արդեն իսկ աշխատում է ընկերության համաշխարհային խնդիրների լուծման վրա։

«Մենք Հայաստան եկանք 2018 թվականին՝ պարզ հույսով, որ այստեղ գիտությունը կզարգանա։ Սակայն իրականությունը զգալիորեն գերազանցեց մեր սպասելիքները։ Այսօր Հայաստանը ոչ միայն ենթակառուցվածքներ է ստեղծում, այլև ձևավորում է իրական իրազեկություններ (կոմպետենցիաներ)», — նշել է նա։ Հարպանտիդիսն ընդգծել է, որ երկրում ձևավորվել է բարենպաստ կարգավորող միջավայր, ինչը թույլ է տալիս արդյունաբերական մասշտաբով զարգացնել ԱԲ-ի վրա հիմնված գիտական լուծումներ։

Էկոհամակարգ և համաշխարհային ինտեգրում

«Այստեղ գոյություն ունի զարգացած էկոհամակարգ՝ համալսարաններ, հետազոտական ինստիտուտներ, փորձագետներ, որի մի մասն ենք դարձել մենք։ Եվ, իհարկե, չի կարելի չնշել տաղանդների մեծ քանակը՝ բարձրորակ մասնագետների, ովքեր շարունակում են մշտապես զարգանալ», — հավելել է նա։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն այսօր առաջարկում է եզակի համադրություն. սեփական տեխնոլոգիական ռազմավարության զարգացում՝ միաժամանակյա ինտեգրմամբ համաշխարհային գործընթացներին։ «Եթե թողնեմ մեկ գլխավոր ուղերձ՝ Հայաստանն այն վայրն է, որտեղ ԱԲ ոլորտի ազգային ռազմավարությունը ներդաշնակորեն զուգակցվում է միջազգային միտումների հետ։ Եվ մենք պատրաստ ենք շարունակել աջակցել այս զարգացմանը», — եզրափակել է ընկերության ներկայացուցիչը։



© NEWS.am Medicine