Հայտնի Apex Legends Mobile-ի և Battlefield Mobile-ի սերվերները կանջատվեն. արված ներխաղային գնումները չեն փոխհատուցվի

10:16    2 փետրվարի, 2023

Apex Legends Mobile և Battlefield Mobile հանրահայտ խաղերի մշակումը դադարեցվում է, և դրանց սերվերները շուտով կանջատվեն: Apex Legends Mobile-ում ներխաղային գնումներ կատարելու հնարավորությունն անջատվել է հունվարի 31-ին, սակայն նրանք, ովքեր արդեն գնումներ են կատարել, չեն կարող փոխհատուցում ստանալ:

Ինչպես տեղեկացնում է Electronic Arts ընկերությունը, շութեր ժանրի Apex Legends Mobile խաղի աջակցությունը կդադարեցվի 2023 թ․ մայիսի 1-ին՝ թողարկումից մեկ տարի անց: Դրանից հետո բջջային խաղը հնարավոր չի լինի գնել/ներբեռնել ոչ միայն App Store-ից և Google Play-ից, այլ նաև երրորդ կողմի բոլոր առցանց խանութներից: Այնուամենայնիվ, PC-ների և կոնսոլների համար խաղի տարբերակները դեռ հասանելի կլինեն:

Խաղի անջատման մասին լուրը շատ խաղացողների է զարմացրել, քանի որ Apex Legends Mobile շատ հանրահայտ էր դարձել, իսկ App Store-ում և Google Play-ում նույնիսկ ճանաչվել էր «Տարվա խաղ»: Նախագծի փակման պատճառը, ըստ մշակողի, վերջին թարմացումների ցածր որակն էր։

Ինչ վերաբերում է Battlefield Mobile խաղին, ապա այն դեռ փորձարկման փուլում էր և այդպես էլ չհասցրեց պաշտոնապես թողարկվել։ Electronic Arts-ը դադարեցրել է նաև այս խաղի մշակումը և լուծարել խաղի համար պատասխանատու Industrial Toys ստուդիան։ Այնուամենայնիվ, ստուդիայում ասում են, նախկինի պես «լի են վճռականությամբ, որպեսզի բացահայտեն Battlefield-ի հսկայական ներուժը»։

«Մենք քրտնաջան աշխատում ենք Battlefield 2042-ը զարգացնելու ուղղությամբ և ամբողջ աշխարհում մեր ստուդիաներում պատրաստում ենք Battlefield-ի մեր ապագա արկածները»,- հայտարարել է խաղի մշակողը։



© NEWS.am Medicine