09:27 22 ապրիլի, 2026Anthropic-ը պատրաստվում է մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում եվրոպական բանկերին տրամադրել հասանելիություն իր աղմկահարույց և գերհզոր Mythos արհեստական բանականության (ԱԲ) մոդելին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Նշվում է, որ մոդելից օգտվելու նախնական հնարավորություն ստացել էին միայն ամերիկյան խոշորագույն բանկերը:
Mythos մոդելը դարձել է կիբերանվտանգության մասնագետների նեղ շրջանակներում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Այս ԱԲ-ն ստեղծված է նեղ մասնագիտացված և կրիտիկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար: Այն նոր սերնդի մոդել է՝ նախատեսված բարդ տրամաբանական դատողությունների և թվային ենթակառուցվածքների վերլուծության համար: Նրա հիմնական առավելությունը ծրագրային կոդում խոցելիությունների ակնթարթային հայտնաբերումն է. այնտեղ, որտեղ ծրագրավորողների թիմերը շաբաթներ կծախսեն, Mythos-ը հաղթահարում է րոպեների ընթացքում:
Մոդելը ոչ միայն դիտարկում է տվյալները, այլև իրականացնում է խորը աուդիտ՝ վեր հանելով պաշտպանության թաքնված «ճեղքերն» ու կրիտիկական թույլ կողմերը խոշոր ցանցերի ճյուղավորված կառուցվածքներում:
Հատկապես արժեքավոր է կանխարգելիչ գործելու նրա ունակությունը. մոդելն արդյունավետորեն ճանաչում է «զրոյական օրվա» սպառնալիքները՝ հայտնաբերելով ներխուժման այնպիսի հնարավոր կետեր, որոնք դեռ հայտնի չեն կիբերանվտանգության համաշխարհային հանրությանը: Միևնույն ժամանակ, Mythos-ը չի սահմանափակվում միայն դիտորդի դերով՝ անցնելով ակտիվ պաշտպանության փուլին․ համակարգն ակնթարթորեն մշակում է մանրամասն հանձնարարականներ և ինքնուրույն գրում ծրագրային ուղղումներ՝ իրական ժամանակում «կարկատելով» պաշտպանական բացերը:
Դրան զուգահեռ, Mythos-ն ընդունակ է ինքնուրույն ստեղծել գործող էքսպլոյտներ, սիմուլյացիայի ենթարկել բարդ հարձակումներ (օրինակ՝ 32-քայլանի հարձակում կորպորատիվ ցանցի վրա) և արագացնել հաքերային գործիքների մշակումը: Սա անհանգստացնում է կարգավորող մարմիններին, որոնք այստեղ համակարգային ռիսկ են տեսնում հնացած ծրագրային ապահովում ունեցող բանկերի համար: Այնպիսի բանկեր, ինչպիսիք են Barclays-ը և Deutsche Bank-ը, այն անվանում են «լուրջ սպառնալիք», քանի որ առանց սահմանափակումների գործելու դեպքում, նմանատիպ մոդելներով զինված չարագործները կկարողանան հարձակվել շատ ավելի արագ, քան պաշտպանվողները կհասցնեն արձագանքել:
Anthropic-ն ընդունում է այս երկակիությունը. մոդելը «չափազանց հզոր և վտանգավոր է» բաց հասանելիության համար, այդ իսկ պատճառով հասանելիություն է տրամադրում միայն ստուգված բանկերին՝ պրոակտիվ պաշտպանության նպատակով: Սակայն կարգավորողները պահանջում են անհապաղ թեստավորումներ, որպեսզի պաշտպանությունը առաջ անցնի սպառնալիքից:
Մինչ այժմ Mythos-ի հասանելիությունը խստորեն վերահսկվում էր Anthropic-ի «Project Glasswing» նախաձեռնության շրջանակներում և սահմանափակված էր շուրջ 40 կազմակերպություններով, որոնք զբաղվում են կրիտիկական ծրագրային ենթակառուցվածքների ստեղծմամբ կամ սպասարկմամբ:
JPMorgan Chase-ը միակ բանկն է, որի հետ գործընկերությունը Anthropic-ը հրապարակայնորեն հաստատել է, թեև Reuters-ի աղբյուրի համաձայն՝ Bank of America-ն նույնպես մասնակցում է Project Glasswing-ին հենց սկզբից: Morgan Stanley-ի գործադիր տնօրեն Թեդ Փիքը և Goldman Sachs-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Սողոմոնը անցյալ շաբաթ վերլուծաբանների հետ զրույցում հաստատել են իրենց հասանելիությունը Mythos-ին: Citigroup-ը նույնպես օգտագործում է մոդելը ներքին թեստավորման համար:
Եվրոպայում այս պահին դեռևս ոչ մի ֆինանսական հաստատության հասանելիություն չի տրամադրվե: Deutsche Bank-ի գործադիր տնօրեն Քրիստիան Զևինգը երկուշաբթի օրը հայտարարել է, որ բանկերը սերտ կապի մեջ են եվրոպական կարգավորողների հետ Mythos-ի հարցով: «Սա միանշանակ այն է, ինչ մենք պետք է հաշվի առնենք ամենօրյա ռիսկերի կառավարման մեջ, և հենց դրանով էլ մենք զբաղված ենք», — նշել է նա: