Թիրախային աշխատանքը և երկարաժամկետ գործընկերությունների կառուցումը՝ Հայաստանի ագրովերամշակման ոլորտի զարգացման բաղադրատոմս

16:51    10 ապրիլի, 2026

Ագրովերամշակման ճյուղն ավանդաբար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ՝ մնալով դրա այցեքարտերից մեկը։ Խորհրդային Միության ժամանակներից մինչև մեր օրերը այս ոլորտը զարգացման տարբեր փուլեր է անցել՝ վերելքներից մինչև անկումներ՝ արտացոլելով երկրի ընդհանուր տնտեսական և քաղաքական գործընթացները։ Այսօր ագրովերամշակումը կրկին գտնվում է պետության ուշադրության կենտրոնում և դիտարկվում է որպես զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը։ Սակայն, չնայած ներուժին, ոլորտում պահպանվում են մի շարք համակարգային խնդիրներ և չլուծված հարցեր։ Ոլորտի ձեռքբերումների և հիմնական մարտահրավերների մասին Economix-ի եթերում պատմել է ագրովերամշակման ոլորտի փորձագետ Զավեն Բագրյանը։

Մարզերի չիրացված ներուժը. որտեղ է դանդաղում ագրովերամշակման աճը

Հայաստանում այսօր գործում է ագրովերամշակման ոլորտի շուրջ 1600 ձեռնարկություն՝ փոքր ու միջին բիզնեսից մինչև խոշոր ընկերություններ։ Զավեն Բագրյանի խոսքով՝ դրանց զգալի մասը կենտրոնացված է մայրաքաղաքում. «Եթե չեմ սխալվում, ընկերությունների շուրջ 62%-ը գործում է Երևանում կամ հարակից շրջաններում»։

Փորձագետը նշում է, որ նման կենտրոնացումը, մի կողմից, տալիս է որոշակի առավելություններ՝ ենթակառուցվածքային, լոգիստիկ և կադրային։ Սակայն, մյուս կողմից, այն լուրջ մարտահրավերներ է ստեղծում ոլորտի համար։ Բագրյանն ընդգծում է, որ Երևանում և շրջակայքում ագրովերամշակումն արդեն մեծապես ձևավորված է, մինչդեռ մարզերը մնում են թերզարգացած։

Նրա կարծիքով՝ առանցքային առաջնահերթություններից մեկը պետք է լինի մարզերում գյուղատնտեսության կայուն զարգացումը, ինչը տրամաբանորեն կհանգեցնի տեղերում ագրովերամշակման ճյուղի աճին և ավելացված արժեքի լիարժեք շղթայի ձևավորմանը։

«Տնտեսության տեսանկյունից նայելիս՝ չափազանց կարևոր է ապահովել հավասարակշռությունը խոշոր և փոքր բիզնեսի միջև», - շեշտում է նա։ Միևնույն ժամանակ փորձագետը հստակեցնում է, որ հենց խոշոր և գերխոշոր բիզնեսն է այսօր աշխարհում ապահովում տնտեսական աճի և որակական փոփոխությունների հիմնական ավանդը։

Բագրյանը նաև շեշտադրում է փոքր և միջին բիզնեսի, այդ թվում՝ միկրոձեռնարկությունների ու ընտանեկան տնտեսությունների դերը։ Ըստ նրա՝ դրանք կարևորագույն նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, հատկապես ագրարային տարածաշրջաններում, որտեղ նպաստում են ֆերմերության զարգացմանը, զբաղվածության ապահովմանը և սոցիալական խնդիրների լուծմանը։

Շուկայի երեք մակարդակները և աճի խոչընդոտները. ինչու հայկական արտադրանքը դեռևս ամուր դիրքեր չի զբաղեցնում

Ավանդական շուկաներում, առաջին հերթին՝ Ռուսաստանում և ռուսախոս երկրներում, հայկական ագրովերամշակված արտադրանքը կայուն պահանջարկ ունի։ Սակայն, ինչպես ընդգծում է Բագրյանը, այս ներուժը լիովին իրացված չէ, և արտադրողներին մեծածավալ աշխատանք է սպասվում։

Փորձագետը բացատրում է, որ ռուսական շուկան պայմանականորեն բաժանվում է մի քանի մակարդակի։ «Առաջին մակարդակը սուպերմարկետների խոշոր դաշնային ցանցերն են, որոնց բաժին է ընկնում բոլոր վաճառքների մինչև 60–70%-ը», - նշում է նա։ Երկրորդ մակարդակը կազմում են տարածաշրջանային ցանցերը, ինչպիսիք են «Մագնիտը» կամ «Արբուսը», որոնք նույնպես նշանակալի դեր են խաղում։ Երրորդ մակարդակը խոշոր դիստրիբյուտորներն ու վերավաճառողներն են, որոնք ապահովում են արտադրանքի մուտքը շուկա։

Բագրյանը հստակեցնում է, որ խոշոր միջնորդների միջոցով աշխատելը միշտ չէ, որ վաճառքի արդյունավետության տեսանկյունից լավագույն մոդելն է, սակայն ներկա պայմաններում նման գործընկերությունները հաճախ շուկա դուրս գալու ամենաիրատեսական և երկարաժամկետ տարբերակն են լինում։

Խոսելով հայկական արտադրանքի թույլ կողմերի մասին՝ փորձագետը մատնանշում է մի շարք համակարգային խնդիրներ։ Դրանց թվում են՝ փաթեթավորումը, արտադրական սահմանափակ ծավալները և շուկայի ժամանակակից պահանջներին անհամապատասխանությունը։ Նա պարզաբանում է, որ այսօր խոշոր պատվերներ հիմնականում ստանում են արդյունաբերական մակարդակով աշխատող ընկերությունները, մինչդեռ Հայաստանի փոքր և միջին բիզնեսը դեռևս ոչ միշտ է ի վիճակի համապատասխանել այդ մասշտաբներին։

Այս պայմաններում, Բագրյանի կարծիքով, երկրին անհրաժեշտ է անցում կատարել ոլորտի զարգացման հիբրիդային մոդելին։ Խոսքը պետական աջակցության (ներառյալ սուբսիդիաները) և բիզնեսի՝ շուկայի ժամանակակից պահանջներին հարմարվելու համադրության մասին է։ «Մեր հիմնական մարտահրավերը արտադրության փոքր ծավալներն են և փաթեթավորման հարցերը», - շեշտում է նա։

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրում որակի և ստանդարտների նկատմամբ աճող պահանջներին։ Եթե նախկինում առանցքային գործոն էին միջազգային բազային ստանդարտները, ինչպիսին է ISO-ն, ապա այսօր ավելի մեծ դեր են խաղում նաև ESG չափանիշները։ Չնայած նրան, որ ԵԱՏՄ շուկայում պահանջները համեմատաբար մեղմ են մնում, մրցակցությունն այնտեղ չափազանց բարձր է, այդ թվում՝ տարբեր երկրների արտադրողների ներկայության հաշվին։

Այս առումով Բագրյանը գտնում է, որ հայկական ընկերությունների համար կարևոր է կենտրոնանալ սեփական խորշի (niche) որոնման վրա։ Նա ընդգծում է, որ հենց թիրախային աշխատանքը ընտրված սեգմենտներում և երկարաժամկետ գործընկերությունների կառուցումը կարող են դառնալ արտաքին շուկաներում դիրքերի ամրապնդման բանալին։



© NEWS.am Medicine