13:15 9 ապրիլի, 2026Հայաստանի թոփ-մենեջերները պետք է դադարեն պաշտպանել հաստատված համակարգերը և սկսեն ակտիվորեն կառուցել կառավարման նոր մոդելներ: Այս մասին Doing Digital Forum 2026-ի շրջանակներում հայտարարել է Just Better ընկերության հիմնադիր Դիրկ Օլմայերը:
«Լավագույն CEO-ները դադարում են պաշտպանել այն, ինչն արդեն աշխատում է, և սկսում են ստեղծել նորը: Կարիք չկա ամբողջությամբ փոխել բիզնես մոդելը, բավական է փոխել դրա մի մասը և փորձարկումներ անել», — նշել է նա:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել գլոբալ փոփոխությունների արագության վրա: Նրա խոսքով՝ միջազգային բիզնեսի ներկայիս տեմպը պահանջում է բաց լինել նորարարությունների համար և արագ արձագանքել:
«Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանի ղեկավարներին. աշխարհի յուրաքանչյուր առաջնորդ պետք է համապատասխանի այս տեմպին: Սակայն Երևանն այժմ ունի լուրջ առավելություն՝ զարգացման հզոր իմպուլս, զգալի ներդրումներ՝ շուրջ 4 միլիարդ դոլար, ձևավորվում է ԱԲ-ի շուրջ էկոհամակարգի առաջին ճարտարապետությունը, սպասվում են խոշոր ներդրումներ», — ընդգծել է Օլմայերը:
Նա նշել է, որ Doing Digital-ի նման ֆորումները առանցքային դեր են խաղում գաղափարների տարածման և փոփոխությունների արագացման գործում: Մեկօրյա միջոցառումը կարող է ոգեշնչել, գիտելիք տալ և մղել գործողությունների: Ընդ որում, հատկապես կարևոր է ոչ միայն CEO-ների, այլև երկրորդ-երրորդ մակարդակի մենեջմենթի ակտիվությունը. «Նրանք պետք է հասկանան, թե ինչ է կատարվում աշխարհում, և սկսեն սեփական փորձարկումները՝ ավելի արագ շարժվելու համար: Ղեկավարը հաճախ կողմնորոշվում է իր թիմով, և կարևոր է, որ թիմը փոփոխությունների ազդակ տա»:
Օլմայերը նաև անդրադարձել է Հայաստանի հավակնոտությանը և երկրի պոտենցիալին տեխնոլոգիական զարգացման գործում:
«Հայաստանը շատ լավ դիրքում է գտնվում: Երկիրը հավակնոտ է, և դա նրա հիմնական ուժն է: ԱԲ-ի և թվայնացման շնորհիվ տեղի է ունենում մտածողության տեղաշարժ, այժմ ամեն ինչ կախված է արագությունից: Խոսքն արդեն երկրի չափսերի կամ նրա ռեսուրսների մասին չէ: Այսօր, ունենալով նոթբուք, կարելի է բիզնես վարել: Կարևոր է ունենալ գաղափարներ և տարածել դրանք ողջ աշխարհով», — նշել է նա:
Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծել է, որ փոփոխությունները պահանջում են ճիշտ մարդիկ բոլոր մակարդակներում և համատեղ պատասխանատվություն. «Սա սերունդների հակամարտության հարց չէ, սա «երիտասարդներն ընդդեմ տարեցների» պատմությունը չէ: Խոսքը համատեղ պատասխանատվության մասին է. սա մեր ընդհանուր ապագան է»:
Օլմայերը նաև առաջարկել է ընդլայնել նմանատիպ ֆորումների մասնակիցների կազմը տարածաշրջանի տեխնոլոգիական առաջնորդների հաշվին, քանի որ միջճյուղային ինտեգրումը և փորձի փոխանակումը կարող են արագացնել նորարարությունների ներդրումը Հայաստանում և նպաստել տնտեսության նոր ոլորտների զարգացմանը: