Apple-ին դատի են տվել iPhone-ի օգտատերերի տվյալները հավաքելու և դրանք օգտագործելու համար

21:12    30 հունվարի, 2023

Apple-ին դատի են տվել iPhone օգտագործող քաղաքացիներից տվյալներ հավաքելու համար։ Այս մասին հայտնում է The Register-ը։

Հյուսիսային Կալիֆոռնիայի շրջանային դատարան ներկայացված հայցում (PDF) պնդում է արվում, որ Apple-ը տվյալներ է հավաքում iPhone-ի օգտատերերից՝ հակառակ ընկերության գաղտնիության քաղաքականությանը:

«Apple-ը գրանցում է օգտատերերի անձնական տեղեկությունները և գործողությունները նրանց շարժական սարքերում և հավելվածներում, նույնիսկ այն բանից հետո, երբ օգտատերերը կարգավորումներում բացահայտորեն նշում են, որ չեն ցանկանում կիսվել իրենց սեփական տվյալներով: Դրանք իրենցից ներկայացնում են հսկայական քանակությամբ տվյալներ, որոնք Apple-ը հավաքում և օգտագործում է իր ֆինանսական շահի համար»,- պնդում է հայցվոր Ջուլիա Սիման:

Հայցում նաև հղում է արվում Mysk ընկերության արած անկախ հետազոտությանը, որում ևս պնդում է արվում, որ Apple-ը հետևում է օգտատերերի տվյալներին, նույնիսկ եթե iPhone-ի սեփականատերն արգելում է իրենց անհատական տվյալների հավաքագրումը:

Բացի դրանից, հայցում նշվում է, որ Apple-ը վերահսկում է, թե ինչպես են օգտատերերը գտնում իրենց ուզած հավելվածները, որքան ժամանակ են ծախսում դրանք App Store-ում դիտելու համար, ինչ են որոնում հավելվածների խանութում, ինչ գովազդ է նրանց ցուցադրվում, և որ գովազդի վրա են քլիք անում։

Apple-ը դեռ չի արձագանքել հայցին:

Նշենք, որ վերջերս App Store-ի հակամրցակցային քաղաքականության համար Ֆրանսիան Apple-ին տուգանել է 1 միլիոն եվրոյով։ Իր վճռում դատարանը նշել էր, որ App Store խանութում ֆրանսիական ընկերությունների մշակած հավելվածները  ներառելու համար ընկերությունն անօրինական պայմաններ է սահմանել։ Մեկ այլ գործի շրջանակում Apple-ը նույն մեղադրանքով 2021 թ․ տուգանվել է 100 միլիոն դոլարով։

2022-ի հոկտեմբերին Բրազիլիայում դատարանը տուգանել էր Apple-ին 19 մլն դոլարով և պարտադրել, որպեսզի ընկերությունն իր iPhone հեռախոսները վաճառի լիցքավորիչով։ Թեև Apple-ը պատճառաբանել էր, որ սմարթֆոններ առանց լիցքավորիչի վաճառելում որոշման հիմքում «շրջակա միջավայրի պաշտպանությունն» է, դատարանն իր վճռում նշել էր, որ այս հարցում ընկերության մոտեցման մեջ տեսնում է նաև միայն ավելի շատ գումար աշխատելու ցանկություն։

«Ակնհայտ է, որ պատասխանող կողմը «կանաչ նախաձեռնության» պատրվակով սպառողին ստիպում է գնել լիցքավորիչ սարքերը, որոնք նախկինում մատակարարվել են արտադրանքի հետ»,- ասվում էր դատարանի վճռում։



© NEWS.am Medicine