Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը դեմ է մասնաշենքերից մեկը այլ կազմակերպության տալու կառավարության մտադրությանը

18:13    27 հունվարի, 2023

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը բացասական կարծիք է հայտնել մասնաշենքերից մեկը ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին տրամադրելու կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։

Ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Քոչարյանը, այս նախագծով առաջարկվում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Երևանի կենտրոնում գտնվող իր շենքից (Չարենցի 15) տեղափոխել Ներսիսյան 25 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն թաղամաս) գտնվող ՖԿՊԻ-ի մասնաշենքերից մեկը, իսկ կենտրոնում գտնվող շենքը տրամադրել Հաշվեքննիչ պալատին։

Նրա խոսքով՝ անցյալ տարվա գիտության ֆինանսավորման ավելացումից հետո ինստիտուտներն սկսել են ակտիվ գործունեություն ծավալել։ ՖԿՊԻ-ում ներկայումս Գիտության կոմիտեի դրամաշնորհներով մի քանի նախագիծ է իրականացվում, որոնց շրջանակում ինստիտուտը պարտավորվել է հիմնել նոր լաբորատորիաներ և զարգացնել նոր ուղղություններ, որոնց համար անհրաժեշտ կլինի խտացնել առկա լաբորատորիաները:

Մասնաշենքում, որի մասին նշվում է, անցյալ տարի մշակվել և հավաքել են ռենտգենյան միկրոտոմոգրաֆ՝ համապատասխան ծրագրային փաթեթով, և նյութի բաղադրության տեղային անալիզի 2D քարտեզագրման ռենտգենյան սպեկտրաչափական սարք, որոնց վրա ծախսվել է մոտ 50 մլն դրամ, իսկ նման սարքերի շուկայական արժեքը գերազանցում է 100 մլն դրամը: Ներկայում կատարվում են աշխատանքներ նոր՝ 1÷2 մկմ լուծողությամբ, ռենտգենյան միկրոտոմոգրաֆ մշակելու ուղղությամբ, որը կարող է ունենալ ռազմավարական կարևոր նշանակություն։ Այն հնարավորություն կտա իրականացնել կարևոր նշանակության հետազոտություններ, որոնք ՀՀ-ում դեռևս անհնար է իրականացնել։ Ներկայումս նման հետազոտություններ կատարվում են միայն արտերկրում։

Ինչպես նշեց տնօրենը, նոր նախագծերի շրջանակում ինստիտուտի հին սարքավորումները նորից գործարկվել են, ինչպես նաև ձեռք են բերվել նոր սարքավորումներ, և հիմա աշխատանքը դադարեցնելը, դրանք ապամոնտաժելը, տեղափոխելը, ինստիտուտում նպատակահարմար չեն համարում, առավել ևս, եթե կառավարությունը մտադիր է 10 տարվա ընթացքում ստեղծել գիտավան, ամենայն հավանականությամբ Աշտարակում, և եթե հավանականություն կա, որ այդ ժամանակ որոշում կլինի ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտը տեղափոխել այնտեղ:

«Այս դեպքում ինչո՞ւ հիմա ապամոնտաժել սարքավորումները, տեղափոխել ինչ-որ տեղ, դադարեցնել գիտնականների աշխատանքը, որ հետո դրանք նորից տեղափոխվեն»,- հարց է հնչեցնում Վահան Քոչարյանը։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե կառավարությունը մտադիր է գիտական ինստիտուտները դուրս բերել գիտությունների ակադեմիայի ենթակայությունից և դրանք միացնել բուհերին, Վահան Քոչարյանը նշեց, որ չէր ցանկանա մեկնաբանել շրջանառվող խոսակցությունները, բայց, այնուամենայնիվ, կարծում է, որ այն վիճակում, որում այսօր գտնվում է հայկական գիտությունը, կտրուկ փոփոխություններն անընդունելի են:

«Ես մտածում եմ, որ այս պահի դրությամբ, ելնելով Հայաստանի վիճակից, գիտական պոտենցիալից, պետք է ակադեմիական կարգավիճակը պահպանվի, հնարավորինս զարգացվի, ու երբ արդեն զարգացած հզոր ինստիտուտներ լինեն, այդ ժամանակ նոր կարելի է խոսել ինչ-որ վերափոխումների մասին, բուհերի հետ համագործակցության նոր մոդել մշակել և այլն»,- ասաց նա։

Վահան Քոչարյանի խոսքով՝ հիմա, երբ ոլորտի ֆինանսավորումն ավելացել է, պետք է գիտական ինստիտուտները հեռու պահել քաղաքականությունից, թույլ տալ դրանց զարգացնել գիտությունը՝ ֆունդամենտալ կամ կիրառական, և միայն նախկին հզորությունը վերականգնելուց հետո հնարավոր կլինի քննարկել, թե Հայաստանի համար գիտության կազմակերպման որ մոդելն է առավել ընդունելի՝ ակադեմիակա՞ն, թե համալսարանական։ 

«Իսկ այս պահի դրությամբ, եթե որևիցե մոդել փորձեն ներդնել, իմ կարծիքով, կոպիտ սխալ կլինի և կբերի այս փխրուն կառուցվածքի լրիվ քայքայման»,- ասաց Վահան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ չնայած գիտության երկարատեւ թերֆինանսավորմանը եւ ուղեղների արտահոսքին, Հայաստանի ակադեիական ինստիտուտների միջազգային վարկանիշը շատ ավելի բարձր է, քան բուհերինը, եւ մեխանիկական միացումը բուհերին կարող է եւ հանգեցնել բուհերի վարկանիշների մի փոքր բարձրացմանը, բայց գիտությունը կորուստներ կունենա, ինստիտուտները կկորցնեն իրենց գիտական ներուժը, դասավանդման ժամերի համար պայքար կսկսվի, կամայական ազատումներ կլինեն:

Առայժմ, ըստ Վահան Քոչարյանի, հնագիտության և ազգագրության ինստիտուտը տեղափոխելու առաջարկը, օրինակ, կամ ինստիտուտները բուհերին միացնելու մասին խոսակցությունները կասկածներ են առաջացնում կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից, տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը ցանկանում է քաղաքի կենտրոնում թանկարժեք անշարժ գույք ձեռք բերել:

Վահան Քոչարյանը կարծում է, որ պետք է կոնկրետ աշխատանք տարվի ինստիտուտներում՝ ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ, որպեսզի նրանք կարողանան վերականգնել 30 տարվա ընթացքում կորցրածը։ Եվ դրան են ուղղված այս պահին ԳԱԱ ջանքերը Գիտության կոմիտեի հետ համատեղ։

 



© NEWS.am Medicine