Հաքերները Spotify-ից 86 միլիոն երգ են գողացել. 300 ՏԲ ծավալով տվյալների արտահոսք

17:45    23 դեկտեմբերի, 2025

2025 թվականի վերջին Spotify երաժշտական ծառայությունը դարձավ սթրիմինգի պատմության մեջ ամենախոշոր արտահոսքերից մեկի զոհը: «Anna's Archive» կայքի հետ կապված հաքտիվիստների մի խումբ հայտարարել է 256 միլիոն թրեքերի մետատվյալների և 86 միլիոն երգերի բուն աուդիոֆայլերի գողության մասին. ընդհանուր ծավալը կազմում է մոտ 300 տերաբայթ: Առայժմ բաց հասանելիության մեջ են հայտնվել միայն մետատվյալները, սակայն ամբողջական արխիվի հրապարակման վտանգը դեռ առկա է:

Ի՞նչ են կոնկրետ գողացել

Ըստ Billboard-ի՝ հաքերները հասանելիություն են ստացել հսկայական տվյալների զանգվածի. սա գրեթե Spotify-ի ողջ կատալոգն է մինչև 2025 թվականը: Մետատվյալները (երգերի անվանումները, կատարողները, ալբոմները, թեգերը) արդեն հրապարակվել են «Anna's Archive»-ում: Աուդիոֆայլերը դեռ չեն տարածվել, սակայն 300 ՏԲ ծավալը դա դարձնում է միայն ժամանակի և ռեսուրսների հարց:

Spotify-ը հաստատել է միջադեպը. հետաքննությունը ցույց է տվել, որ տեղի է ունեցել հանրամատչելի մետատվյալների հավաքագրում և DRM պաշտպանության շրջանցում՝ թրեքերին հասանելիություն ստանալու համար: Ընկերությունը շարունակում է ուսումնասիրել դեպքը, սակայն գողության փաստը չի հերքում:

Հետևանքները ոլորտի համար

Փորձագետները մտահոգված են, որ սա կարող է լուրջ հարված հասցնել սթրիմինգային ոլորտին: «Third Chair» ստարտափի գործադիր տնօրեն Յոավ Ցիմմերմանը նշել է, որ տեսականորեն ցանկացած մարդ, ով ունի բավարար հիշողության սարքեր, կկարողանա ստեղծել Spotify-ի անձնական անցանց (offline) պատճենը՝ անվճար և ընդմիշտ:

Այս արխիվը տասնյակ անգամ գերազանցում է «MusicBrainz»-ի բաց բազան (մոտ 5 միլիոն թրեք): Եթե ֆայլերը հայտնվեն համացանցում, դա կհարվածի բաժանորդագրության մոդելին. ինչո՞ւ վճարել, եթե ամեն ինչ հասանելի է տորենտներում: «Anna's Archive»-ն իրեն ներկայացնում է որպես մշակութային ժառանգության պահապան և հայտարարում է, որ արտահոսքը չի հեռացվի, քանի որ դա իրենց առաքելության մի մասն է:

Ի՞նչ սպասել հետո

Spotify-ն ուժեղացնում է պաշտպանությունը, սակայն հեղինակությանը հասցված վնասն արդեն փաստ է: Երաժշտական ոլորտը կարող է պատասխանել ավելի կոշտ միջոցներով՝ նոր DRM համակարգերով, դատական հայցերով և «հայելային» կայքերի արգելափակմամբ: Այնուամենայնիվ, երաժշտական ծովահենությունը մնում է հավերժական խնդիր, և նմանատիպ արտահոսքերը միայն կարագացնեն անցումը դեպի ավելի պաշտպանված ձևաչափեր:

Կարճ ասած

Հաքերները Spotify-ից գողացել են 256 միլիոն թրեքերի մետատվյալներ և 86 միլիոն աուդիոֆայլեր (300 ՏԲ): Մետատվյալներն արդեն հասանելի են «Anna's Archive»-ում, երգերը՝ դեռ ոչ: Spotify-ը հաստատել է DRM պաշտպանության շրջանցումը: Սա կարող է հանգեցնել ծառայության անվճար անցանց պատճենների ստեղծմանը և հարվածել սթրիմինգի բիզնես մոդելին: Սա պատմության մեջ երաժշտական ամենախոշոր տվյալների գողություններից մեկն է:



© NEWS.am Medicine