Չարությունը մեզ բնորոշ չէ. պատերազմներն ու հակամարտությունները մեր բնածին հատկանիշները չեն. Ստանիսլավ Դրոբիշևսկի

18:40    13 նոյեմբերի, 2025

Մարդկության պատմության մեջ իշխանությունն ու արվեստը միաժամանակ կամ պատահականորեն չեն երևան եկել։ Այդ երևույթները հիմնավորապես փոխել են մեր նախնիների կյանքը՝ ձևավորելով մշակույթն ու հասարակական կառուցվածքները։ Դրանք մարդկանց միավորվելու, բարդ համայնքներ ստեղծելու և մտքերը խորհրդանիշների ու պատկերների միջոցով արտահայտելու հնարավորություն են տվել։ Իսկ ինչպե՞ս են ի հայտ եկել դրանք։ Ինչո՞ւ են մեր հինավուրց նախնիների շրջանում երևան եկել իշխանությունն ու արվեստը, մինչդեռ նեանդերթալցիների շրջանում՝ ոչ։ Ի՞նչ գործոններ են նպաստել այդ փոփոխություններին, և ի՞նչ են դրանք մեզ տալիս այսօր։ «Իսկ գիտե՞ք, արդյոք» հաղորդման եթերում այս ամենի և ավելիի մասին պատմել է հայտնի մարդաբան Ստանիսլավ Դրոբիշևսկին։

Զրույցը հնարավոր է դարձել «Դրոբիշևսկի» հիմնադրամի և գիտության և տեխնոլոգիական ծրագրերի ավանդական գործընկեր Team Telecom Armenia-ի աջակցության շնորհիվ։

Կոշտ հիերարխիական համակարգ՝ նույնիսկ ուղեղի ոչ այնքան զարգացածությամբ հանդերձ

Ի պատսխան հարցին, թե ինչպես և երբ է առաջացել իշխանությունը մեր հինավուրց նախնիների շրջանում, Ստանիսլավ Դրոբիշևսկին պարզաբանում է, որ իշխանության հայեցակարդն ինքնին անհավասարություն է ենթադրում։

«Կան մարդիկ, ովքեր ավելի բարձր դիրք են գրավում, ավելի լավն են, ավելի կարևոր, իսկ մյուսները ստորադաս դիրք են գրավում, ավելի վատն են և անկարևոր»։ Սակայն, նախնադարյան համայնքներում մարդիկ մոտավորապես հավասար էին։ «Ոչ թե որովհետև նրանք բոլորը միանման են։ Բնականաբար, ոմանք ավելի խոշոր են, ոմանք՝ ավելի թույլ, ոմանք ավելի հմուտ են, ոմանք՝ ավելի ընդունակ։ Բայց, նրանց կենսակերպը սկզբունքորեն նույնն էր. բոլորը վազվզում էին նիզակներով, կոտրում ինչ-որ քարեր, և ամեն մեկը, մեծ հաշվով, պատասխանատու էր իր համար»,- մանրամասնում է նա։

Հիերարխիայի առաջացման համար ուղեղի գործառույթի որոշակի բարդություն է պահանջվում, որն ի հայտ է գալիս զարգացման որոշակի փուլում։ Ընդ որում, նույնիսկ ուղեղի ոչ այնքան զարգացածությամբ հանդերձ, նշում է Դրոբիշևսկին, կարող է գոյություն ունենալ շատ կոշտ հիերարխիական համակարգ։ Նա որպես օրինակ է բերում շնակապիկներին.

«Կա մի «Ֆյուրեր», ալֆա արու, որը կառավարում է բոլորին, հրամայում է բոլորին և լավ հասցնում է բոլորի վզակոթերին: Կա բետա, գամմա և նույնիսկ օմեգա: Էգերն ունեն իրենց զուգահեռ հիերարխիան, որը կատարելապես չի համապատասխանում արուի հիերարխիային: Մինչդեռ, շնակապիկների շրջանում ամեն ինչ կառուցված է բացառապես ֆիզիկական ուժի վրա. «Ով ունի ամենամեծ դունչը, ով ունի ամենաերկար ժանիքները, նա է ղեկավարը»: Նման հիերարխիաներում ինտելեկտը հաշվի չի առնվում»:

Չարությունն, ի սկզբանե, դրված չի եղել մեր մեջ

Ի տարբերություն դրա, մարդ-հոմինիդները (hominidae) ի սկզբանե բարի էին և բարեկամաբոր էին տրամադրված միմյանց նկատմամբ, նշում է Դրոբիշևսկին: Նա բացատրում է, որ փոքր ծնոտները և փոքրացված ժանիքները ցույց են տալիս, որ հնում մարդիկ միմյանց չեն փորձել ահաբեկել:

«Մոտ 20 միլիոն տարի առաջ ապրած պրոկոնսուլի (պրիմատների անհետացած տեսակ -խմբ.) համեմատ մեր ժանիքները փոքր-ինչ փոքրացել են, մինչդեռ շիմպանզեներինը՝ զգալիորեն մեծացել: Հետևաբար, վարքագծով մենք պարզունակ ենք. մենք ավելի շատ նման ենք 20 միլիոն տարի առաջ ապրած մեր նախնուն, քան շիմպանզեին։ Շիմպանզեն առաջադիմական է, բայց՝ չար, մինչդեռ մենք բարի ենք»։

Այստեղ շատերը կարող են ասել. ոնց թե՝ բարի ենք, եթե մեր շուրջը մշտապես ինչ-որ պատերազմներ և հակամարտություններ են մոլեգնում։ Սակայն դա մեր բնածին հատկանիշը չէ։ Ըստ էության, եթե ապրում ենք մեկ համայնքում, այդ համայնքի ներսում մեր հարազատների նկատմամբ բարի ենք։ Իսկ բոլոր հակամարտությունները սովորաբար ի հայտ են գալիս, երբ այդ համայնքներն այլանդակության աստիճան աճում են՝ հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, հենց այդ ժամանակ էլ բազմաթիվ շահեր են երևան գալիս։ Եվ անպայման կճարվի ինչ-որ վատ մարդ, որը կփորձի սեփական շահերը բոլորից վեր դասել։ Բայց դա դա արդեն մեծ խելքից է»։

Դրոբիշևսկին ընդգծում է, որ մարդու բարությունն առավել դրսևորվում է փոքր կոլեկտիվների ներսում. միասնական խմբի ներսում անհատները բարի են իրենց հարազատների նկատմամբ։ Հակամարտությունները ծագում են, երբ խմբերը դառնում են չափազանց մեծ՝ հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր մարդիկ, և ի հայտ է գալիս մի անհատ, որը ձգտում է իր շահերը բոլորից վեր դասել։ Սակայն մարդկային սոցիալական կազմակերպման սկզբնական ձևն ընտանիքն էր՝ բաղկացած ծնողներից և երեխաներից։ Սակայն տատիկ-պապիկները միշտ չէ, որ ներկա էին, քանի որ մարդկանց մեծ մասը չէր ապրում մինչև համապատասխան տարիքը։

Իշխանություն հայեցակարգը երկար ժամանակ անիմաստ էր

Նման պայմաններում իշխանության հայեցակարգը կորցնում է իր գործնական իմաստը. ո՞վ է ավելի կարևոր՝ հա՞յրը, թե՞ մայրը։ Ծնողները կատարում էին տարբեր գործառույթներ. հայրը որսորդություն էր անում, մայրը՝ բույսեր հավաքում և մշակում հողը, իսկ երեխաները մեծանում էին՝ հետևելով բնության օրենքներին ու յուրացնելով շրջակա միջավայրի հմտությունները։ Ընտանիքի բոլոր անդամները գիտեին, թե որտեղ են գոյատևման համար անհրաժեշտ ռեսուրսները, և որևէ պաշտոնական իշխանության կամ հրամանատարության կարիք չկար։

Անհավասարություն, այնուհանդերձ, առաջանում էր, շարունակում է Դրոբիշևսկին, բայց դա իշխանության լիազորություններ չէր տալիս. «Ոմանք մի փոքր ավելի ընդունակ էին, ոմանք՝ պակաս ընդունակ, ոմանք՝ ավելի խելացի, ոմանք՝ ավելի հիմար, բայց դա որևէ իշխանություն չէր տալիս։ Պակաս ընդունակները պարզապես ավելի վատ էին գոյատևում»։

Ստանիսլավ Դրոբիշևսկին եզրակացնում է, որ ինտելեկտը և ուղեղը զարգանում էին աստիճանաբար՝ հենց ավելի խելացիների և ավելի ընդունակների գոյատևման լույսի ներքո. հիմարները ավելի հաճախ էին մահանում, մինչդեռ խելացիներն ավելի լավ էին գոյտևում։ Այսպիսով, ուղեղը և բանականությունը աճեցին, և մշակույթը սկսեց զարգանալ։ Հնագիտական և մարդաբանական տվյալները հաստատում են այս գործընթացները։



© NEWS.am Medicine