Apple-ը ներկայացրել է տան համար նախատեսված խելացի բարձրախոսի նոր տարբերակը՝ HomePod 2-ը: Թարմացված տարբերակի դիզայնը նույնն է, ինչի դրա նախորդինը, սակայն հնչողությունն ու պրոցեսորը բարելավվել են, իսկ Siri-ն դարձել է ավելի «խելացի»:
Նոր բարձրախոսը, ըստ մշակողի, շատ ավելի լավ է հնչում, քան օրիգինալ մոդելը, իսկ դրա էլեկտրոնային ձայնն ավելի առաջադեմ է։ Բայց իրականում այն ունի ավելի քիչ բարձրախոսներ. նոր HomePod 2-ը բաղկացած է 4 դյույմանոց ցածր հաճախականության բարձրախոսներից և 5 բարձր հաճախականությամբ բարձրախոսներից, որոնք ձայնն ուղղորդում են ողջ պարագծով, իսկ նախնական սկզբնական մոդելը ցածր հաճախականության հիմնական բարձրախոսից բացի ուներ նաև յոթ բարձր հաճախականության բարձրախոսներ։
Նոր բարձրախոսում ձայնի մշակման համար պատասխանատու է SoC S7 պրոցեսորը, որն օգտագործվում է նաև Apple Watch Series 7-ում։
Բարձրախոսի կորպուսի վրա տեղադրված է ցածր հաճախականության խոսափող, որը կարող է վերլուծել ձայնը և կարգավորել այն: Ավելին, բարձրախոսը կարող է որոշել, թե ինչ հեռավորության վրա է գտնվում մոտակա պատը և համապատասխանաբար հարմարեցնել ձայնը, որպեսզի այն չխեղաթյուրվի:
HomePod 2-ը կարելի է կառավարել կափարիչի վրա գտնվող սենսորային վահանակի միջոցով։ Բարձրախոսը նաև համատեղելի է iOS 16.3 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող տարբեր iPhone-ների հետ։ Հեռախոսից բարձրախոսին կարելի փոխանցել ոչ միայն երաժշտություն, այլև գրեթե ամեն ինչ, որ ձեր մտքով կարող է անցնել, ներառյալ հեռախոսազանգերը։
Երկու բարձրախոսները կարող են միավորվել և դառնալ մեկ ստերեոզույգ: Դուք կարող եք նաև միացնել բարձրախոսը ձեր Apple TV-ին որպես աուդիո համակարգ: Հասանելի է նաև Apple Music-ի և Siri ձայնային օգնականի աջակցությունը, վերջինս, ըստ մշակողի, ավելի խելացի է. այն կարող է ճանաչել մինչև վեց տարբեր ձայն և տալ անհատականացված պատասխաններ:
Հետաքրքիր է, որ բարձրախոսն աջակցում է միայն Wi-Fi 4 և Bluetooth 5.0:
Apple-ի նոր բարձրախոսի հետաքրքիր առանձնահատկություններից է խոսափողների օգնությամբ տագնապի ազդանշանները ճանաչելու հնարավորությունը. եթե տանը միանա ծխին կամ շմոլ գազին արձագանքող համակարգերից մեկի ազդանշանը, բարձրախոսն այդ մասին ծանուցում կուղարկի օգտատիրոջ iPhone-ին։
Ճիշտ է, այս ֆունկցիան կսկսի գործել այս տարվա գարնանը` ծրագրային ապահովման թարմացումից հետո:
HomePod 2-ը նաև աշխատում է Matter ստանդարտով և կարող է դառնալ խելացի տան կառավարման համակարգի կենտրոն. այն ունի ներկառուցված ջերմաստիճանի և խոնավության սենսոր, որով հնարավոր կլինի չափել ներսի օդի բնութագրերը և ստացված տվյալներն օգտագործել խելացի տան ավտոմատացման սցենարների համար։
Ինչ վերաբերում է բարձրախոսների արտաքին տեսքին, ինչպես արդեն նշվեց, այն առանձնապես չի փոխվել. չափերը փոքր-ինչ նվազել են (168 x 142 մմ՝ առաջին մոդելի 172 x 142-ի համեմատ) և քաշը (2,5-ից նվազել է 2,3 կգ-ի): Բարձրախոսները հասանելի կլինեն երկու գույնով՝ սև և սպիտակ՝ «համապատասխան գույնի» սնուցման մալուխով։
Apple-ը նաև կարևորում է այն, որ բարձրախոսի ստեղծման համար վերամշակված նյութեր են օգտագործվել, ներառյալ 100% վերամշակված ոսկի:
HomePod 2-ը այժմ հասանելի է նախնական պատվերի համար 299 դոլարով, ինչը 50 դոլարով պակաս է, քան սկզբնական HomePod-ի գինը, երբ այն շուկա մտավ 2017 թ․: Բարձրախոսի վաճառքը կսկսվի փետրվարի 3-ից: Apple-ի տվյալներով՝ այն կվաճառվի ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Իսպանիայում և 11 այլ շուկաներում:
Օրերս Apple-ը ներկայացրել էր նաև նորացված MacBook Pro-ն և Mac mini-ն։ Երկուսի դիզայնն էլ մնացել է նույնը, բայց թարմացվել են պրոցեսորները․ նորույթներում օգտագործվում են M2 Pro և M2 Max պրոցեսորներ, որոնք ավելի հզոր են և համակարգիչներն էլ ավելի արագագործ են դարձնում։