Արհեստական ​​բանականությունը դուրս է գալիս էկրանից. սկսվում է խելացի մեքենաների դարաշրջանը

19:57    10 հոկտեմբերի, 2025

Արհեստական ​​բանականությունն սրընթաց զարգանում է՝ բարձր մասնագիտացված ալգորիթմներից անցնելով աշխարհը հիմնարար կերպով փոխելու ունակ համակարգերի: Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հայտարարել է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լիբարիտյանը DigiConf-ի շրջանակում իր ելույթի ժամանակ: Նա մանրամասն ներկայացրել է Արհեստական բանականության առաջընթացը՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով դրա էվոլյուցիայի և ֆիզիկական արհեստական բանականության  երևան գալու վրա:

Արհեստական բանականության էվոլյուցիան. դասակարգումից մինչև գեներատիվ մոդելներ

Լիբարիտյանը նշեց, որ Արհեստական բանականության հեղափոխությունը մեկնարկել է 2012 թվականին, երբ Տորոնտոյի համալսարանի հետազոտողները ստեղծեցին AlexNet նեյրոնային ցանցը, որը լուծեց պատկերի դասակարգման խնդիրը: «Հիսուն տարի մենք չէինք կարողանում մշակել ալգորիթմ, որպեսզի համակարգիչը շանը կատվից տարբերեր: AlexNet-ը դա փոխեց»,- ասում է նա: Այս առաջընթացը նշանավորեց ծրագրային ապահովման մշակման նոր մոտեցում. ձեռքով կոդավորելու փոխարեն մարդիկ սկսեցին համակարգիչներին տրամադրել տվյալներ, որպեսզի վերջիններս իրենք կարողանային ալգորիթմներ ստեղծել:

2017–2018 թվականներին տրանսֆորմերների գյուտը սկիզբ դրեց գեներատիվ արհեստական բանականության դարաշրջանին: «Մենք վերցրեցինք ամբողջ համացանցը, աշխատեցրինք այն գերհամակարգչի միջոցով և լեզուն ընդհանուր մակարդակով ըմբռնող մոդել ստացանք»,- պարզաբանում է Լիբարիտյանը: GPT-ի նման մոդելները դարձան համապարփակ գործիքներ, որոնք ի վիճակի էին լայն շրջանակի առաջադրանքներ կատարել: ChatGPT-ի թողարկումը 2022 թվականին ցույց տվեց այդ տեխնոլոգիաների հզորությունը՝ պարզ ինտերֆեյսի միջոցով արհեստական ​​բանականությունը հասանելի դարձնելով։

Ֆիզիկական արհեստական ​​բանականություն. տեխնոլոգիաների նոր դարաշրջան

Լիբարիտյանը հատուկ ընդգծեց ֆիզիկական արհեստական ​​բանականությունն իբրև զարգացման հաջորդ փուլ: «Մենք վերցնում ենք թվային աշխարհում ապրող ինտելեկտուալ գործակալներին և նրանց տալիս ենք մարմիններ, որպեսզի նրանք կարողանան գործել ֆիզիկական աշխարհում»,- ընդգծում է նա: Դա ներառում է ինքնագնաց մեքենաներ, գործարանների և պահեստների համար ռոբոտներ և համակարգեր, որոնք կարող են ընկալել աշխարհը տեսախցիկների միջոցով և որոշումներ ընդունել։

Նա նշեց, որ ֆիզիկական արհեստական ​​բանականության շուկան ներառում է ֆիզիկական աշխարհին առնչովող 100 տրիլիոն դոլար գնահատվող ոլորտներ, ի տարբերություն 5 տրիլիոն դոլար արժեցող տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի: Պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք համակարգչային տեխնոլոգիաները կիրառել որպես իրական ուժեղացուցիչ և արագացուցիչ այս «ֆիզիկական» ոլորտների համար, այլ ոչ թե միայն մեկերի և զրոների աշխարհում: «Եթե մենք կարողանանք արհեստական ​​բանականությունը կիրառել ֆիզիկական աշխարհում, այն կդառնա արագացուցիչ բոլոր ոլորտների համար»,- ասում ՝ Լիբարիտյանը: Նման տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավտոմատացնել այն առաջադրանքները, որոնք նախկինում կարող էին կատարել միայն մարդիկ։

Գերհամակարգիչներն իբրև արհեստական ​​բանականության հիմք

Արհեստական ​​բանականության ստեղծման համար անհրաժեշտ են գերհամակարգիչներ, որոնք Լիբարիտյանը համեմատում է արդյունաբերական ենթակառուցվածքների հետ: «Գերհամակարգիչը սոսկ մեծ համակարգիչ չէ. դա գործարանի պես գործող մեկ ամբողջական համակարգ է»,- պարզաբանում է նա: Իր չիպերով հայտնի NVIDIA-ն ստեղծում է ամբողջական համակարգեր, որոնք համատեղում են հազարավոր բաղադրիչներ՝ վիթխարի քանակությամբ տվյալներ մշակելու համար: 2019 թվականին աշխարհի քսան ամենահզոր գերհամակարգիչներից երեքը պատկանում էին NVIDIA-ին, ինչն ընդգծում է նրանց առաջատարությունն այս ոլորտում։

Լիբարիտյանը շեշտեց, որ գերհամակարգիչները համակարգչային գիտության հիմնարար գործիք են, նման ֆիզիկոսների համար գծային արագացուցիչներին: «Առանց դրանց անհնար է առաջատար դիրքերում զարգացնել արհեստական ​​բանականությունը»,- նշում է նա: Այդ համակարգերը տվյալները և էներգիան «տոկեններ»՝ թվային գիտելիքներ են մշակում, որոնք դառնում են արհեստական ​​բանականության նոր մոդելների հիմքը։

Արհեստական ​​բանականության գործարանները. նոր արդյունաբերական հեղափոխություն

Լիբարիտյանը ընթացիկ արհեստական ​​բանականության հեղափոխությունը համեմատեց էլեկտրաէներգիայի ի հայտ գալու հետ: «Մենք ստեղծում ենք գործարաններ, որոնք վերցնում են էներգիա ու տվյալներ և ինտելեկտ են արտադրում»,- ասում է նա: Այդ արհեստական ​​բանականության գործարանները տեղեկությունները փոխակերպում են բարձրարժեք և ցանկացած ոլորտում կիրառելի գիտելիքների: Նա նշեց, որ նման գործարանները զգալի ռեսուրսներ են պահանջում՝ հողատարածք, էլեկտրաէներգիա, մասնագիտացված հարմարություններ և անխափան ինտերնետ կապ:

Ըստ Լիբարիտյանի, արհեստական ​​բանականության գործարանները տարբերվում են ավանդական տվյալների կենտրոններից, որոնք պարզապես տվյալներ են պահպանում և փոխանցում: «Արհեստական ​​բանականության գործարանները նման են գործարանների, որոնք հումքից և էներգիայից հավելյալ բարձրարժեք ապրանքներ են արտադրում», - պարզաբանում է նա: Դա նոր տնտեսական հնարավորություններ է ընձեռելով՝ թույլ տալով մետաղից և պլաստիկից պատրաստված մեքենաների հետ համեմատելի արժեք ստեղծել:

Արհեստական ​​բանականության ապագան և դրա ազդեցությունը

Լիբարիտյանն արհեստական ​​բանականության ապագան տեսնում է իբրև անկախ գործակալներ գործող ինքնավար համակարգերի ստեղծման մեջ: «Մենք անցնում ենք մարդկանց օգտագործած գործիքներից դեպի ինքնուրուն որոշումներ ընդունող համակարգեր»,- ասում է նա: Այդ համակարգերն արդեն սկսում են գործել թվային աշխարհում՝ կատարելով մի շարք առաջադրանքներ, մասնավորապես՝ հաճախորդների սպասարկումը կամ ժամանակացույցի կազմումը, իսկ շուտով կտարածվեն ֆիզիկական աշխարհում:

Նա ընդգծեց նաև, որ արհեստական ​​բանականությունը կարող է ինքնուրույն տնտեսական արժեք ստեղծել՝ «արհեստական ​​աշխատողների» դեր ստանձնելով։ Դա հատկապես կարևոր է սահմանափակ բնակչություն ունեցող երկրների համար, քանի որ արհեստական ​​բանականությունն ի վիճակի է բարձրացնել արտադրողականությունը՝ առանց մարդկային աշխատանքին ապավինելու։

 

 

 



© NEWS.am Medicine