Գիտնականները եզակի երևույթ են բացահայտել․ հայտնաբերվել է աստղ, որը հսկայական սև խոռոչի հետ հանդիպումից հետո «ողջ է մնացել»

14:25    16 հունվարի, 2023

Ֆիզիկոսների միջազգային թիմն առաջին անգամ ուսումնասիրել է եզակի երևույթ՝ մակընթացային մասնակի ոչնչացում, երբ հսկայական սև խոռոչն իր ձգողականության պատճառով իրեն շատ մոտեցած աստղին քաշում է դեպի իրեն, ինչի հետևանքով աստղը մասերի է բաժանվում (ոչ մասնակիի դեպքում սև խոռոչն ամբողջությամբ կլանում է աստղը)։ Այս դեպքում փաստացի աստղն, այսպես ասած, «ողջ է մնացել»։ Բացի դրանից, որն ամենաարժեքավորն է, գիտնականներն ստեղծել է նման երևույթների ուսումնասիրման մոդել։

Ինչպես տեղեկացնում է Sciencedaily.com-ը, AT2018fyk անունն ստացած մակընթացային իրադարձության դիտարկման մասին հոդվածը Եվրոպական հարավային աստղադիտարանի, Սիրակուզի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Կավլի անվան աստղաֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները հրապարակել են The Astrophysical Journal Letters ամսագրում:

Ըստ ուսումնասիրության՝ սկզբում ամեն ինչ ընթացել է սովորականի պես։ Ռենտգենյան տիրույթում արձանագրվել է պայծառության աճ, որը աստիճանաբար նվազել է և կտրուկ ավարտվել 600 օր հետո (նյութը պոկվել է աստղից և այն կուտակվել է սև խոռոչի վրա): Սակայն 1200 օր անց աստղի պայծառությունը կրկին կտրուկ աճել է, ինչը վկայում է այն մասին, որ երևույթը կրկնվում է։

Առ այսօր գիտնականները չեն գրանցել տիեզերքում մակընթացային ոչնչացման կրկնվող իրադարձություն և դեռ պետք է պարզեն, թե ինչպես կամ արդյո՞ք կարող է սև խոռոչի շուրջ աստղի պտտվելու գործընթացը կրկնվել։

Ուսումնասիրության հեղինակ, Եվրոպական հարավային աստղադիտարանի անդամ Թոմաս Վիվերսն ասել է, որ մակընթացային մասնակի ոչնչացման իրադարձությունն ուսումնասիրելու հնարավորություն ունենալն աննախադեպ պատկերացում է տալիս գերզանգվածային սև խոռոչների գոյության և գալակտիկաների կենտրոններում աստղերի ուղեծրային դինամիկայի մասին:

TidalDisruptionEvent.jpg (221 KB) 

Վիվերսը նաև նշել է, թե մինչ այժմ ենթադրվում էր, որ նման իրադարձության հետևանքները ճակատագրական էին լինում աստղի համար, քանի որ այն ամբողջությամբ կործանվում էր։ «Սակայն, ի տարբերություն մակընթացային ոչնչացման բոլոր մյուս իրադարձությունների, որոնց մասին մենք գիտենք, երբ մենք մի քանի տարի անց նորից ուղղեցինք մեր աստղադիտակները դեպի իրադարձության նույն վայր, մենք պարզեցինք, որ այն կրկին պայծառացել է: Դա մեզ ստիպեց մտածել, որ իրադարձությունն աստղի համար մահացու չի եղել, դրա մի մասը վերապրել է սկզբնական հանդիպումը և վերադարձել նույն վայր»,– ասել է նա՝ հավելելով, որ հենց նույն վայրում աստղը հերթական մակընթացային ոչնչացման իրադարձության ժամանակ կզրկվի իր նյութի ևս որոշ մասից, ինչը և բացատրում է պայծառության աճի փուլը։

Սիրակուզի համալսարանի ֆիզիկոս Էրիկ Քաֆլինը բացատրել է, որ իրենց գնահատականներով՝ աստղի զանգվածի 1-10%-ը կորսվում է ամեն անգամ, երբ այն անցնում է սև խոռոչի միջով։ «Եթե զանգվածի կորուստը միայն 1% մակարդակի վրա է, ապա մենք ակնկալում ենք, որ աստղը կգոյատևի ավելի շատ նման հանդիպումների դեպքում, մինչդեռ եթե այն մոտ է 10%-ին, ապա աստղը կարող է արդեն ոչնչացված լինել»,- ասել է նա։

Ստացված տվյալները գիտնականներին հնարավորություն են տվել ստեղծել և սիմուլյատորի վրա փորձարկել մակընթացային ոչնչացման իրադարձության կրկնվող մոդելը: Աստղաֆիզիկայի համար դա նշանակում է գերզանգված ունեցող սև խոռոչների մի շարք ֆիզիկական բնութագրերի ճշգրտում, ինչպես նաև դրանց էվոլյուցիայի սցենարներ: Այժմ գիտնականները մտադիր են վերստուգել նախկինում արձանագրված մակընթացային ոչնչացման իրադարձությունների վերաբերյալ բոլոր փաստերը, որպեսզի հասկանան, թե որքան տարածված է այս երևույթը:



© NEWS.am Medicine