16:49 8 օգոստոսի, 2025Այսօր գիտությունը մեծ առաջընթաց է գրանցել. այն, ինչ մի քանի տասնամյակ առաջ թվում էր գիտաֆանտաստիկա, դառնում է առօրյա իրականություն: Գիտնականներն արդեն կարողանում են խմբագրել գեներ, այդ թվում՝ մարդու, վերակենդանացնել անհետացած կենդանատեսակներ, իսկ ապագայում, հնարավոր է, նույնիսկ ստեղծել կյանքի նոր ձևեր: Ե՞րբ կդառնա հնարավոր մարդու կլոնավորումը: Կարո՞ղ է ԴՆԹ-ի խմբագրումը մարդկությանը ազատել ժառանգական հիվանդություններից: Որտե՞ղ է անցնում սահմանը գիտական առաջընթացի և էթիկական սահմանափակումների միջև: Այս և այլ հարցերի մասին «Բա իմացա՞ր» ծրագրի եթերում պատմել է կենսաբան, գիտության հանրայնացնող Ալեքսանդր Պանչինը:
Գիտության եւ տեխնոլոգիաների մասին հարցազրույցների շարքի գործընկերն է Team Telecom Armenia-ն:
Արդյո՞ք ժամանակակից գենային տեխնոլոգիաները կարելի է համարել «Աստված խաղալու» փորձ, թե՞ դրանք ընդամենը բնության կողմից մարդուն տրամադրված գործիքների օգտագործում են: Այս հարցը բազմիցս դարձել է փիլիսոփայական և էթիկական վեճերի առարկա: Ալեքսանդր Պանչինն առաջարկում է հեգնական, բայց միևնույն ժամանակ խորիմաստ պատասխան:
Նրա խոսքով՝ «Աստված խաղալ» արտահայտությունն ի սկզբանե ստեղծվել է մեղադրական երանգով. գիտնականներն իբրև թե անում են ինչ-որ վտանգավոր բան և կարող են դրա համար պատժվել: Սակայն Պանչինը խոսում է այդ մասին հումորով. «Ես սովորաբար կատակում եմ, որ մենք գերազանցել ենք Աստծուն»: Նա բացատրում է, որ այսօր գիտությունը թույլ է տալիս ստեղծել այն, ինչ բնության մեջ երբեք գոյություն չի ունեցել:
Խոսքը ոչ միայն ԴՆԹ-ի դասական խմբագրության մասին է, այլև հիմնարար փոփոխությունների: Օրինակ, եթե Երկրի վրա բոլոր կենդանի էակների (մարդու, բակտերիաների և այլն) ԴՆԹ-ն բաղկացած է չորս նուկլեոտիդներից՝ A, T, G, C, ապա գիտնականներին հաջողվել է ստեղծել ութ տառով ԴՆԹ, որը ոչ միայն գործում է, այլև ֆունկցիոնալ է: Բնության մեջ նման բան չի հանդիպում, բայց լաբորատորիայում դա արդեն հնարավոր է:
Մեկ այլ օրինակ է նոր տեսակների ստեղծումը: Պանչինը հիշեցնում է, որ սելեկցիան վաղուց զբաղվում է նոր օրգանիզմների բուծմամբ: Սակայն վերջերս գիտությունը անցել է որակապես նոր մակարդակի: Նա օրինակ է բերում այսպես կոչված «լյուտովոլկերի» դեպքը. սրանք բառացիորեն անհետացած հին կենդանիներ չեն, այլ մոխրագույն գայլեր, որոնց մեջ ներդրվել է գենային մոդիֆիկացիաների մի ամբողջ շարք՝ նրանց դարձնելով նման անհետացած նախնիներին: Դա հնարավոր է դարձել մի քանի գեների միաժամանակյա խմբագրության շնորհիվ:
Նման փորձերի էությունը, Պանչինի խոսքով, ոչ այնքան անհետացած տեսակի բառացի «վերակենդանացումն» է, որքան հզոր տեխնոլոգիաների կատարելագործումն ու ցուցադրումը: Իսկ դա, իր հերթին, խթանում է դրանց հետագա զարգացումը՝ ներառյալ բժշկական խնդիրների լուծման, ծանր հիվանդությունների դեմ պայքարի և, հնարավոր է, նույնիսկ մարդու վերափոխման համար:
Մեկնաբանելով ութ տառով ԴՆԹ-ի հնարավոր առավելությունները՝ Ալեքսանդր Պանչինը բացատրում է, որ բնության մեջ սպիտակուցները ձևավորվում են սահմանափակ՝ 20 ստանդարտ ամինաթթուներից: Թեև երբեմն գործընթացում ներգրավվում են նաև հազվադեպ, մոդիֆիկացված ամինաթթուներ, ընդհանուր բազմազանությունը մնում է բավականին համեստ: Այս սահմանափակումը դրված է կյանքի «օպերացիոն համակարգի» մեջ, պայմանականորեն ասած՝ այն կենսաբանական կոդում, որը փոխանցվում է ավանդական չորս տառով ԴՆԹ-ով:
Ութ տառով գենետիկ կոդի ստեղծումը կարելի է դիտարկել որպես անցում բոլորովին նոր օպերացիոն հարթակի: Պանչինը բացատրում է. սա թույլ կտար կոդավորել շատ ավելի շատ ամինաթթուներ՝ զգալիորեն մեծացնելով սպիտակուցների բազմազանությունը, որոնք կարող են սինթեզել կենդանի օրգանիզմները: Ընդ որում, բջիջների բազային ֆունկցիոնալությունը պահպանվում է, իսկ փոփոխությունները կարող են ավելացվել որպես «հավելում» գոյություն ունեցող գեներին:
«Պատկերացրեք, — ասում է նա, — որ Դուք խոհարարական գիրք ունեք, և հանկարծ մուտք եք ստանում բոլորովին նոր համեմունքների, որոնք նախկինում չեն օգտագործվել ավանդական խոհանոցում: Հենց դա է թույլ տալիս անել ութ տառով ԴՆԹ-ն՝ ընդլայնել կյանքի բաղադրատոմսը»:
Մյուս հնարավոր կիրառությունների թվում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների անվտանգության վերահսկումը: Պանչինը բերում է հիպոթետիկ օրինակ. կարելի է ստեղծել այնպիսի գեն, որը կայուն կաշխատի միայն լաբորատոր պայմաններում, որտեղ օրգանիզմին հասանելի են հազվագյուտ արհեստական նուկլեոտիդներ: Լաբորատորիայից դուրս, որտեղ այդ «տառերը» բացակայում են, նման գենը պարզապես կքայքայվի կամ կդառնա ոչ ակտիվ: Պանչինի խոսքով՝ սա դեռ էկզոտիկ սցենար է, բայց որոշ կիրառական մշակումներում այն կարող է չափազանց օգտակար լինել:
Պանչինը նշում է, որ ութ տառով ԴՆԹ տեխնոլոգիայի ապագան էկզոտիկ օրգանիզմների հայտնվելն է, որոնց միջոցով մարդիկ կսովորեն արտադրել յուրահատուկ սպիտակուցներ՝ այդ թվում բժշկական հատկություններով:
«Սպիտակուցները ընդհանրապես անհավանական բազմազան մոլեկուլների դաս են: Սարդի ցանցը սպիտակուց է: Կոլագենը նույնպես սպիտակուց է: Կան ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Իսկ հիմա պատկերացրեք. մենք կարող ենք ընդլայնել այդ զինանոցը՝ օգտագործելով համակարգչային մոդելավորում՝ կանխատեսելով սպիտակուցների հատկությունները՝ ելնելով նրանց ամինաթթուներից», — նշում է նա:
Որպես օրինակ Պանչինը պատմել է հրաշք սպիտակուցի՝ միրակուլինի մասին:
«Դուք այն ուտում եք, և թթուն ընկալվում է որպես քաղցր: Կիտրոնը հանկարծ դառնում է քաղցր, քանի որ սպիտակուցն ազդում է ընկալիչների վրա: Կան նաև սպիտակուցներ, որոնք հազարապատիկ ավելի քաղցր են, քան շաքարն է, բայց առանց կալորիաների: Ցանկանու՞մ եք քաղցր բան: Ուտեք սպիտակուցային շաքարի փոխարինիչ (օրինակ՝ բրազեին), և Ձեր օրգանիզմը կստանա քաղցրություն՝ առանց վնասելու կազմվածքին: Սպիտակուցը հեշտությամբ յուրացվում է և անվտանգ է», — հայտարարել է նա: