Արեգակի կյանքի 133 օրը մեկ ժամում․ NASA-ն հետաքրքիր տեսանյութ է ցուցադրել

21:28    11 հունվարի, 2023

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (NASA) Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնը նոր տեսանյութ է հրապարակել, որում մեկ ժամում ցուցադրվում է Արեգակի կյանքի 133 օրը:

Հսկայական պլազմային օղակներ, որոնք գալարվում են աստղի մագնիսական դաշտի գծերի երկայնքով, փայլատակումներ, որոնք ուղեկցվում են պլազմայի արտանետմամբ. այս ամենը շարունակաբար տեղի է ունենում Արեգակի վրա, և այդ երևույթները կարող ենք դիտել Արեգակնային դինամիկայի աստղադիտարանի (SDO) տեսախցիկով ծայրահեղ ուլտրամանուշակագույն տիրույթում 108 վայրկյան ինտերվալով արված պատկերների շնորհիվ: Գրեթե մեկ ժամ տևողությամբ տեսանյութում հավաքվել են այսպիսի տասնյակ հազարավոր պատկերներ։

Արեգակն իր առանցքի շուրջ ամբողջական պտույտ է կատարում 27 օրում, և այս տեսանյութում կարող եք տեսնել մի քանի ամբողջական պտույտ։

SDO-ն տիեզերք է արձակվել 2010 թ.։ Աստղադիտարանը գտնվում է գեոստացիոնար ուղեծրում Երկրի մակերևույթից 22,000 կմ բարձրության վրա և ֆիքսում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Արեգակի մակերևույթի վրա, ինչպես նաև ուսումնասիրում է Արեգակի ներսի հատվածը, մագնիսական դաշտը և արեգակնային պսակի տաք պլազման:

SDO-ն ամեն օր Արեգակի մոտ 70,000 պատկեր է նկարում, իսկ հավաքած տվյալների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1,5 ՏԲ:

SDO-ի հիմնական առաքելությունն ավարտվել է 2015 թ․։ Այնուամենայնիվ, NASA-ն, գնահատելով Արեգակի ուսումնասիրության համար աստղադիտարանի օգտակարությունը, երկարացրել է դրա ծառայության ժամկետը մինչև 2030 թ․։



© NEWS.am Medicine