12:33 5 հուլիսի, 2025Հյուրանոցային բիզնեսի աշխարհում, որտեղ մրցակցությունն այսօր դառնում է առավել խիստ, իսկ ճանապարհորդները՝ ավելի պահանջկոտ, Hyatt-ի անունը մնում է բարձրակարգի, վստահության և փորձի խորհրդանիշ: NEWS.am Tech-ին տված հարցազրույցում Hyatt բրենդի ներկայացուցիչ Տակույա Աոյաման խոսել է Հայաստանում Hyatt-ի ապագայի, տուրիստական շուկայի վիճակի, հյուրընկալության ոլորտում թվային վերափոխումների և դևելոփերների համար գլխավոր կանոնի՝ ջերմ սիրտ, բայց սառը գլուխ, մասին:
Հայաստանում գործում էին երկու Hyatt Place հյուրանոցներ՝ Երևանում և Ջերմուկում: Ներկայումս դրանք այլևս չեն գործում Hyatt բրենդի ներքո՝ տարբեր պատճառներով: Սակայն դա չի նշանակում, որ բրենդը չի հավատում հայկական շուկային: Ընդհակառակը, բրենդի ներկայացուցչի կարծիքով, Երևանում ներկայությունն անհրաժեշտ է: Իսկ մայրաքաղաք վերադառնալուց հետո հնարավոր կլինի մտածել մարզերում զարգացման մասին, նշել է ներկայացուցիչը:
Ներկայումս Երևանում, թերևս, կա միայն մեկ հյուրանոց, որը կարելի է իսկապես լյուքս համարել՝ Alexander-ը: Դեռևս դժվար է խոսել շուկայի հստակ տեղաշարժի մասին՝ դեպի մատչելիություն կամ շքեղություն: Սակայն, հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացումը և նրան շրջապատող արտաքին միջավայրը, աճի ներուժ կա, կարծում է Աոյաման: Իհարկե, կան ասպեկտներ, որոնք պահանջում են կատարելագործում, բայց երկարաժամկետ հեռանկարում շուկան կզարգանա, ավելացրել է նա:
Ցանկացած հյուրանոցային ցանց՝ Hyatt, Marriott, Hilton, հետևում է հյուրերին: Իսկ հյուրերն այնտեղ են գնում, որտեղ հետաքրքիր է: «Հայաստանը, իմ կարծիքով, մնում է թերագնահատված ուղղություն: Եվ նրա՝ որպես տուրիստական երկրի առաջմղման համար բավարար միջոցներ չեն ներդրվում: Թեև, իհարկե, փողը ամենը չէ: Տուրիզմը մեծապես կախված է իմիջից, հեղինակությունից և բարի կամքից», — նշել է մասնագետը: Աոյամայի խոսքով, Հայաստանն ունի ամեն ինչ՝ այդ իմիջը ձևավորելու համար. 6000-ամյա գինեգործության պատմություն, Եվրոպայի ամենահին քրիստոնեական ազգի կարգավիճակ և շախմատի գերտերություն: Գումարած՝ 7 միլիոն մարդ սփյուռքում, որոնք պոտենցիալ ինֆլյուենսերներ են: Եթե երկիրը սկսի հետևողականորեն կառուցել սեփական պատմություն, պահանջարկ կհայտնվի: Իսկ որտեղ պահանջարկ է առաջանում, այնտեղ գալիս են նաև Hyatt-ի նման բրենդներ:
Թվային տեխնոլոգիաներն արդեն վաղուց դարձել են հյուրանոցային բիզնեսի բազային ենթակառուցվածքի մաս. դրանք ոչ միայն օպտիմալացնում են սպասարկումը, այլև ազատում են աշխատակիցների ժամանակը, որպեսզի նրանք ավելի շատ ուշադրություն դարձնեն հյուրերին: «Մեզ մոտ ամեն ինչ՝ ժամանումից մինչև հեռանալը, թվայնացված է: Բայց կարևոր է հասկանալ. եթե դա չի բարելավում հյուրի տպավորությունը, ապա դա անիմաստ է: Այն ամենը, ինչ մենք ներդնում ենք, մենք ներդնում ենք մեր մոտ կանգ առած մարդու համար: Եվ եթե նա գոհ է, մենք վստահ ենք, որ նա պատրաստ կլինի վերադառնալ: Եվ, գուցե, նույնիսկ ավելի շատ վճարել», — ասել է Աոյաման NEWS.am Tech-ի հետ զրույցում:
«Իմ գլխավոր խորհուրդը նրանց, ովքեր մտածում են համաշխարհային բրենդների հետ համագործակցության մասին, սրտանց սիրել հյուրանոցային բիզնեսը, քանի որ այն պահանջում է հսկայական ջանքեր և լուրջ ներդրումներ: Բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն: Կիրքը չպետք է կառավարի ներդրումները: Շատերն այցելում են շքեղ հյուրանոցներ, վերադառնում տուն և ասում. «Ես ուզում եմ նման հյուրանոց, նման բար»: Բայց պետք է կարողանալ զսպել իրեն: Դա շատ կարևոր է», — նշել է մասնագետը:
Աոյամայի խոսքով, Hyatt-ը ցանկանում է վերադառնալ Հայաստան: Իդեալական կլինի Երևանում բացել երկու լիարժեք բարձրակարգ հյուրանոց: «Իսկ հետո՝ կտեսնենք: Բոլորին հայտնի է, որ Համաշխարհային բանկը աջակցում է երկրում ենթակառուցվածքների զարգացմանը: Եվ քանի որ տուրիզմը զարգանում է մայրաքաղաքից դուրս, ես կցանկանայի լինել նաև այնտեղ՝ լինի դա գինեգործական տարածաշրջան, Սևան, կամ, գուցե, նույնիսկ կրկին Ջերմուկ»:
Ըստ ներկայացուցչի, բրենդը գտնվելու վայր ընտրելիս հաշվի է առնում բազմաթիվ գործոններ՝ տնտեսության զարգացումը, նման արժեքներով գործընկերներ գտնելու հնարավորությունը և ոգեշնչումը՝ թե որքանով է երկիրը ոգեշնչող: «Նայեք Ուզբեկստանին կամ Ալբանիային. դեռ վերջերս դրանք ոչ ոք չէր դիտարկում որպես տուրիստական ուղղություններ, իսկ այժմ այնտեղ ակտիվ աճ է: Հայաստանը հերթում է, եթե ճիշտ խաղա»: Աոյաման նաև հիշեցրել է, որ Hyatt-ը Չիկագոյից ամերիկյան ընկերություն է, բայց նրա գործադիր տնօրենը հայկական ծագում ունի, ուստի ընկերությունն առանձնահատուկ վերաբերմունք ունի այս երկրի նկատմամբ: