Coinbase կրիպտոբորսան $100 մլն կվճարի փողերի լվացման դեմ պայքարի ԱՄՆ օրենքները խախտելու համար

12:14    9 հունվարի, 2023

Coinbase կրիպտոբորսան ստիպված կլինի 100 միլիոն դոլար վճարել փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ օրենքները խախտելու համար։ Այս գումարից 50 մլն դոլարը տուգանք է, իսկ մյուս կեսն ուղղվելու է օրենքի պահանջների համապատասխանության ներքին վերահսկողության ուժեղացմանը։

Նյու Յորքի Ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի տվյալների համաձայն՝ կրիպտոբորսայի կողմից թույլ տրված խախտումներն այն խոցելի են դարձրել հանցագործների և խաբեբաների համար, որոնք կարող են կրիպտոբորսայի միջոցով փողեր լվանալ և տարածել երեխաների սեռական բռնության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված նյութեր:

Նյու Յորքի Ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի հայտարարությունում ասվում է, որ.

Ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի հետաքննությունը բացահայտել է բազմաթիվ դեպքեր, երբ կասկածելի գործողությունների մասին տեղեկանալուց միայն ամիսներ հետո է Coinbase-ը հաղորդել դրանց մասին։

2022 թ․ հուլիսին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը ևս հետաքննություն սկսեց Coinbase Global-ի դեմ։ Հանձնաժողովը կասկածում էր, որ կրիպտոբորսան ԱՄՆ քաղաքացիներին թույլ է տալիս առևտուր անել թվային ակտիվներով, որոնք գրանցված չեն որպես արժեթղթեր, ինչը հակասում է ԱՄՆ օրենսդրությանը:

FTX կրիպտոբորսայի սնանկացումից հետո կրիպտոարժույթների շուկան հայտնվել է ամբողջ աշխարհի կարգավորիչ մարմինների ուշադրության կենտրոնում, և շատ փորձագետներ ակնկալում են, որ առաջիկա տարիներին, գոնե զարգացած երկրներում, ավելի խիստ կանոնակարգեր կներդրվեն այս ոլորտում։ 



© NEWS.am Medicine