Հյուրընկալության ոլորտի ներդրողներն ու գործարարները՝ մեկ հարթակում»․ տեղի ունեցավ HIF Yerevan 2025 ներդրումային ֆորումը

19:25    18 հունիսի, 2025

Հունիսի 18-ին Երևանում տեղի ունեցավ HIF Yerevan 2025 ներդրումային ֆորումը, որին մասնակցեցին 14 երկրներից հարյուրավոր գործարարներ` քննարկելով ներդրումային մի շարք նախագծեր: Ինչպես նաև Հայաստանից ու տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր բանախոսների մասնակցությամբ պանելային քննարկումների ընթացքում մտքեր փոխանակվեցին հյուրընկալության էկոհամակարգի զարգացման, շուկայի միտումների, ռիսկերի կառավարման, կայուն հյուրընկալության զարգացման, ուղղությունների բրենդավորման, տարածաշրջանային զբոսաշրջության և կլաստերների թեմաներով:

HIF Yerevan 2025-ը երկխոսությունների միջոցով ներդրումների խթանման, ռազմավարական գործընկերությունների ձևավորման և կայուն զարգացմանը նպաստելու, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա Հայաստանը, որպես մրցունակ ուղղություն, դիրքավորելու նպատակ ունի։

«Հայաստանը զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում կանգնած է նոր հնարավորությունների շեմին։ Մենք նպատակ ունենք ոչ միայն զարգացնել ենթակառուցվածքները, այլև խթանել ներդրումները և աշխուժացնել տեղական տնտեսությունները։ TRIP և LEIDP ծրագրերն արդեն այս ուղղությամբ ձևավորում են կայուն հիմք։ Մենք հրավիրում ենք մասնավոր հատվածին՝ դառնալու այս գործընթացի լիարժեք մասնակիցներ, ներդրելով մի ոլորտում, որն ունի հսկայական աճի ներուժ», - ներդրումային ֆորումի բացման ելույթում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Կայուն զբոսաշրջությունը կարող է առաջ մղել Հայաստանի փոխակերպումը դեպի կանաչ զարգացում և դա պահանջում է կոնկրետ քայլեր․ մինչև 2026 թվականը միանգամյա օգտագործման պլաստիկի փուլային վերացում, ջրի և թափոնների խիստ կառավարման ներդրում և սննդի մատակարարման շղթաների ավելի կայուն դարձնելը։ Ընդունելով ավելի կայուն գործելաոճ մատակարարման շղթաներում՝ պատասխանատու մատակարարումից մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում և աջակցություն տեղական արտադրողներին, ոլորտում կարող է ամրապնդվել երկարաժամկետ աճը, միաժամանակ պաշտպանելով բնությունը», - նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

HIF Yerevan 2025_1.JPG (181 KB)

«Մենք կենտրոնացած ենք Հայաստանում շուկայի ձևավորման, ներդրումների ներգրավման և բարձրակարգ նախագծերի իրականացման վրա։ Նպատակ ունենք միավորել ոլորտի շահառուներին՝ խորհրդատուներից մինչև խոշոր շինարարական ընկերություններ, միջազգային օպերատորներ։ Մենք հավատում ենք, որ այս համագործակցությունը կստեղծի ուժեղ սիներգիա՝ նպաստելով երկրի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Stone Development ընկերության գործադիր տնօրեն, HIF Yerevan 2025 ներդրումային ֆորումի հիմնադիր Ակիմ Պողոսյանը: 

Ներդրումային ֆորումը կազմակերպել է Stone Development ընկերությունը: Մասնակցել են գործարարներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից և այլ երկրներից՝ ներկայացնելով Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham միջազգային հյուրանոցային ցանցեր և այլ ընկերություններ:

HIF Yerevan-ն անցկացվեց երկրորդ անգամ, իսկ 2024թ. ֆորումի արդյունքում կնքվել են ներդրումային համագործակցության 2 պայմանագրեր: Դրանցից մեկով աշխարհահռչակ Accor խումբը և հայկական «Տեխնոտուն» ընկերությունը կհամագործակցեն՝ Հայաստանում ներկայացնելով Pullman պրեմիում ապրանքանիշը: Մյուսով Radisson Hotel Group-ը հայտարարեց Radisson Hotel & Spa Gyumri-ն բացելու և հետագայում Radisson Tsaghkadzor-ի մասին:

Ներդրումային ֆորումի գլխավոր գործընկերներն են.

Ներդրումային ֆորումի ռազմավարական գործընկերներն են Aimbridge-ը, AIM Foundation-ը, Green Rock-ը, IDeA Foundation-ը, Pullman Residences Yerevan-ը, Stellar Hotels-ը և Team Systems-ը։



© NEWS.am Medicine