12:24 30 ապրիլի, 2025Տեխնոլոգիաները սրընթաց կերպով ներթափանցում են մեր կյանքի բոլոր բնագավառները, և ֆինանսներն այդ առումով առաջատարներից մեկն են: Այսօր նույնիսկ ավանդական ֆինանսական համակարգերում են արմատական փոփոխություններ ընթանում, որոնք հայացքն ուղղում են դեպի առավելագույն թվայնացում: Փողը, որպես ֆինանսների հիմք, ևս վերափոխվում է՝ դառնալով ոչ միայն փոխանակման միջոց, այլև մարդու կողմից կառավարվող տեխնոլոգիական գործիք:
NEWS.am Tech-ը զրուցել է Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի հետ՝ փորձելով պարզել՝ ինչպես է փողն էվոլյուցիայի ենթարկվում, ինչ են ծրագրավորվող ակտիվներն ու ինչ է մեզ սպասվում ապագայում:
Փողի էվոլյուցիան. ակունքներից մինչև մեր ժամանակներ
Ֆինանսական աշխարհը տեղում չի դոփում, և Վախթանգ Աբրահամյանը, ունենալով ինչպես ավանդական ֆինանսների (նախկինում աշխատել է Հայաստանի Կենտրոնական բանկում), այնպես էլ առաջատար տեխնոլոգիաների հետ աշխատանքի փորձ, այդ վերափոխումը ներսից է տեսնում։ Ապրիլի 3-ին Երևանում անցկացված Doing Digital 2025 ֆորումում նա մասնակցել է փողի էվոլյուցիային նվիրված «Ապրանքափոխանակումից մինչև կրիպտոարժույթներ» պանելային քննարկմանը։
Անդրադառնալով այդ քննարկմանը՝ NEWS.am Tech-ի հետ զրույցում Աբրահամյանը նշել է, որ փողն իսկապես զարգանում է մարդկությանը զուգընթաց. մարդկությունը մեծ ճանապարհ է կտրել-անցել՝ պարզունակ փոխանակման ձևերից մինչև այսօր մեզ հայտնի փողը։ Սակայն այժմ մենք նոր փուլի ականատես ենք դառնում. փողը դադարում է լինել պարզապես անփոփոխ գործիք և վերածվում է մարդկանց կողմից կառավարվող հարաճուն տեխնոլոգիայի։
«Տեխնոլոգիաներն այսօր ներթափանցում են բոլոր ոլորտներ, և ֆինանսներն այդ գործընթացի առաջատարներից են։ Նույնիսկ ավանդական բանկերն ու վճարային համակարգերը ստիպված են հարմարվել թվային դարաշրջանին»,-նշում է մասնագետը։
Ըստ նրա, եթե փողի ապագան համառոտ նկարագրես, ապա դա ծրագրավորվող փողն է՝ ակտիվներ, որոնք կարելի է «կարգավորել»՝ կոնկրետ գործառույթներ ու վարքագիծ ստանալու համար։
Ի՞նչ է ծրագրավորվող փողը
Ծրագրավորվող փողը ֆինանսների մասին մեր պատկերացումը հիմնովին փոխող հայեցակարգ է։
«Պատկերացրեք, որ անչափահասը հեռախոսում թվային դրամապանակ ունի։ Սովորական փողով նա կարող էր ցանկացած բան գնել, ներառյալ ոգելից խմիչք կամ ծխախոտ։ Սակայն ծրագրավորվող փողի դեպքում նման գնումներն անհնար կլինեն՝ այդ փողը պարզապես չի կարողանա կատարել գործարքը, եթե այն նախապես սահմանված կանոններին չի համապատասխանում»,- պարզաբանում է մասնագետը։
Մեկ այլ օրինակ էլ հարկումն է։ Օրինակ, յուրաքանչյուր գործարք կարող է ավտոմատ կերպով հարկային բաղադրիչ ներառել, և հարկերը կվճարվեն անմիջապես փոխանցման պահին։ Դա բիզնեսին ազատում է բարդ հաշվետվություններ կազմելու անհրաժեշտությունից. թափանցիկությունն ու հաշվետու լինելը ներդրվում են անմիջապես գործընթացի մեջ՝ բլոկչեյնի նման տեխնոլոգիաների շնորհիվ։
«Մտահղացումն այն է, որ փողը ոչ միայն սոսկ վճարման միջոց, այլև նախապես տրված տրամաբանությամբ աշխատող գործիք է դառնում»:
Ծրագրավորվող փողի կիրառությունը տարբեր ոլորտներում
Ծրագրավորվող փողի հնարավորություններն ահռելի են։ Ինչպես նշել է Վախթանգ Աբրահամյանը, վաղ թե ուշ դրանք կիրառություն կգտնեն. պետական ֆինանսներում, մասնավոր հարաբերություններում, ապահովագրության բնագավառում, դրամական փոխանցումներում և շատ այլ ոլորտներում։ Բլոկչեյն տեխնոլոգիաները՝ իրենց թափանցիկությամբ և տվյալների անփոփոխելիությամբ, այս գործընթացի հիմքը կդառնան՝ փողի օգտագործման նոր հորիզոններ բացելով։
Օրինակ՝ պետական ֆինանսներում ծրագրավորվող փողը կարող է բարձրացնել սոցիալական վճարումների արդյունավետությունը։
«Պատկերացրեք, որ պետությունը շաքարախտից տառապող մարդուն նպաստ է տրամադրում ինսուլին գնելու համար։ Այժմ նա կարող է այդ գումարը ծախսել ցանկացած բանի վրա, նույնիսկ ծխախոտի, և դա վերահսկելն անհնար է։ Մինչդեռ ծրագրավորվող փողի դեպքում կարելի է պայման սահմանել. այդ դրամական միջոցներն «աշխատում» են միայն ինսուլինի գնման համար։ Եթե գնումը նշված ժամկետում չի կատարվում, գումարն ինքնաբերաբար վերադառնում է բյուջե։ Դա համակարգն ավելի թափանցիկ և նպատակային է դարձնում», - նշում է Աբրահամյանը։
Արդյո՞ք կրիպտոարժույթները փողի էվոլյուցիայի վերջնակետն են
Կրիպտոարժույթները հաճախ փողի զարգացման գագաթնակետ են ընկալվում, սակայն Վախթանգ Աբրահամյանը համոզված է, որ ամենևին էլ այդպես չէ։ Թեև ապագան կանխատեսելը դժվար է, մասնագետի կարծիքով կրիպտոարժույթներն ակտիվների ձևերից սոսկ մեկն են, ոչ թե՝ վերջնակետը։ Ավելին, նա համոզված է, որ մոտ ապագայում կրիպտոարժույթները կարող են փոխարինվել բոլորովին այլ, առավել կատարյալ տեխնոլոգիաներով։
«Բլոկչեյնների հիմքում ընկած ժամանակակից կրիպտոգրաֆիան խոցելի է քվանտային համակարգիչների համար։ Նման համակարգիչները ի վիճակի կլինեն ոչ միայն կոտրելու այն, այլև ծածկագրման նոր, առավել կատարյալ համակարգ ստեղծելու։ Դա կրիպտոարժույթներն անցումային տեխնոլոգիա է դարձնում։ Մեր սերունդը, ամենայն հավանականությամբ, այս ոլորտում ևս մի քանի արմատական փոփոխությունների ականատեսը կլինի»,- նշում է Աբրահամյանը։
Աբրահամյանը, միաժամանակ, համոզված է, որ կրիպտոարժույթներն ավանդական դրամը դուրս չեն մղի, այլ կգոյակցեն դրա հետ, ինչպես այսօր էլեկտրոնային և կանխիկ դրամն են գոյակցում։
«Սրանք ոչ թե իրար բացառող, այլ՝ միմյանց լրացնող համակարգեր են։ Եթե շաբաթ երեկոյան պիտի Հնդկաստանում գտնվող ընկերոջս արագ գումար փոխանցեմ, ավանդական ֆինանսական համակարգն՝ իր SWIFT-փոխանցումներով և բանկային ձգձգումներով, զիջում է կրիպտոարժույթներին։ Ընդսմին շատ այլ դեպքերում կանխիկ դրամը կամ բանկային քարտերը կարող են ավելի հարմար լինել։ Ապագան պատկանում է ավանդական և ապակենտրոնացված ֆինանսների ինտեգրմանը՝ ի շահ հաճախորդի»,- նշում է մասնագետը։