13:28 25 ապրիլի, 2025Այսօր կրիպտոարժույթներն արդեն վաղուց դուրս են եկել էնտուզիաստների հոբբիի կամ ներդրողների համար սպեկուլյատիվ ակտիվների շրջանակներից: Դրանք դարձել են ֆինանսական համակարգի ապագայի մասին գլոբալ երկխոսության մաս: Այնուամենայնիվ, չնայած աճող ժողովրդականությանը, թվային ակտիվների մասին հանրային ընկալումը դեռևս մնում է երկիմաստ:
NEWS.am Tech-ը զրուցել է կրիպտոարժույթների և թվային ակտիվների ոլորտում համաշխարհային մակարդակի փորձագետ Հենրի Արսլանյանի հետ՝ հարցերին վերջնական պատասխաններ ստանալու համար: Ի՞նչ է իրենից ներկայացնում բիթքոինը: Կփոխարինի՞ արդյոք այն սովորական փողերին, և ո՞ւմ կարելի է վստահել մի աշխարհում, որտեղ բանկերի փոխարեն բլոկչեյն է, իսկ օրենքի փոխարեն՝ կոդ:
Երբ խոսքը վերաբերում է բիթքոինին և այլ կրիպտոարժույթներին, Հենրի Արսլանյանն անմիջապես պարզաբանում է. «Կարևոր է հասկանալ, որ սրանք թվային ակտիվների տարբեր տեսակներ են»: Նրա խոսքով՝ բիթքոինն ամենամոտ է ոսկուն, միայն թվային ձևով: Նրա քանակը սահմանափակ է՝ ընդամենը 21 միլիոն, և այն բաժանվում է մինչև ութ նիշ ստորակետից հետո:
«Դուք կարող եք ունենալ ամբողջական բիթքոին կամ դրա մի մասը՝ մինչև ամենափոքր մասնիկները: Դա նման է ոսկու ձուլակտորին և ոսկե մատանուն», — բացատրում է Արսլանյանը:
Նա ընդգծում է, որ ոչ բոլոր կրիպտոարժույթներն են նույնը: Կան այնպիսիք, որոնց գինը մեծապես տատանվում է, և կան սթեյբլքոիններ, որոնք կապված են ֆիատ փողերին, օրինակ՝ դոլարին: Սթեյբլքոիններն ավելի մոտ են սովորական փողերին, պարզապես աշխատում են բլոկչեյնով: Սակայն հիմնական հարցը մնում է՝ կվերանա՞ն ավանդական փողերը:
«Ես այդպես չեմ կարծում: Ավելի շուտ, մենք կտեսնենք համակեցություն. ավանդական ֆինանսական համակարգը կգործի բիթքոինի և ոսկու հետ զուգահեռ», — վստահ է փորձագետը:
Այսօր արդեն կարելի է նկատել, թե ինչպես են մարդիկ իրենց խնայողությունները բաշխում ակտիվների տարբեր ձևերի միջև: Բիթքոինն այս համակարգում թշնամի չէ, այլ այլընտրանք, և, Արսլանյանի խոսքով, հենց սա է նրա ուժը:
Հենրի Արսլանյանը կարծում է, որ վստահության հարցը կարևոր է փողի ցանկացած ձևի քննարկման ժամանակ: Եթե նախկինում վստահությունը եղել է մարդկանց, ինստիտուտների, կառավարությունների նկատմամբ, ապա այսօր այդ ամենը փոխարինում է տեխնոլոգիան: «Բիթքոինի և այլ թվային ակտիվների գեղեցկությունն այն է, որ Ձեզ հարկավոր չէ վստահել կառավարությանը կամ կենտրոնական բանկին: Պետք է միայն հավատալ մաթեմատիկային և կոդին», — ասում է նա:
Նա բացատրում է, որ 1971 թվականից, ոսկու ստանդարտից հրաժարվելուց հետո, ամբողջ աշխարհն անցել է ֆիատ փողերին, որոնք ապահովված են միայն կենտրոնական բանկերի նկատմամբ վստահությամբ: Ի տարբերություն դրանց, բիթքոինը ենթարկվում է խիստ կանոնների. «Կթողարկվի ճիշտ 21 միլիոն բիթքոին, և վերջ: Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ստեղծվում է նոր բիթքոինների ֆիքսված քանակ՝ և այդպես կշարունակվի մինչև 2140 թվականը»:
Արսլանյանն ընդգծում է, որ բլոկչեյնում ամեն ինչ թափանցիկ է. «Երբ ես Ձեզ բիթքոին եմ ուղարկում, գործարքը գրանցվում է բլոկչեյնում, և բոլորը կարող են տեսնել այն: Ոչ ոքի պետք չէ վստահել՝ ո՛չ բանկերին, ո՛չ միջնորդներին»: Նա ընդունում է, որ այն հարցը, թե ինչն է ավելի մեծ վստահություն ներշնչում՝ մարդի՞կ, թե՞ ալգորիթմները, վիճելի է: Բայց նա վստահ է, որ հատկապես 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո շատերը, հատկապես երիտասարդները, ընտրում են երկրորդը:
«Ինձ համար, օրինակ, ավելի հարմար է բիթքոին պահել, քան ոսկի: Այն ավելի հեշտ է պահել, փոխանցել, պահպանման ծախսեր չկան: Եվ այն կարելի է օգտագործել ամենուր», — կիսվում է նա անձնական փորձով:
Ի պատասխան կրիպտոարժույթների նկատմամբ վստահության հնարավոր կորստի մասին հարցին՝ Արսլանյանն անմիջապես ընդգծում է. «Կրիպտոարժույթների աշխարհում վերջին սկանդալները կապված չեն բիթքոինի կամ թվային ակտիվների հետ»: Նրա խոսքով՝ ամբողջ խնդիրը մարդկանց և այս ոլորտում աշխատող ընկերությունների մեջ է: Սնանկությունները, արտահոսքերը, խարդախությունները՝ այս ամենը կոնկրետ խաղացողների գործողությունների արդյունք է, ոչ թե համակարգի ձախողում:
«Երբ, օրինակ, սնանկացավ խոշոր FTX պլատֆորմը, բիթքոինի ցանցը շարունակեց աշխատել այնպես, կարծես ոչինչ չէր եղել», — նշում է նա:
Արսլանյանը վստահ է. պետք է տարանջատել տեխնոլոգիան դրա իրականացումից: Եթե ընկերությունը վատ է կառավարվում, դա բլոկչեյնի մեղքը չէ: Ինչպես ավանդական ֆինանսական համակարգում կարելի է չվստահել բանկերին կամ քաղաքական գործիչներին, այստեղ շատերն ընտրում են հավատը կոդին և խելացի պայմանագրերին:
Արսլանյանը խնդրին նայում է ավելի լայն և տեսնում է պատմական օրինաչափություն: Նրա խոսքով՝ գերիշխող արժույթները միշտ փոխարինել են միմյանց: «Եղել է հոլանդական ֆլորին, ֆրանսիական ֆրանկ, բրիտանական ֆունտ, իսկ վերջին հարյուր տարին՝ ԱՄՆ դոլար: Բայց եթե պատմությունն ինչ-որ բան սովորեցնում է մեզ, դոլարի դարաշրջանն էլ է մոտենում ավարտին», — կարծում է Արսլանյանը:
Նրա խոսքով՝ ինչը կգա փոխարինման՝ եվրո՞ն, ոսկի՞ն, թե՞ բիթքոինը, ժամանակը ցույց կտա, բայց փոփոխությունների փաստն անխուսափելի է: Եվ այս նոր իրականության մեջ բիթքոինն արդեն իր տեղն է զբաղեցրել: «Թվային տնտեսությունում, աշխարհում, որը դառնում է ավելի ու ավելի ապակենտրոնացված, բիթքոինը թույլ է տալիս արժեք փոխանցել առանց միջնորդների: Իսկ միջնորդների խնդիրը մեզ հետապնդել է դարերով», — ամփոփում է նա: