Գիտության կենտրոնացումը մեկ կառույցում ռիսկային է և կարող է ռազմավարական խնդիրներ առաջացնել. Աշոտ Սաղյան

18:38    23 ապրիլի, 2025

Գիտության իրավակարգավիճակային կենտրոնացումը մեկ կառույցում ռիսկային է և կարող է ռազմավարական խնդիրներ առաջացնել տվյալ պետության համար։ Դրանով պայմանավորված Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշումը հիմնված է բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների մասնակի միավորման և ակադեմիայի համակարգում գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարության վրա՝ հաջորդիվ կիրառելով կրթության և գիտության ինտեգրման միջազգայնորեն ընդունված մեխանիզմները։ Այս մասին այսօր, ապրիլի 23–ին,  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի իր հաշվետու ելույթի ժամանակ հայտարարեց ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակում ԳԱԱ կարգավիճակին և գործառույթներին։

«Կրթության և գիտության ինտեգրման ուղղությամբ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշումը հիմնված է գիտական գործունեության կազմակերպման ձևերի դիվերսիֆիկացման, ապակենտրոնացման վրա՝  հիմք ընդունելով միջազգային փորձը։ Գիտության  իրավակարգավիճակային կենտրոնացումը մեկ կառույցում ռիսկային է և կարող է ռազմավարական խնդիրներ առաջացնել տվյալ պետության համար։ Դրանով պայմանավորված Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշումը հիմնված է բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների մասնակի միավորման և ակադեմիայի համակարգում գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարության վրա՝ հաջորդիվ կիրառելով կրթության և գիտության ինտեգրման միջազգայնորեն ընդունված մեխանիզմները», – նշեց նա։

Նա հիշեցրեց, որ Ակադեմիայի տարբերակը, որը հավանության  է արժանացել  ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում՝ 2024թ․ հունվարին, ներկայացվել է տարբեր ատյաններում՝ հանրապետության բարձրաստիճան ղեկավարությանը, Ազգային ժողովում, տարբեր գերատեսչություններում, տարբեր լրատվական ու վերլուծական հարթակներում, սակայն այդպես էլ հանրային քննարկման չի դրվել։ 2024թ․ սեպտեմբերին շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որի հիմքում դրված է կառավարության դիրքորոշումը, համաձայն որի Գիտությունների ազգային ակադեմիան դիտարկվում է առանց գիտական կազմակերպությունների։

ԳԱԱ նախագահը նշեց, որ քննարկումներ են անցկացվել լիազոր մարմնի հետ նոր օրենքի 9–րդ հոդվածի շուրջ։ Հստակեցվել են Գիտությունների ազգային ակադեմիայի գործառույթներն ու կարգավիճակային դրույթները, եղել են կառուցողական քննարկումներ Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի հետ։

Համաձայն նոր օրենքի տրամաբանության՝ Գիտությունների ազգային ակադեմիային են վերապահվում հանրապետության բարձրագույն փորձագիտական կառույցի լիազորությունները՝ գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ու գիտական գործունեությունը մշտադիտարկելու, գնահատելու  առաքելությամբ։ Մասնավորապես, նրա խոսքով,  ակադեմիային է վերապահվում՝

Բացի վերը թվարկածից, գիտությունների ազգային ակադեմիային են վերապահված նաև հայագիտական հետազոտությունների խրախուսման, գիտական ամսագրերի հրապարակման, գիտական մշակույթի ու գիտության հանրայնացման, գիտաչափական ու գիտագրադարանային ծառայությունների մատուցման, միջգիտակարգային երկխոսության ապահովման գործառույթները։

Աշոտ Սաղյանը ներկայացրեց, որ ըստ օրինագծի՝ ԳԱԱ-ն ՀՀ հիմնադրած, ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ է լինելու, որն իր կազմում միավորելու է ակադեմիայի անդամներին՝ ակադեմիկոսներին ու թղթակից/ասոցացված անդամներին, ակադեմիայի գիտական բաժանմունքները, ակադեմիայի աշխատակազմը, ակադեմիայի պատվավոր ու արտասահմանյան անդամներին, ՀՀ պատվավոր առաջատար և գլխավոր գիտաշխատողներին։ «Նշեմ, որ մեր ներկայացրած տարբերակում ակադեմիայի կազմում ներառված են նաև հիմնարկներ, սակայն այս մասով լիազոր մարմնի հետ համաձայնության չենք եկել», – ասել է նա։

Ակադեմիայի ղեկավար մարմինն է Ակադեմիայի ընդհանուր ժողովը, որը ներառում է ակադեմիայի անդամներին, ինչպես նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների ներկայացուցիչներին։

Ակադեմիայի նախագահությունը՝ ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը կազմված է լինելու 11 անգամից։ Ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարելու է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Նախագահության անդամներից երկուսին առաջադրելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն։ Նախագահության մյուս անդամներին ընտրելու են ակադեմիայի կազմից ընդհանուր ժողովի կողմից հինգ տարի ժամկետով։ Ինչպես նախագահության կազմը, այնպես էլ ակադեմիայի նախագահին հաստատելու է կառավարությունը, նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել ակադեմիայի նախագահ կամ նախագահության անդամ։ Ակադեմիայի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի լիազորությունները կդադարեցվեն նրա 75 տարին լրանալու պարագայում։

«Գիտեք, որ ակադեմիայի անդամների ընտրության հարցը  ամենացավոտներից է. շուրջ 10 տարի է (օրենքի խախտումով), ակադեմիայի անդամների ընտրություններ չեն անցկացվել, արդյունքում մոտ երկու անգամ կրճատվել է ակադեմիայի անդամների թիվը», – հիշեցրեց ԳԱԱ նախագահը։

Նա հավելեց, որ օրինագծով սահմանվում է ակադեմիայի անդամների առավելագույն թիվ՝ 100, դա ամրագրված կլինի օրենքով և հետագայում ակադեմիայի ղեկավարությունը պարբերաբար կկազմակերպի ընտրություններ ազատված քվոտաների հաշվին առանց կառավարության թույլտվության։ Ակադեմիայի անդամների ընտրությունները կիրականացվեն գիտաչափական տվյալների հիման վրա՝ հաստատված ակադեմիայի, բարձրագույն կրթության և գիտության լիազոր մարմնի կողմից։ Արդյունքում միայն այն անձինք իրավունք կստանան մասնակցել ակադեմիայի ընտրություններին, ովքեր կբավարարեն այդ ցուցանիշներին, կհաղթահարեն «այդ կարմիր գիծը»։ Նախատեսվում է օրինագիծն ընդունելուց ու ակադեմիայի կանոնադրությունը հաստատելուց հետո անմիջապես անցկացնել  ակադեմիայի անդամների ընտրություններ, որից հետո նոր անցնել ակադեմիայի կառուցվածքային փոփոխություններին ու ղեկավար կազմի ընտրություններին։

«Վերջում ուզում եմ նշել, որ սա իմ չորրորդ հաշվետու ելույթն է, հաշվետվությունն է, և նախորդ երեք հաշվետու ելույթները ավարտել եմ հետևյալ բառերով՝ հուսով ենք, որ այս տարի օրենսդրական փոփոխություններ կլինեն և կմեկնարկի ակադեմիայի բարեփոխումների ծրագիրը։ Սակայն այդպես էլ դա տեղի չի ունեցել։ Այս անգամ որոշել ենք ձեռնպահ մնալ նման հայտարարությունից», – եզրափակեց իր ելույթը Աշոտ Սաղյանը։  

 



© NEWS.am Medicine