Օգտագործե՞լ, թե՞ պահպանել. Ռեսուրսների երկընտրանքը փոփոխությունների դարաշրջանում

20:25    11 ապրիլի, 2025

Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ համաշխարհային տնտեսությունն անցնում է նոր դարաշրջան, երբ որոշ մետաղներ դառնում են ավելի պահանջված, իսկ մյուսները կորցնում են իրենց արդիականությունը: Կարևոր հարց է դառնում այսօր ռեսուրսների օգտագործման և դրանք ապագա սերունդների համար պահպանելու միջև հավասարակշռությունը: Այլընտրանքային էներգետիկայի արագ զարգացումը և էլեկտրամոբիլների նկատմամբ պահանջարկի աճը մետալուրգիական արդյունաբերությունից պահանջում են ճկունություն և փոփոխություններին պատրաստակամություն: Ոլորտի առջև ծառացած հիմնական հարցերից մեկը երկընտրանքն է՝ շարունակե՞լ օգտագործել առկա ռեսուրսները մինչև վերջ, քանի դեռ դրանք պահանջված են, թե՞ պահպանել դրանք ապագա սերունդների համար: Այս և այլ հարցերի մասին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իր ելույթում անդրադարձավ Lydian Armenia ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Այկ Ալոյանը:

Գիտության հետ երկխոսությունը՝ ոլորտի կայուն զարգացման բանալին

Ալոյանի գնահատմամբ՝ արագորեն փոփոխվող տեխնոլոգիական օրակարգի պայմաններում կարևոր և անհրաժեշտ է ապահովել արդյունաբերության և գիտական համայնքի միջև ամուր կապը:

«Ի՞նչ կարող է մեզ տալ ԵՊՀ-ն: Խոսքը ոչ միայն երկրաբանության ֆակուլտետի, այլև ընդհանուր առմամբ համալսարանի մասին է: Ես խոսում եմ գիտնականների, տարբեր ոլորտների հետազոտողների հետ երկխոսության անհրաժեշտության մասին: Այդ երկխոսությունը թույլ կտա արտադրողներին մեկ քայլ առաջ լինել, շարժվել տեխնիկական առաջընթացի հետ համընթաց»,- նշեց Ալոյանը:

Նրա խոսքով՝ եթե որոշակի մետաղների նկատմամբ պահանջարկ է առաջանում, ոլորտի ներկայացուցիչները պետք է խոսակցություն վարեն ֆիզիկոսների, տեխնոլոգների, ինժեներների հետ՝ հասկանալու, թե տեխնոլոգիաների զարգացումը որ ուղղությամբ կարող է տանել:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում արտադրվող հիմնական մետաղներն են պղինձը, մոլիբդենը, ոսկին և արծաթը: Բայց կան նաև այսպես կոչված կրիտիկական մետաղներ, ինչպիսիք են լիթիումը և կոբալտը, որոնք այսօր հատկապես պահանջված են:

«Կարևոր է ուշադրություն դարձնել որոշումների ժամանակին լինելուն: Կբերեմ օրինակ: 2023 թվականին մենք սկսեցինք քննարկել լիթիումը՝ նրա երկրաբանական հետախուզման և Հայաստանում հնարավոր շահագործման տեսանկյունից: Մենք ուսումնասիրեցինք ֆոնդային նյութերը, գնահատեցինք ներուժը: Բայց եթե ավելի լայն նայենք իրավիճակին, կտեսնենք, որ այդ պահը մենք, այնուամենայնիվ, բաց ենք թողել»,- ասաց նա:

Ալոյանը հիշեցրեց, որ 2015 թվականին, երբ սկսվեց էլեկտրամոբիլների զանգվածային արտադրությունը, լիթիումի տոննան արժեր մոտ 6,5 հազար դոլար: 2022 թվականին գինը բարձրացավ մինչև 55 հազար դոլար: Այդ ժամանակ ամբողջ աշխարհը սկսեց ակտիվորեն փնտրել լիթիումի հանքավայրեր: Սակայն շուտով լիթիումային մարտկոցների փոխարեն սկսեցին գալ նատրիումային մարտկոցներ՝ պակաս արդյունավետ, բայց ավելի էժան և մատչելի:

«Երբ մենք սկսեցինք խոսել լիթիումի մասին, նրա գինն արդեն իջել էր մինչև 9 հազար դոլար մեկ տոննայի համար: Այսինքն՝ մենք սկսեցինք խոսել այդ մասին այն ժամանակ, երբ և՛ գինը, և՛ պահանջարկը զգալիորեն նվազել էին»,- նշեց Ալոյանը:

Նրա խոսքով՝ գիտական համայնքի հետ մշտական երկխոսության առկայությունը արդյունաբերությանը թույլ կտար ավելի մոտ լինել նորարարական լուծումներին, ժամանակին արձագանքել փոփոխություններին և ավելի արդյունավետ կառուցել ռազմավարություն:

Կարևոր է գործել հիմա՝ վաղը կարող է ուշ լինել

Հնարավոր է, որ ապագա տեխնոլոգիաները փոխեն պահանջարկը, և այն, ինչ այսօր արժեքավոր է, կարող է կորցնել իր նշանակությունը: Այս համատեքստում, Ալոյանի կարծիքով, ավելի է մեծանում բնական ռեսուրսները ապագա սերունդների համար պահպանելու անհրաժեշտության ավելի խորը վերլուծության արդիականությունը:

«Հայաստանում շատերն այսօր ասում են, որ արդյունահանման ծավալները չպետք է ավելացնել՝ պնդելով, որ ռեսուրսները պետք է թողնել հաջորդ սերունդներին: Բայց հարցն այն է՝ արդյո՞ք այդ ռեսուրսներն ընդհանրապես պետք կլինեն նրանց: Այսօր կա պահանջարկ, այսօր մենք կարող ենք օգուտ քաղել դրանից»,- նշեց նա:

Ալոյանը հիշեցրեց, որ Հայաստանը հարուստ է պղնձով, մոլիբդենով, ոսկով և արծաթով: Պղինձը, մասնավորապես, կարևոր դեր է խաղում տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և մեքենաշինության մեջ: Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 20 տարիներին պղնձի և մոլիբդենի գները կաճեն, ինչը հնարավորությունների պատուհան է բացում երկրի համար:

«Կարևոր է, որ Հայաստանը ճիշտ կողմնորոշվի և արդեն հիմա սկսի ավելացնել արդյունահանման ծավալները, ինչպես նաև բարձրացնել գործող հանքերի արտադրողականությունը»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ չի կարելի բացառել տեխնոլոգիական առաջընթացները, որոնք կարող են հանգեցնել սովորական մետաղների նկատմամբ պահանջարկի նվազմանը: Օրինակ բերելով՝ Ալոյանը նշեց պլատինի դեպքը:

«Երբ հայտնվեցին դիզելային մեքենաները, պլատինը դարձավ պահանջված՝ այն օգտագործվում էր կատալիզատորներում: 2000-2005 թվականներին նրա գինը կտրուկ աճեց և սկսեց համապատասխանել ոսկու գնին: Սակայն էլեկտրամոբիլների գալով պլատինի նկատմամբ պահանջարկը կտրուկ ընկավ, և այժմ այն երեք անգամ ավելի էժան է, քան ոսկին»:

Հենց այդ պատճառով, նրա կարծիքով, համալսարանների՝ առաջին հերթին ԵՊՀ-ի հետ համագործակցությունը պետք է դիտարկվի ոչ պարզապես որպես կրթական կառույցի հետ փոխգործակցություն, այլ որպես լիարժեք գիտական երկխոսություն, որն ընդունակ է արդյունաբերությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովել:



© NEWS.am Medicine